Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրիի հոգեբուժարանում

Հոկտեմբեր 15,2002 00:00

Գյումրիի հոգեբուժարանում Գյումրին հավանաբար աշխարհի ամենադեմոկրատական քաղաքն է. այստեղ հարգվում է հոգեկան հիվանդների լիարժեք ազատության իրավունքը՝ անկախ վտանգավորության աստիճանից: Այստեղ առողջ վիճակից հոգեկանի անցումն անգամ աննշան քայլ է. համատարած գործազրկությունը, փտած տնակներն ու քաղաքի ընդհանուր տեսքը ստեղծում են բոլոր «նպաստավոր» պայմանները: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, այս տարի Շիրակի մարզում գրանցվել է 5400 հոգեկան հիվանդ: Սակայն այս տվյալներն իրական պատկերին չեն համապատասխանում, ինչը զարմանալիորեն խոստովանում է նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանը: Իրականում նրանք ավելի շատ են: «Անցյալ տարիների նման բժիշկների կողմից թաղամասային շրջայցեր չեն կատարվում, հիվանդներին չեն հայտնաբերում, միջավայրի, հարեւանների բողոքը հիմք չի ընդունվում: Այս ամենին ավելանում է նաեւ մեր քաղաքին հատուկ ավանդապաշտությունը, հիվանդությունն ամեն կերպ թաքցնելու ձգտումը: Հարազատները դիմում են ամենուր, բացի հոգեբուժարանից»,- ասում է Ռուբեն Խաչատրյանը: Նա ընդունեց նաեւ փողոցներում հաճախակի կոնֆլիկտներ ստեղծող հիվանդների ազատ երթեւեկելու փաստը: Գյումրու հոգեկան առողջության կենտրոնը, որը սպասարկում է ողջ մարզին, տեղակայված է իր դարն ապրած տնակներում, ուր ջուրը, բաղնիքն ու սենյակներն իրարից առանձնացնող նորմալ պատերը հին հիշողություն են: Գլխավոր բժիշկ Ջուլիետա Մարգարյանի հավաստմամբ, սեփական անձի անվտանգությունն անգամ ապահովված չէ. տնակային համակարգն ամուր չէ, իսկ պատերը կոտրելու, դուրս փախչելու փորձեր կատարվում են գրեթե ամեն օր: Նրա խոսքերով, հարազատներն էլ հիվանդներից ազատվելու ելքը տեսնում են հոգեբուժարանում: «Բայց մենք տեղ չունենք, տեղերի քանակն ընդամենը 50 է,- պատճառաբանում է բժիշկը, ավելացնելով,- Սեւանում էլ տեղերի քանակը քիչ է, այնտեղի հիվանդանոցը նույնպես ծանրաբեռնված է, եւ մենք մեծ մասամբ մերժվում ենք, իսկ տեղում պահել չենք կարող, քանի որ հիվանդին խնամելու ֆունկցիաներ չունենք: Սուր դեպքերը 24 օրվա ընթացքում չեն բուժվում, հիվանդը դուրս գրվելով՝ կարճ ժամանակ անց նորից գալիս է, որովհետեւ սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից հիվանդությունը նորից կրկնվում է: Արդյունքում սա ավելի թանկ է նստում պետության վրա, քան խնամքը, եթե թույլ տային իրականացնելու»: Բուժաշխատողների խորին համոզմամբ, իրենց հոգեբուժարանը ամենաանտեսված վայրն է, մինչեւ օրս պետական այրերից ոչ մեկը այստեղ գալու ցանկություն չի հայտնել: Եկածներն էլ բավարարվել են բակում շրջագայելով: Մեր պաշտոնյաներին հավանաբար հետ է պահել սեփական առողջությունը կորցնելու վտանգը՝ միջանցքից փչող ու ուժասպառ անող նամշահոտն ու անգամ առողջ մարդուն դեպրեսիայի մեջ գցող գորշ ու խունացած պատերը: Իսկ եթե մտածենք տեղում խելագարվելու մասին, ուրեմն ճիշտ են վարվում պաշտոնյաները. հոգեբուժարանում կա նաեւ մասնագետների ու դեղորայքի պակաս: Հոգեբույժներն ընդամենը երկուսն են: Բուժաշխատողներն իրենց շուրջ 1 տարվա աշխատավարձը (2000 թվ.-ից 4 ամիս, 2001թվ.-ից 8 ամիս) դեռեւս չեն ստացել: Գլխավոր բժշկուհուն զարմացնում է պետության կողմից հոգեկան հիվանդներից շահույթ հետապնդելու հանգամանքը: «Սա աշխարհում չլսված պատմություն է, մենք 1994թ. բյուջետայինից դարձել ենք առեւտրային ՓԲԸ, հիմա մեզ հատկացվում է գլոբալ բյուջե, որի մեջ մտնում են բոլոր ծախսերը: Հիվանդին ստիպված ենք նախատեսված 24 օրից ավելի պահել, քանի որ նա դեպրեսիայից դուրս չի գալիս, պետությունն էլ հավելյալ օրերի համար չվճարելով՝ փոխարենը այդ նույն օրերի համար շահութահարկ է գանձում, բացի սրանից 15% զուտ շահութահարկ ենք վճարում»,- դժգոհում է գլխավոր բժիշկը: Պայմանները գնալով վատանում են, հիվանդությունն էլ՝ գնալով երիտասարդանում: Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը հույսը չի կորցնում՝ մեզ էլ հավատացնելով, որ անցյալ տարի ՀՀ բյուջեով նախատեսված 154 մլն դրամի շրջանակներում քաղաքի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Մայր Հայաստանի տարածքում կառուցվող հոգեկան առողջության կենտրոնի շենքը մինչեւ տարեվերջ կշահագործվի, եթե, իհարկե, ֆինանսական ձգձգում չլինի: Չմոռանանք, որ տարին ավարտվում է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել