Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի

Հոկտեմբեր 16,2002 00:00

ՀՅԴ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի Սյունիքի մարզի Կապան քաղաքում «տեղացած» նախընտրական կրակոցների արդյունքում, ՀՅԴ-ականները եւ ՀՀԿ-ականները այժմ հարաբերությունների ճշտման փուլում են։ Եթե դաշնակցականները մինչ այժմ ընտրություններին իրենց մասնակցությամբ փորձում էին խանգարել Կապանի գործող քաղաքապետին՝ նրանից ձայներ փախցնելով եւ, ըստ էության, սատարելով հանրապետականների թեկնածուին, ապա այժմ՝ կրակոցների հետեւանքով, լուրջ խնդիրներ են առաջացել դաշնակցականների եւ հանրապետականների միջեւ։ «Առավոտի» տեղեկություններով, խնդիրն առավելապես առնչվում է Սյունիքի մարզպետ Էդուարդ Բարսեղյանի (մականունը՝ Լոնդիկ) անձի հետ։ Բանն այն է, որ ՀՅԴ-ն աչք ունի մարզպետի աթոռի վրա, ուստի այժմ ամեն ինչ անում են «խփելու» մարզպետի պաշտպանած թեկնածուին։ Իսկ մարզպետը, բնականաբար, սատարում է «վարչապետի մարդուն»՝ հանրապետականների թեկնածուին։ Այս նույն մարտավարությամբ դաշնակցականները նաեւ Սիսիան քաղաքում են պայքարում։ Այստեղ, սակայն, դաշնակցականները եւ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), իրենց կամքից անկախ, հայտնվել են բարիկադի նույն կողմում եւ պայքարում են ընդդեմ Սիսիանի գործող քաղաքապետի, փաստորեն՝ նաեւ մարզպետ Էդ. Բարսեղյանի, որը սատարում է գործող քաղաքապետին։ Սուրեն Խաչատրյանը եւս հավակնում է մարզպետի պաշտոնին։ Սակայն այս փուլում դաշնակցականների հետ համատեղ պաշտպանելով Սիսիանի փոստի տնօրեն Աղասիի թեկնածությունը, երկու կողմերի գլխավոր խնդիրը նախ մարզպետին հաղթելն է։ Հետո միայն կողմերը կամ կպայմանավորվեն խաղի հետագա կանոնների մասին, կամ միմյանց դեմ պայքարելու ռազմավարություն կմշակեն։ Դատելով որոշ տեղեկություններից, սակայն, Սիսիանի գործող քաղաքապետի դիրքերը բավականին ուժեղ են։ ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ վերջինս հակառակորդի նկատմամբ մոտ 5 հազար ձայնի առավելություն է ունեցել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել