ԱՌԱՎՈՏՅԱՆ՝ ՎԵՐԵԼԱԿԸ, ԵՐԵԿՈՅԱՆ՝ ՔՎԵՆԵՐԸ Որքան էլ իրոք ցանկանանք, որ Կենտրոն համայնքում հաղթի ընդդիմության ներկայացուցիչը՝ այս պատմությունը, որ ներկայացնելու ենք, բնավ իշխանության թեկնածու Գագիկ Բեգլարյանին չէ, որ վարկաբեկում է: Ի դեպ, թեեւ իշխող կուսակցության կազմակերպչական հարցերով պատասխանատուն պաշտոնապես էր հայտարարել, որ Կենտրոն համայնքում ՀՀԿ-ն պաշտպանում է Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը, վերջինս իր հարցազրույցներում փորձում է հերքել, թե ինքն իշխանության թեկնածուն է, անգամ խոստանալով, որ եթե չլինեն ազատ ու արդար ընտրություններ՝ ինքը հանդես կգա իշխանության դեմ: Ճիշտ հաշվարկ է, եթե նկատի առնենք, որ Կենտրոնում ավանդաբար հաղթել են ընդդիմության թեկնածուները՝ Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը եւ այլք: Եվ ամենեւին թեկնածուի օգտին չէ, եթե հանրապետության ամենաքաղաքականացված այս համայնքում նրան պաշտպանում է իշխանությունը. թերեւս սա գիտակցելով էլ Գագիկ Բեգլարյանն արտաքուստ փորձում է ձերբազատվել այդ հովանավորությունից: Ըստ «Տարեգիր» էլեկտրոնային թերթի՝ թիվ 57 դպրոցի բակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պրն Բեգլարյանն անգամ հայտարարել է, թե կեղծվել են մինչ այժմ Հայաստանում կայացած բոլոր, այդ թվում եւ՝ 1998-ին Ռոբերտ Քոչարյանի, ընտրության արդյունքները: Պատկերացնել կարելի է, թե այս հայտարարությունն ինչ անհարմար վիճակի մեջ կգցի նրա իշխանամետ պաշտպաններին՝ նույն ՀՀԿ-ին, ՀՌԱԿ-ին, ՀԺԱՄ-ին: Թեեւ վերջինիս պարագայում ՀԺԱՄ «Կենտրոն» համայնքի մասնաճյուղի շաբաթ օրվա համաժողովում առանձնապես չի էլ թաքցվել, որ պաշտպանության պատճառը ոչ այնքան գաղափարական կամ այլեւայլ մոտեցումներն են, որքան այն, որ Գագիկ Բեգլարյանը ՀԺԱՄ անդամ, պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանի համակուրսեցին է: Սակայն միայն քաղաքական աջակցությամբ չես շահի ընտրությունները: Թերեւս այս իրողության գիտակցումով էլ ընտրողները վստահ նման դիմումներ են գրում համայնքապետի թեկնածուին, ինչպիսին գրել են Կենտրոն համայնքի Պուշկինի փողոցի թիվ 3 շենքի 2-րդ մուտքի բնակիչները. «Խնդրում ենք Ձեզ օգնության կարգով աջակցել հնարավորինս չափով վերանորոգելու մուտքի վերելակը, քանի որ մուտքի բնակիչների մեծամասնությունը թոշակառու լինելու պատճառով չունեն նման ֆինանսական հնարավորություն: Մենք մեր կողմից երաշխավորում ենք մեր ձայնը տալ թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարի Բեգլարյանին»: Եվ ստորագրված է՝ թիվ 30 բնակարանի բնակիչներ Մանուկյան եւ Գրիգորյան, թիվ 32-ից՝ Հարությունյան, 34-ից՝ Սուքիասյան, 25-ից՝ Մավիսակալյան, 31-ից՝ Զատիկյան, 37-ից՝ Գիժլարյան եւ այլք: Ընդհանուր առմամբ՝ 16 անուններ մարդկանց, որոնք ստորագրությամբ փաստորեն հավաստել են, որ իրենց ձայների գինը մի փչացած վերելակ է: Իսկ եթե մարդիկ այդքան պարզ ու անթաքույց վաճառքի են հանում իրենց քվեները՝ միշտ էլ կգտվեն գնորդներ: Չի՞ ցանկանա գնել այս մի թեկնածուն, նույն հաջողությամբ կարող են դիմել մեկ ուրիշի, էլի երաշխավորելով, որ նրան կտան իրենց ձայները, եթե… Եվ ամենատխուրն այն է, երբ նման մարդիկ սկսում են բողոքել իշխանություններից, որ ձեւավորվել են իրենց իսկ վաճառված ձայներով: Չէ՞ որ խիստ բնական է, որ նախընտրական փուլում վերելակներ վերանորոգած, վիրահատությունների եւ ուսման վարձեր վճարած, բակեր ասֆալտապատած եւ բազմաթիվ նման առիթներով գումարներ վատնած թեկնածուն ընտրություններից հետո գերազանցապես պիտի ձգտի փոխհատուցել իր ծախսերը: Գրավոր գործարք առաջարկած այդ 16 անուններից առանձնակի ուշադրության է կարոտ վաստակաշատ լրագրող Ռոբերտ Մավիսակալյանը: Եթե չենք սխալվում, նա դեռ ՀՌԱԿ վարչության անդամ է: Եվ այդ կուսակցությունը Գագիկ Բեգլարյանին ՀՌԱԿ «Կենտրոն» շրջանակի պատգամավորական առաջին ժողովում դեռ օգոստոսի 24-ին էր հռչակել իր պաշտպանյալ թեկնածու, առավելապես իր «Չոռնի» մականունով հայտնի մարդուն մեծարելով «քաղաքականապես կոփված», «ազգանվեր», «ճանաչված գործարար» եւ «մեծ հեղինակություն ունեցող» բնութագրումներով: Գուցե ամեն ինչ իրոք այդպես է, բայց ըստ այս դիմումի ստացվում է՝ «ազգանվերը»՝ «ազգանվեր», բայց լավ կլինի, եթե նախ վերանորոգի վերելակը: Ինչքան էլ սեփական ձայների այս բացահայտ վաճառքի փաստն իրոք համայնքապետի թեկնածուին չէ, որ վարկաբեկում է, այնուամենայնիվ հետաքրքիր է՝ վերանորոգելո՞ւ է այդ վերելակը Գագիկ Բեգլարյանը, թե՞ ոչ: Հետաքրքությունն ամենեւին պարապ չէ, եթե հաշվի առնենք, որ որքան էլ «Ընտրական օրենսգրքում» այդքան էլ հստակ չեն նկարագրված պատասխանատվության մեխանիզմները, որ որեւէ դատարան չկարողանա շրջանցել դրանք, այնուամենայնիվ՝ նախընտրական շրջանում թեկնածուներին արգելվում է «անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով մատուցել (խոստանալ) ծառայություններ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ