«Հարցերի շրջանակը խիստ արդիական է» Հայ-ռուսական միջխորհրդարանական կապեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջխորհրդարանական կապերը, ըստ Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Գագիկ Ասլանյանի՝ վերջին երկու տարում բավականին ակտիվացել են. «Արդեն երրորդ համատեղ նիստն ենք անցկացնում, որտեղ քննարկվում են մեր երկու երկրների համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցեր»։ Օրերս ընթացող հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվում է մասնավորապես երկու երկրների մարզերի միջեւ միջտնտեսական կապերի զարգացումը։ Գ. Ասլանյանի ներկայացմամբ՝ տեսական հարցադրումներից անցում է կատարվում կոնկրետ խնդիրների, եւ կողմերը պատրաստ են տնտեսական համագործակցության։ Հանձնաժողովի հաջորդ՝ Մոսկվայում կայանալիք, նիստն արդեն կանդրադառնա երկու երկրների օրենսդրական խնդիրներին, որոնց կոնկրետացումը նպատակ ունի հեշտացնել երկկողմանի տնտեսական կապերը։ Նիստին Ռուսաստանի կողմից համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հրավերով մասնակցում էին Ռուսաստանի մարզերի ներկայացուցիչներ, որոնք հանդիպեցին Հայաստանի գործարարների հետ եւ ուղիղ կապով քննարկեցին իրենց համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Նիկոլայ Ռիժկովը մամուլի ասուլիսի ժամանակ իր հերթին նշեց՝ որքան ինքն է հիշում, սա առաջին դեպքն է, երբ այսքան մեծ թվով ռուս խորհրդարանականներ են ժամանել Հայաստան եւ մասնակցել են տնտեսական հարցերի քննարկումներին. «Սա խոսում է այն մասին, որ քննարկվող հարցերի շրջանակը խիստ արդիական է, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ զարգացող դինամիկ հարաբերությունները, ամեն դեպքում, համապատասխան մթնոլորտ են ձեւավորում եւ գնալով ավելի ու ավելի գործարար մարդիկ, խորհրդարանականներ են ուշադրություն դարձնում Հայաստանին»։ Ն. Ռիժկովին ուրախացնում է, որ «մեր հարաբերություններում չկա լճացում, ընդհակառակը՝ հարաբերությունները զարգանում են։ Իհարկե, կան մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ տրանսպորտային եւ այլն, սակայն համագործակցությունը զարգանում է, եւ մենք պայմանավորվել ենք աշխատել այդ խնդիրների վրա։ Մենք բավարարված ենք նաեւ մեր եւ Հայաստանի խորհրդարանի փոխհարաբերություններով, մենք միմյանց հասկանում ենք կես խոսքից, մենք հասկանում ենք, որ ընդհանուր գործ ենք կատարում»։ Ն. Ռիժկովն իր հերթին եւս կարեւորեց Ռուսաստանում Հայկական սփյուռքի մեծաթիվ լինելը՝ ասելով, որ հայկական համայնքը կարող է խիստ օգտակար լինել երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հարցում։ Նա բարձր կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության մասին. «Մենք զգում ենք, որ նման միավորումը հնարավորություն կտա բարելավել դրությունը, հիմա մենք արդեն գիտենք՝ ում հետ կարելի է աշխատել կառավարությունից բացի»։ Մ. ԵՍԱՅԱՆ