Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Օֆշորային իշխանությունների օֆշորային գործարքը

Հոկտեմբեր 15,2002 00:00

Օֆշորային իշխանությունների օֆշորային գործարքը «Այս գործարանը բեռ չէր պետության համար: Այս տեմպերով գործարանը դեռ 5 տարի կարող էր մրցունակ լինել շուկայում: Այսօր դրան տիրացավ օֆշորային մի կազմակերպություն: Զարմանալ պետք չէ: Մեր ներկա իշխանություններն են օֆշորային»,- ասում է Արամ Սարգսյանը: «Վերջերս հաճախ է խախտվում մասնավորեցման մասին օրենքը. օտարման ենթակա ձեռնարկությունները մրցութային կարգով սեփականաշնորհելու փոխարեն, մեր իշխանությունները նախընտրում են ուղղակի վաճառքը՝ այն էլ աննախադեպ ցածր գներով»,- գտնում է «Արարատ-ցեմենտ» գործարանի նախկին տնօրեն, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը՝ բերելով ԲԷՑ-երի կամ «Արարատ-ցեմենտի» օրինակը: Հիշեցնենք, որ վերջերս ուղիղ վաճառքով «Արարատ-ցեմենտ» գործարանը տրվեց օֆշորային գոտում գրանցված իբր բելգիական «Ռոբերտո» կազմակերպությանը: «Ռոբերտոյի» բելգիական ծագումը կասկածելի է թվում Արամ Սարգսյանին, քանի որ, ըստ նախկին վարչապետի, ոչ մի օտարերկրյա կազմակերպություն հաշվանցում չէր անի «Իտերային»: «Դա ցեմենտի բիզնեսի հետ կապ չունեցող, անհայտ ֆինանսական միջոցներով, օֆշորային գոտում գրանցված կազմակերպություն է, որի ետեւում միանշանակ կանգնած է հայաստանցի օլիգարխներից մեկը: Համոզված եմ, որ այս վաճառքը տեղավորվում է նախընտրական տեխնոլոգիաների շարքում, որովհետեւ գործող նախագահը պատկերացնելով ընտրություններում իրեն սպասող դժվարությունները եւ ռեալ գնահատելով իր հնարավորությունները, հույսը դրել է բիզնես172շրջանակների վրա: Եվ այս կարգի «լավություններ» անելով՝ ակնկալում է լուրջ աջակցություն ընտրություններում»: «Արարատ-ցեմենտը» վաճառվել է 8 մլն դոլարով, որից կանխիկ վճարվել է 200 հազար դոլար, մնացածը պետք է հաշվանցվի «Իտերա» ընկերությանը՝ գործարանի կուտակած պարտքի դիմաց: Պարտքը, սակայն, որքան է կազմում, մեզ չհաջողվեց ճշտել գործարանից: Պատասխանատուները խուսափում են հրապարակել որոշակի թիվ: «Պարտքն օրական աճում է, ինչպե՞ս կարող ենք այսօր հստակ բան ասել»,- պարզաբանում է գործարանի հաշվապահը: Իսկ հստակ բան ասում է Արամ Սարգսյանը: Ըստ նրա, 1 տարի առաջ, երբ դեռ ինքն էր ղեկավարում գործարանը, պարտքը՝ տույժ ու տուգանքներով հանդերձ, կազմում էր 1 մլն դոլար, սակայն կար 1մլն 600 հազար դոլարի պատրաստի արտադրանք եւ հումք: Այսինքն, եթե նույնիսկ պարտքերը մարվեին, մնալու էր 600 հազարի շահույթ: Այսօր պարտքը ներկայացնում են 8 մլն դոլար: «Եթե 1 տարում գործարանը 8 մլն դոլարի վնաս է ունեցել, ապա այստեղ պետք է փնտրել քրեական տարր: Ուրեմն՝ ծրագրված սնանկացվել է գործարանը, որպեսզի ուղիղ վաճառքով այն տրամադրեն ինչ-որ «Ռոբերտոյի»: Ընդ որում, այդ անունն էլ, հնարավոր է, ինձ ջղաձգելու նպատակ ունի, բայց ես վաղուց հումորով եմ վերաբերվում այդ ամենին»: Ի դեպ, իշխանությունները ուղղակի վաճառքի փաստը բացատրում են նրանով, որ ներկայացնող չի եղել մեկ այլ հայտ: «Մրցույթ չի հայտարարվել, այլապես ես անպայման կմասնակցեի մրցույթին եւ՝ ծրագրային առաջարկով»,- ասում է Արամ Սարգսյանը: Նա նկատում է, որ երբ ինքը զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը, բոլոր հնարավորություններն ուներ մասնավորեցնելու «Արարատ-ցեմենտը»: «Անձամբ երկրի նախագահն էր համոզում, որ մասնավորեցնեմ գործարանը՝ ինձ խոցելի դարձնելու համար հավանաբար: Բայց ես այն ժամանակ հրաժարվեցի, որովհետեւ գտնում էի, որ այդ գործարանը պետք է մնա պետական: Մասնավորեցրին: Գոնե իր ինքնարժեքին մոտ գնով վաճառեին՝ 100 միլիոնով»: Հիշեցնենք, որ առաջին անգամ հայտարարված միջազգային աճուրդում հաղթել էր «Հոլսիմ» ընկերությունը, որն, ի տարբերություն օֆշորային «Ռոբերտո» ընկերության, առաջարկել էր 6 տարվա ծրագիր՝ 32-35 մլն դոլար ներդրումով: Կորցնելով 300 հազար դոլար կանխավճարը, «Հոլսիմը» հեռացավ Հայաստանից: ՀՀ նախագահն այս փաստը անուղղակի կերպով կապեց Արամ Սարգսյանի հետ՝ հայտարարելով, որ «ինչ-որ մարդկանց հաջողվել է «վախեցնել» «Հոլսիմին»: Արամ Սարգսյանը համոզված է, որ «վախեցնողներ» անպայման եղել են, դրանք այսօրվա «Ռոբերտոներն» են: Մրցույթին մասնակցում էին եւս 3 միջազգային ընկերություններ, որոնք անհամեմատ ավելի բարձր գին էին առաջարկում գործարանի համար, քան այն վաճառվեց այսօր: Ի դեպ, «Արարատ-ցեմենտի» կոլեկտիվն էլ սկզբնական շրջանում առաջարկում էր 25 մլն դոլարի ներդրումային ծրագիր, սակայն քանի որ հայտարարվել էր միջազգային աճուրդ (իսկ դրան կարող են մասնակցել միայն միջազգային աուդիտ անցած կազմակերպությունները), «Արարատ-ցեմենտի» կոլեկտիվը զրկվեց գործարանը մասնավորեցնելու հնարավորությունից: (Մեր թղթակցի հետ զրույցի ընթացքում Արամ Սարգսյանը մի քանի հանգամանք էլ էր հիշեցրել, որ ժամանակին միայն կոլեկտիվն էր հայտ ներկայացրել, չէր եղել այլ առաջարկ. «Բայց, չգիտես ինչու, մեր հայտը չընդունվեց, որից հետո, քանի որ մենք էինք հաղթողը՝ գործարանը դրվեց մրցույթի»: Նա նաեւ հիշեցրեց, որ մրցույթին մասնակցել էր հարավկորեական մի ընկերություն, որը գրանցված էր օֆշորային գոտում եւ առաջարկում էր մինչեւ 100 մլն դոլար, բայց նրան մերժել էին. – «Առավոտ»): Այսպիսով, ապապետականացվեց մի ձեռնարկություն, որը կարող էր համարվել տնտեսության գերակայող ճյուղ ցեմենտի արտադրության մասով. տարածաշրջանում այն միակն է, որ նոր տեխնոլոգիական լուծման արդյունքում չոր մեթոդով արտադրանք է տալիս՝ խնայելով 40 տոկոս էներգակիր. «Ընդամենը 15-18 տոկոս հզորությամբ աշխատող ձեռնարկությունը տարին փակում էր շահույթով»: ԴԻԱՆԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ «Այբ-ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել