Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ է ԻՐԵ՞Ն

Հոկտեմբեր 15,2002 00:00

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿՈՂՄԸ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ է ԻՐԵ՞Ն Շարունակվում է «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը եւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանն էլ ՀՀ նախագահի թեկնածու չի առաջադրվել, ինչպես կարծում են շատերը։ Նա ընդամենը ցանկություն է հայտնել այդ կապակցությամբ տեսակցել հոր հետ, ինչը, երեկվա դրությամբ, տեղի չէր ունեցել։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հոկտեմբերին հրավիրել է 6 դատական նիստ (2-ին, 3-ին, 7-ին, 9-ին, 11-ին, 14-ին)։ Դատարան է հրավիրվել 8 տուժող։ Երեկ դատարանում էին Խաչատուր Սուքիասյանը եւ Տիգրան Թորոսյանը։ ԱԺ պատգամավորի ցուցմունքը տեւեց կարճ, քանի որ նա ոչինչ չէր լսել, ոչինչ չգիտեր եւ հասցրել էր դահլիճից դուրս գալ, հանդիպել ԱԺ աշխատակցուհիներից մեկին, որն ուղեկցել էր սենյակներից մեկը։ Դուրս գալուց չէր նկատել զինված մարդու։ Տուժողին հարց տալու ցանկություն չունեցան ինչպես պաշտպանական կողմը, ամբաստանյալները, այնպես էլ տուժողի ներկայացուցիչները։ Ստացվում է այսպես, որ «Հոկտեմբերի 27» քրգործով վերջին դատական նիստերին մեղադրող կողմը հարցաքննում է ինքն իրեն։ ԱԺ փոխխոսնակ, տուժող Տիգրան Թորոսյանը ամբաստանյալներից որեւէ մեկին չէր ճանաչել եւ ոճրագործության օրը տեղ էր զբաղեցրել առաջին շարքի 8-րդ տեղում, հարեւանությամբ Անդրանիկ Մարգարյանի, Արմեն Խաչատրյանի, Գագիկ Ասլանյանի… Նա տեսել էր, թե ինչպես անձրեւանոցով մեկը բարձր հայհոյելով մտել է ԱԺ նիստերի դահլիճ, գնացել դեպի վարչապետը, կրակել վարչապետի ուղղությամբ։ Տուժողը հայտնեց, որ «Միասնություն» խմբակցության պատգամավորների հետ կապված, հարցեր էին հնչում, թե որտեղ էին։ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ իրեն չորս ամիս հետո են կանչել նախաքննության մարմին եւ որոշ բաներ կարող է եւ չհիշել, ինչը պատճառ դարձավ, որ ամբաստանյալ Ն. Հունանյանը տա հետեւյալ հարցերը. «Պատճառը ո՞րն է, որ ցուցմունքներ եք տվել ավելի ուշ։ Հոկտեմբերի 28-ից հետո գիտեիք, որ ընթանում էր նախաքննություն, զգալով, որ ինչ-որ բաներ մոռանում եք, ինչո՞ւ ցուցմունքներ չտվեցիք։ Եթե նախաքննության մարմինը չհրավիրեր, չէի՞ք գնալու»։ Այս կապակցությամբ Տ. Թորոսյանը տվեց հետեւյալ պարզաբանումները. «Չեմ կարող ասել, քննչական խումբն էր այդ հարցով զբաղվում։ Ինքնագործունեության չեմ դիմել։ Եթեները այս գործում ավելորդ են»։ Չգիտես ինչու, խոցվեց ամբաստանյալ Ն. Հունանյանի ինքնասիրությունը, որը նկատեց, որ Տ. Թորոսյանը թույլ տվեց մի շարք վիրավորանքներ (այն դեպքում, երբ նրա խոսքը խիստ հավասարակշռված էր եւ վիրավորանքի տարրեր ընդհանրապես չէր պարունակում- Ռ. Մ.)։ Ամբաստանյալը վիրավորեց խոսնակին, ասելով, թե «Տ. Թորոսյանը մարդահաչ է տալիս»։ Կրկնակի տուժելով, փոխխոսնակը ասաց. «Դատավարությունն այնքան երկար է, որ ես ափսոսում եմ, որ նրանք նման հնարավորություն են ստանում»։ Տ. Թորոսյանը պատասխանելով մեղադրողների հարցերին, ասաց, որ «27»-ը պետական հեղաշրջում էր, իսկ սպանությունները պլանավորված էին։ Նա նշեց, որ ոչինչ պատահաբար չի եղել, որ ահաբեկիչները պատահաբար ԱԺ չեն մտնում, պատահաբար չեն մտնում զենքերով, պատահաբար չեն սպանում վարչապետին եւ որ ողջախոհությունը պիտի կորցնել, ասելու համար, թե կատարվածը պատահական էր։ Մի հետաքրքիր մանրուք, այնուամենայնիվ, կարող է ուշադրություն գրավել (տուժողներից միակն է, որ նշեց այդ մասին). «Սպանություններից որոշ ժամանակ անց նրանց պարագլուխը դիմեց պատգամավորներին, թե դուք էիք ասում պատժեք, մենք պատժեցինք»։ Իհարկե, Տ. Թորոսյանը մեղադրողների շատ հարցերին փորձում էր պատասխանել ակնհայտ զգուշավոր, թե ինքը ենթադրություններ անելու ցանկություն չունի, թե նպատակների մասին կարող են հարցնել ահաբեկիչներին, թե ինքը շատ բաներ չի հիշում… Այն հարցին, թե հայրենիքի դավաճանություն մեղադրանքին ինչպես է վերաբերում, նա ասաց. «Հայրենիքի դավաճանություն ասածը ճիշտ ձեւակերպում չէ, որովհետեւ սա իրենց հայրենիքը չէ»։ Նախաքննության ժամանակ Տ. Թորոսյանը տեղեկացրել էր, որ ահաբեկիչների պարագլուխը հեռախոսով խոսելով ինչ-որ մեկի հետ (երեկ էլ չպարզվեց, թե ում հետ), հայտնել էր. «Մենք մսաղացում ենք, մեր գործն արել ենք, տղաները թող գան»։ Տուժող Տ. Թորոսյանը երեք փուլերի բաժանեց ամբաստանյալների վարքը. 1-ին փուլ՝ գրգռված էին, բայց եւ համոզված, թե ինչ են անում, 2-րդ փուլ՝ հանգստի, երբ չէիր ենթադրի, որ ութ բարձրաստիճան մարդկանց են սպանել եւ 3-րդ՝ զգոնությունը կորցրել էին։ Տ. Թորոսյանը մինչեւ վերջ գտնվել է նիստերի դահլիճում եւ հայտնեց երեկ, որ Խոսրով Հարությունյանը առաջինն է դուրս եկել նիստերի դահլիճից՝ մի բան, որ հնչում էր առաջին անգամ։ Ինչպես նախորդ տուժողները, այնպես էլ երեկ դատարան ներկայացածները, քաղհայցի պահանջ չներկայացրին։ Սա աննախադեպ դեպք է Հայաստանի քրեական դատավարության պատմության մեջ, երբ դեռեւս 72 տուժողներից ոչ մեկը որեւէ պահանջ չի ներկայացնում դատարանին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել