Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն դեռ տիեզերագնաց էլ կունենա

Հոկտեմբեր 15,2002 00:00

ԼՂՀ-ն դեռ տիեզերագնաց էլ կունենա Իր գոյության կարճ ժամանակամիջոցում Ռուսաստանի հայերի միությունը, Արա Աբրահամյանի նախագահությամբ, հսկայական աշխատանքներ են ծավալել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում ու Արցախում։ Դրանք ընդգրկում են մեր կյանքի ամենատարբեր ոլորտներ՝ սկսած տնտեսականից մինչեւ գիտություն եւ մշակույթ։ «Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում եւ Արցախում» ծրագրի շրջանակներում պատվիրակության անդամները, միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, երկօրյա այցով եղան Արցախում։ Շուշի քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորեցին ոչ միայն աղ ու հացով, այլ նաեւ ավանդական «ժանգյալով» ու գինիով (թոթի արաղ չկար)։ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ հյուրերը ծաղկեպսակ դրեցին պատերազմում զոհված արցախցիների հուշահամալիրին, ապա զոհված ազատամարտիկների առավել անապահով ընտանիքների 8-ից 12 տարեկան 30 որդիների Արա Աբրահամյանն անձամբ հանձնեց մեկական հեծանիվ։ Կառավարության նիստերի դահլիճում ԼՂՀ նախագահը ողջունելով հյուրերին, նշեց, որ հանդիպումն անպայման կնպաստի Ռուսաստան-Հայաստան-Արցախ կապերի ամրապնդմանն ու համագործակցությանը ինչպես տնտեսական, այնպես էլ գիտամշակութային եւ հոգեւոր ոլորտներում։ Անդրադառնալով ներդրումային ծրագրերին, նախագահը տեղեկացրեց, որ արդեն իսկ գործում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ կյանքի կոչված սառնարանային տնտեսությունը։ Եվ քանի որ այսօր գործող ամենամեղմ հարկային դաշտը ԼՂՀ-ում է, կոչ արեց գործարարներին, կատարել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, «հաղթել նաեւ տնտեսական պատերազմում, որպեսզի չիմաստազրկվի փայլուն հաղթանակը» եւ կարողանան կերտել «մեր նախնիների երազած պետությունը»։ Իր ելույթում Արա Աբրահամյանը հավաստիացրեց, որ իրենք ամեն տարի կայցելեն Արցախ եւ աջակից կլինեն, քանի որ «ունեն պարտք Հայաստանի եւ հայերի հանդեպ»։ Նա խոստացավ, որ մյուս տարվա համար ընդլայնելու է թե՛ օգնության չափը, թե՛ շրջանակը եւ մինչեւ մյուս տարվա հոկտեմբեր կառուցվելու են մսի մթերման կետ եւ գյուղատնտեսական հումքի վերամշակման, պահածոյացման գործարան։ Տեղեկանալով, որ գյուղմթերքների իրացման հետ կապված կառավարությունն ունի ֆինանսական դժվարություններ, պայմանավորվեց վարկ տրամադրել։ Շարունակվելու է ծնողազուրկ երեխաների օգնության ծրագիրը։ Հաջորդ տարի կկազմակերպվի նաեւ նրանց ամառային հանգստի ծրագիր, ոչ թե ճամբար ուղարկելով, այլ տեղավորելով մոսկովյան ընտանիքներում։ Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսորներից մեկը խոստացավ 20 երեխայի ամառային հանգիստը կազմակերպել Հունաստանում։ Եղան նաեւ զինվորական վերապատրաստման, ռուսական դպրոցի ստեղծման, Ռուսաստանում Արցախի մշակույթի օրերի կազմակերպման խոստումներ։ Նույնիսկ հարց բարձրացվեց, որ ԼՂՀ-ից ունենան տիեզերագնաց, այդ նպատակով արդեն համապատասխան գրականությունը պատրաստ է եւ շուտով կառաքվի Մոսկվայից։ Ի դեպ, մինչ ԼՂՀ նախագահն ու վարչապետը պատվիրակության հետ գործարար հանդիպման էին, կից հրապարակում մինչեւ ուշ երեկո շարունակվեց տոնական համերգը՝ երբեմն-երբեմն անլսելի դարձնելով նիստերի դահլիճում ելույթ ունեցողների ձայները։ – Ավելի լավ է երաժշտությունը խանգարի, քան արկերի սուլոցը,- դիպուկ նկատեց պատվիրակության անդամ, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը։ Առավոտյան Ստեփանակերտի 4 դպրոցներում բացվեցին համակարգչային դասարաններ։ Այստեղ երեխաներին ու ուսուցիչներին ուրախություն պարգեւելուց հետո Ա. Աբրահամյանը ետդարձին միջոցառումների շարքն ամբողջացրեց իր ծննդավայրում, որտեղ նրան ժողովուրդը ընդունեց «ինչպես իր Աստծուն»։ Մալիշկայում բացվեց թիվ 2 ռուսերենի խորացված ուսուցմամբ հիմնովին նորոգված միջնակարգ 400 տեղանոց դպրոցը։ Չմոռանանք հավելել, որ Ա. Աբրահամյանը համագյուղացիներին խոստացավ «մինչեւ մյուս տարվա այս ժամանակը լուծել գյուղի գազիֆիկացման հարցը»։ Հաջորդ օրը պատվիրակության ավտոբուսները դուրս եկան մայրաքաղաքից եւ ուղղություն վերցրին դեպի Գյումրի։ Ճանապարհին, հերթական կանգառը Շիրակի մարզի Ձորակապ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ էր։ Գյուղում, արդեն 14 տարի է, ինչ որպես դպրոցական շենք ծառայում է գոմային խուցերով մի կառույց։ Եվ, վերջապես, այս տարվա նոյեմբերին կբացվի նորակառույց դպրոցական շենքը, որը կառուցվել է սոցիալական հիմնադրամի միջոցներով, 72 մլն դրամ ինքնարժեքով։ Ռուսաստանի հայերի միության անդամ, համագյուղացիներ Արթուր Մարտիրոսյանի եւ Աշոտ Ներսիսյանի միջնորդությամբ դպրոցին հատկացվեց 5 համակարգիչ, տեսախցիկ, երաժշտական կենտրոն, հեռուստացույց, պատճենահանման սարք, ֆաքս։ Պատվիրակության անդամները Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանի ուղեկցությամբ շրջեցին Գյումրիի շինհրապարակներում, ժամանակի սղության պատճառով այն դիտելով ավտոբուսի պատուհանից։ Եղան «կազաչի պոստում», այցելեցին «Ռուսական պոլկ», ապա ունկնդրեցին հայ-ռուս բարեկամության առթիվ կազմակերպված հերթական համերգը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել