Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ «ՏԱՆԻՔԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Հոկտեմբեր 16,2002 00:00

ՆՐԱՆՑ «ՏԱՆԻՔԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է «Հայաստանի առաջադիմական երիտասարդական միություն» կուսակցություն: Ծնվել է երկու-երեք տարի առաջ, կուսակցության կետեր ունի Երեւանում եւ Հայաստանի «նշանավոր քաղաքներում»՝ առնվազն 700 ակտիվիստներով: Գործունեության վառ օրինակներից են մայիսմեկյան շքերթը, ֆոտոմոդելների զանազան մրցույթները, մանկական երկաթուղի տանող թունելի վերանորոգումը: Երբեք չի լսել ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանի, առավելեւս նրա «Հաղթանակ» կուսակցության անունը: Քաղաքական գործչի իդեալը՝ «անանուն, վերացական մի երեւույթ, որ կլինի այն կերպարը, որը կարժանանա համապատասխան հավանությանը ժողովրդի կողմից: Սրանից անմիջապես հետո ասենք, որ գալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռ. Քոչարյանի թեկնածությունը՝ ՀՌԱԿ-ից հետո, գալիք ՏԻՄ ընտրություններում, բնականաբար, չի պաշտպանելու Արարատ Զուրաբյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը հնարավոր չի համարում, ընդդիմադիր դաշտում արժանի թեկնածու չի տեսնում: Այսուամենայնիվ, քաղաքական դիրքորոշումը կենտրոնամետ է: Մեզ համար պարզ է, թե ում կուսակցությունը կարող է լինել սա, սակայն կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն իրենց հնարավոր «տանիքի» գոյությունը համեստորեն հերքեց՝ «մեր տանիքը Հայաստանի Հանրապետությունն է, մեր տանիքը մեր աշխատանքն է» սպառիչ պատասխանով: Սակայն համեստությունը չբավարարեց, որ, ասենք, ձեռնպահ մնար որեւէ ընտրության որեւէ թեկնածուի մասին սուբյեկտիվ կարծիք հայտնելուց: Օրինակ, չասեր, որ իրենք հավանություն չեն տալիս Արարատ Զուրաբյանի թեկնածությանը, որովհետեւ իրենք կոչերն ուղղում են այն թեկնածուի ուղղությամբ, «ով առավել համապատասխան կլինի, ով ապացույցներ ունի իր քայլերի ու գործողությունների առումով…8230Եթե պարզ պատասխան եք ուզում, գործող թաղապետին մենք հավանություն չենք տվել մինչեւ առայժմ»: Կարելի է ենթադրել, որ Չոռնի Գագոն ազգի համար ավելին է արել կամ իր քայլերի ու գործողությունների առումով ավելի շատ ապացույց ունի, քան Կենտրոնի ներկայիս կրկնակի ընտրված թաղապետը: Կուսակցությունն իր մտահոգությունը հայտնեց նաեւ այն առնչությամբ, որ այսօր մենք չունենք երիտասարդության հետ զբաղվող պետական մարմիններ. «Ոչ մի թաղապետարան չունի երիտասարդության բաժին: Մեր աշխատանքները գնում են դեպի այն, որ կառավարության որոշմամբ ստեղծվի Երեւանում երիտասարդական խորհուրդ իբրեւ պետական կամ պետականացված մարմին՝ թեկուզ խորհրդատվական մարմնի կարգավիճակով, որը կտեղակայի համայնքներում իր երիտասարդական բաժինները…»: Իսկ ընդհանրապես առաջադեմ երիտասարդների՝ լրագրողների հետ հանդիպման նպատակն էր կոչ անել երիտասարդությանը՝ հոկտեմբերի 20-ի ՏԻՄ ընտրություններում պարտաճանաչ լինել, չմոռանալ իրենց քաղաքացիական պարտավորվածության մասին, «առավել նրբանկատ ու ջոգող լինել» թեկնածուների ընտրության հարցում: Այսպես խոսեց կուսակցության նախագահ Տ. Ուրիխանյանը՝ ողջ հանդիպման ընթացքում ձեռքը սեղանին խփելով ու երիտասարդ տեսքին անհամապատասխան դաստիարակչական շեշտադրումներով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել