Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Հոկտեմբեր 15,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԻՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԷ Որպես նախարար՝ Վազգեն Սարգսյանը ուներ բացառիկ բարձր վարկանիշ Օրերս «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով նաեւ նախորդ շաբաթ թերթում հրապարակված «Լոգոս» կենտրոնի կողմից իրականացված հետազոտության արդյունքներին, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, գիտակցաբար, թե անգիտակակցաբար, կատարել է հարցման արդյունքներից չբխող հետեւություններ։ Մասնավորապես, Արամ Սարգսյանը հիշատակում է 1998թ. նախագահական ընտրություններից առաջ կատարված ինչ-որ հետազոտություն, որը մեր կենտրոնին վերագրվելով, նշվում է, թե այն չի կարող արժանահավատ լինել, քանի որ Վազգեն Սարգսյանը այդ հետազոտության արդյունքներով որպես նախագահի թեկնածու միայն 11-րդ տեղն էր զբաղեցրել։ Որպես տվյալ հետազոտության՝ այսպես կոչված՝ «ոչ հավաստիության» ցուցիչ, Արամ Սարգսյանը հիշեցնում է, որ այդ ժամանակ երկրի պաշպանության նախարար Վազգեն Սարգսյանը հանրապետության ամենաազդեցիկ գործիչներից մեկն էր։ Այս կապակցությամբ կցանկանայի պարզաբանել, որ Արամ Սարգսյանը վատ խորհրդականներ ունի, որոնք նրան հաճախ են այսօրինակ սխալ մեկնաբանությունների եւ դրանց արդյունքում անհարմար իրավիճակների մեջ գցում։ Քանզի անթույլատրելի է խառնել որեւէ գործչի վարկանիշը որպես նախագահի թեկնածու եւ այդ գործչի իրական ազդեցության չափը երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա ու, մասնավորապես, քաղաքական որոշումների կայացման մեխանիզմում։ Այդ առումով, կարծում եմ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն, սկսած հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 1994 թ. օգոստոսյան հայտնի հրամանագրից, որով Վազգեն Սարգսյանի վրա էր դրվել բոլոր ուժային կառույցների համակարգումը, վերջինս իր իրական ազդեցությամբ զիջում էր, թերեւս, միայն հանրապետության նախագահին, սակայն դա մեխանիկորեն չէր ենթադրում, որ այդ պահին կամ հետագայում Վազգեն Սարգսյանը հասարակության կողմից պետք է դիտարկվեր որպես նախագահի թեկնածու եւ ունենար համապատասխան վարկանիշ։ Նույն հանգամանքը այսօր առկա է նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի պարագայում։ Ենթադրում եմ, որ Արամ Սարգսյանը նույնպես հակված չէ մտածելու, որ ինքը, Հայկ Բաբուխանյանը եւ Սերժ Սարգսյանը այսօր Հայաստանի քաղաքական դաշտում եւ քաղաքական որոշումների կայացման մեխանիզմում ունեն հավասար ազդեցություն, մինչդեռ «Առավոտում» շաբաթ օրը տպագրված հարցման արդյունքներում նրանցից յուրաքանչյուրը հավասար՝ մեկական ձայն էր ստացել, քանի որ խոսքը վերաբերում էր ոչ թե տվյալ պահի իրական ազդեցությանը, այլ հարցի վերաբերյալ հարցվողի գնահատական-ընտրությունը կատարվում էր միանգամայն այլ հարթության մեջ եւ այլ գնահատման համակարգում։ Սպառված համարելով այս թեման, կցանկանայի մի հանգամանքի վրա եւս ուշադրություն հրավիրել։ Վազգեն Սարգսյանը հետխորհրդային Հայաստանի այն միակ պետական ու քաղաքական գործիչն է եղել, որ 1994թ. սկսած, «Լոգոս» կենտրոնի բազմամյա հարցումների ընթացքում իր պաշտոնավարման շրջանում իր պաշտոնին համապատասխանելիության առումով մշտապես երկրի բնակչության կողմից ստացել է 50 տոկոսից ավելի՝ 50-60 տոկոս վստահության մակարդակ։ Եվ ցավալի է, որ Արամ Սարգսյանը, չիմանալով այդ մասին, հրապարակային տպավորություն է ստեղծում, թե Վազգեն Սարգսյանի վարկանիշը ցածր է եղել։ Եթե այդպես է, ապա ես պատրաստ եմ Արամ Սարգսյանին տրամադրել հիշատակվածներից այն հետազոտությունների արդյունքները, որոնք որեւէ կազմակերպության պատվերով չեն իրականացվել եւ մնում են «Լոգոս» կենտրոնի սեփականությունը։ Այս առումով ես ուզում եմ հուսալ, որ թեմայի՝ այդօրինակ արծարծումը ինֆորմացիայի պակասի արդյունք է։ Հակառակ դեպքում շատ ցավալի կլիներ մտածել, որ իմ մասին ինչ-որ վատ բան հրապարակայնորեն ասելու համար Արամ Սարգսյանը կանգ չի առնում անգամ լուսահոգի Վազգեն Սարգսյանի հասարակական աջակցության՝ 1994 թվականից հետո Հայաստանում արձանագրված ամենաբարձր իրական մակարդակը միտումնավոր իջեցնելու հանգամանքի առաջ։ Ի դեպ, երեւի թե ավելորդ չի լինի նշել, որ եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը չվստահեր ինձ եւ «Լոգոսի» աշխատանքի որակին, 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին չէր նշանակի «Միասնություն» դաշինքի հանրապետական նախընտրական շտաբի վերլուծական բաժնի ղեկավար եւ բացառապես «Լոգոսին» չէր պատվիրի այդ շրջանում «Միասնություն» դաշինքի կողմից պատվիրված բոլոր հետազոտությունները։ ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ «Լոգոս»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել