Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՏՎԵՑԻՆ 16-Ի ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Հոկտեմբեր 16,2002 00:00

ՃՇՏՎԵՑԻՆ 16-Ի ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ Երեկ 16-ի միավորման քաղխորհրդի արտահերթ նիստում հիմնականում քննարկվել են միավորման ծրագրային հիմնադրույթները, որոնք ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբը՝ առաջարկությունները հաշվի առնելուց հետո բերել է վերջնական տեսքի: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց միավորման լրատվության համակարգող Ռուզան Խաչատրյանը: Ըստ նրա՝ միավորման հիմնադրույթներն այժմ 23-ն են՝ նախնական 18-ի փոխարեն եւ կրում են «Միավորման հիմնախնդիրներ» անվանումը: Մեր հարցին ի պատասխան, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել այդ հիմնախնդիրները, տիկին Խաչատրյանը բերեց մի քանի օրինակներ: Նախ՝ հենց երեկվա քննարկման ժամանակ դրույթ է ավելացվել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների սերտացման վերաբերյալ: Կամ ծրագրային այն հիմնադրույթը, որ նախկինում հետեւյալ տեսքն ուներ՝ «ազգային, պետական շահերին հակասող ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման արդյունքների վերանայում», այժմ ենթարկվել է խմբագրական փոփոխության եւ ձեւակերպված է այսպես. «Ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման արդյունքների վերանայում, եթե դրանք հակասում են ազգային եւ պետական շահերին»: Ըստ հրապարակված տեղեկատվության՝ արտահերթ նիստում պիտի քննարկվեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմության մասնակցության հարցը: Սակայն Ռուզան Խաչատրյանը մեզ հայտնեց, որ նման հարց չի եղել օրակարգում, քանի որ նախորդ նիստերում արդեն եղել էին քննարկումներ եւ պայմանավորվել գործել հետեւյալ սկզբունքով. այն ընտրատարածքներում, որտեղ տվյալ կուսակցությունը չունի սեփական թեկնածու, գերադասելի է, որ պաշտպանեն ընդդիմադիր թեկնածուներին: Քննարկվել է նաեւ (տեղեկատվության փոխանակման կարգով) ընդհանուր հուշագիր ստորագրելու վերաբերյալ Դաշնակցության նախաձեռնությունը, որի հետ արդեն հանդիպել են 16-ի անդամ կուսակցություններից շատերը: Միավորման մոտեցումն է, որ այդ հուշագրում անպայման պիտի շեշտվի, թե ընտրախախտումների, որպես կանոն, դիմում են իշխանությունների ներկայացուցիչները: ՀԺԿ-ն կարեւորում է, որ փաստաթղթում գնահատական լինի նաեւ 1998-ի նախագահական ընտրություններին: Ըստ Ռուզան Խաչատրյանի՝ զուտ ժամանակի սղության պատճառով չի քննարկվել առաջիկա եռօրյայում ընդդիմության գործողությունների ծրագիրը: Եվ հավանաբար այդ հարցը կքննարկվի արդեն 16-ի միավորման քաղխորհրդի հերթական նիստում: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել