Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՄԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Հոկտեմբեր 16,2002 00:00

ՀԱՅԱՄԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ Թերեւս, Վաղարշակ Հարությունյանն ինքն էլ չէր կարող պատկերացնել, որ «Նեզավիսիմայա գազետային» հայտնած իր տեսակետները Հայաստանում այդքան ցավոտ կընկալվեն՝ հավանաբար հոգու խորքում համոզված լինելով, թե դրանք իրականում բխում են ՀՀ պետության եւ մեր ազգային շահերից: Բայց խնդիրն էլ հենց այն է, որ մարդիկ, իրոք, կարծում են, թե Հայաստանում ընտրությունները կանխորոշում են կա՛մ Ռուսաստանը, կա՛մ Արեւմուտքը: Գուցե Վ.Հարությունյանի եւ հայրենի ընդդիմության հենց այդ թյուր տպավորությունն է պատճառը, որ վերջիններս Հայաստանում ավելի լուրջ եւ ակտիվ գործողություններ ծավալելու, ԱԺ-ում իրենց՝ նիստերը բոյկոտելու կամ հոկտեմբերի 9-ից հետո «սարեր շուռ տալու» խոստումների, հասարակության հետ աշխատելու փոխարեն վազեվազ են անում հյուսիս կամ արեւմուտք՝ իրենց թեկնածուի «դաբրոն» ստանալու «հույժ կարեւոր» նպատակով: Եվ այն բանից հետո, երբ Վ.Հարությունյանին ուղղված քննադատությունը սկսեց զանգվածային բնույթ ստանալու միտումներ ցուցաբերել, «քննադատներին» փորձեցին մեղմել, թե հարցազրույցը ճիշտ չի ընկալվել, որ այն պետք էր դիտարկել «ՆԳ»-ի նույն համարում զետեղված «Բնապատկեր՝ ճակատամարտից առաջ» հրապարակման համատեքստում, եւ այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկներ: Թեեւ դրանք տարբեր բաներ են, բայց փորձենք հենց այդպես էլ վարվել: Իսկ հիշյալ հրապարակման համատեքստն ավելի լավ պատկերացնելու համար ներկայացնենք դրա առանցքային դրվագներից մեկ-երկուսը: Հրապարակման հեղինակ Վլ.Իլյիչեւը նախ հայտարարում է, թե «Երեւանը Արեւմուտք տանող ճանապարհ է փնտրում» եւ ապա՝ շարադրում հետեւյալը. «Ավելի պակաս, քան կես տարի հետո, 2003-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, թեեւ իրականում երկիրն ընտրելու է ոչ այնքան կոնկրետ դեմքի, որքան արտաքին քաղաքական կողմնորոշում: Կամ՝ Երեւանն աստիճանաբար կվերածվի Թբիլիսիի, կամ ընտրությունները կնշանավորեն Կովկասում ռուսամետ արտաքին քաղաքականության շարժ»: Որ ՌԴ-ն Անդրկովկասում իր պետական եւ ազգային շահերն է հետապնդում՝ բնական եւ հասկանալի է: Բայց վրդովմունք է պատճառում այն շանտաժ-սպառնալիքը, թե պրոռուսական կողմնորոշումը մերժելու դեպքում Հայաստանը կարող է վերածվել Վրաստանի: Սա արդեն մերժելի եւ ցինիկ հայտարարություն է: Էլի՞ ինչ է ասում «ՆԳ» թղթակիցը: Ասում է, թե Արեւմուտքն արդեն սկզբունքորեն կողմնորոշվել է, որ առաջիկա ընտրություններում նախընտրելու է Ռ.Քոչարյանի վերընտրությունը, որ «ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանու ներքո ձեւավորվել է հատուկ միջգերատեսչական խումբ, որը պետք է ազդի հայ բնակչության քվեարկության արդյունքների վրա»: Ըստ «ՆԳ»-ի՝ այս տարվա մարտին ԱՄՆ կատարած այցի ընթացքում իբրեւ Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված սկզբունքային այդ համաձայնությանը համարժեք քայլ՝ ԱՄՆ-ը ակնկալում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել իր տարբերակով՝ հիմք ընդունելով տարածքային փոխանակման սկզբունքը, որով «Հայաստանը կկորցնի Իրանի հետ սահմանը եւ կհայտնվի ամերիկամետ պետությունների շրջանակում», իսկ այդ դեպքում «Հայաստանում ռուսական ռազմական բազան կփոխարինվի ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական խաղաղարարներով»: Հասկանալի է ռուսների մտահոգությունը: Նման զարգացումների դեպքում նրանք կորցնում են Անդրկովկասի իրենց միակ պլացդարմը եւս: Նույն հիմնախնդրին անդրադառնալով՝ Վ.Հարությունյանն է հայտարարել, թե ընդդիմության եւ գործող նախագահի տարաձայնություններից մեկն էլ այդ՝ տարածքային փոխանակման տարբերակով, ԼՂ հիմնախնդրի կարգավորումն է: Ըստ «ՆԳ» մեկնաբանի, գործող նախագահի պրոբլեմն այն է, որ նա երկրում քաղաքական բազա բացարձակապես չունի: «Մինչ օրս նախագահի կողմնակիցների թվում է, կարծես, Դաշնակցությունը: Դեռ չլինե՞ր: Չէ՞ որ դաշնակները քաղաքականություն են մտել Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պայքարի ալիքի վրա, իսկ նրանց հիմա առաջարկում են Ադրբեջանին հանձնել բուն հայկական տարածքը եւ համակերպվել Թուրքիայի հետ՝ առանց նրա կողմից 1915թ. Ցեղասպանությունը ճանաչելու: Նման պայմաններում ԱՄՆ-ը եւ Հայաստանում նրա դրածոները ելքը տեսնում են պրոռուսական ընդդիմության պառակտման մեջ»,- գրում է ռուս մեկնաբանը՝ շեշտելով, թե այդ նպատակով իշխանությունները ջանք չեն խնայում, որ ընդդիմության ներսում նախագահի թեկնածուները հնարավորինս շատ լինեն: «Բայց նրանց մեծամասնությունը հասկանում է, որ քաղաքական հեռանկար կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ ընտրություններում հաղթի պրոռուսական ընդդիմության միասնական թեկնածուն»,- ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է լրագրողը: Ահավասիկ այն վերլուծության համատեքստը, որով փորձ է արվում մեղմել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ «ՆԳ» թերթում հայտնած տեսակետները: Դրանք մեղմել, իրականում, դժվար է, առավել եւս, երբ, դատելով հիշյալ հոդվածից, կարծես, հստակ է Ռուսաստանի միտումը՝ նախագահական ընտրություններին ակտիվ միջամտելու իմաստով: Հենց այդ համատեքստում, թերեւս, պետք է դիտարկել Վ.Հարությունյանի հայտարարությունն ի պատասխան այն հարցի, թե ըստ նրա, Հայաստանի նախընտրական պայքարում Ռուսաստանն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ: «Ես գտնում եմ, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ընդդիմության թեկնածուին: Ըստ ամենայնի, Ռուսաստանն այդ հարցում կկողմնորոշվի, քանի որ ակնհայտ է, որ ընդդիմության թեկնածուն համապատասխանում է նրա շահերին»,- հայտարարել է նա: Հարցն այն է, որ Վ.Հարությունյանը չի էլ փորձել ընդդիմանալ կամ քաղաքավարի հասկացնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններում դերակատարություն ունենալու միակ եւ եզակի իրավունքը ՀՀ քաղաքացիներինն է, եւ ճիշտ չի լինի, եթե որեւէ պետություն՝ Արեւմուտքից կամ Հյուսիսից, միջամտի դրան, որ վերջինս կլինի անընդունելի տարբերակ նույնիսկ ակնհայտ պրոռուսական անվանվող ընդդիմության համար: Սա է ցավալին: Նկատենք նաեւ, որ մինչ օրս հայաստանյան ներքաղաքական դաշտում ներկայացված որեւէ ուժ իրեն այնքան բացահայտ ու հպարտորեն չի հռչակել որեւէ կողմնորոշման ջատագով, ինչպես փորձում է ներկայանալ «16»-ը կամ, ինչպես փորձում են նրան ներկայացնել: Շատ ցավալի է, որ նման վերլուծություններով կամ ընդդիմության անունից հնչող հայտարարություններով «16»-ն ինքն ակամա Ռ.Քոչարյանի փրկօղակի դեր է ստանձնում: Բանն այն է, որ, եթե հայրենի ընդդիմությունը չի խորշում հայցել Ռուսաստանի ողորմածությունը, ուրեմն նա իզուր է դատապարտում նաեւ Քոչարյանին՝ Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար: Եվ այդ պարագայում Քոչարյանի իշխանավարությունը երկարաձգելու նույնիսկ ցանկություն չունենալու դեպքում էլ Արեւմուտքը կարող է պարզապես ստիպված լինել աջակցել հավանական այն միակ թեկնածուին՝ Ռ.Քոչարյանին, որը գոնե իրեն պրոռուս չի հայտարարել: Իսկ որ այդ հարցում երկու գերտերությունների միջեւ պայքարում Արեւմուտքը կհաղթի, թերեւս, կասկածի տեղիք չի տալիս: Իսկ մեղավորն, իհարկե, կլինի ընդդիմությունը, որը հասարակությանը քաղաքական գործոն դարձնելու եւ նրա օգնությամբ իշխանության գալու փոխարեն՝ ստիպում է այդ հասարակությանն ընտրել անհեթեթությունը՝ ռուսամետությունը կամ արեւմտամետությունը: Վ.Հարությունյանի հարցազրույցի առնչությամբ «Տարեգիր» էլեկտրոնային օրաթերթն էր նկատել, թե վերջինիս «հայտարարությունից, կոպիտ ասած, ստացվում է, որ Հայաստանի նախագահը պետք է լինի ռուսական հատուկ ծառայությունների գործակալ», իսկ ՀՀ-ն՝ Ռուսաստանի պրովինցիա: Ցավալի կլինի, եթե մեզ ստիպեն մտածել, որ հայրենի ընդդիմությունը հայամետության դեֆիցիտ ունի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել