Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՇԱՀԵՐԸ

Հոկտեմբեր 15,2002 00:00

ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԹԱՔՆՎԱԾ ՇԱՀԵՐԸ Երեւանի քաղաքապետ Ռ. Նազարյանի 2002թ. փետրվարի 11-ի թիվ 201 որոշմամբ, մայրաքաղաքի փողոցներում ժամանակավոր օբյեկտների տեղադրման գործընթացը ժամանակավորապես կասեցվում է։ Մասնավորապես, «Երեւան քաղաքի ճարտարապետական տեսքը ապահովելու եւ «Լինսի» հիմնադրամով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով՝ Մարշալ Բաղրամյան պողոտայից մինչեւ Պռոշյան փողոցի անկյունն ընկնող հատվածում, Կոմիտասի, Մաշտոցի, Սայաթ-Նովայի պողոտաներում» եւ մի շարք այլ փողոցներում։ Այդ նույն որոշմամբ, քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, Կենտրոնի, Արաբկիրի եւ Շենգավիթի թաղապետարաններին առաջարկվում է վերը նշված փողոցներում եւ պողոտաներում ժամանակավոր օբյեկտներ տեղադրելու վերաբերյալ միջնորդություններ չներկայացնել, իսկ առեւտրի եւ սպասարկումների ու ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություններին՝ «մշակել եւ քննարկման ներկայացնել Երեւան քաղաքում ժամանակավոր օբյեկտների տեղադրման սահմանափակումների վերաբերյալ առաջարկություններ»։ Սա հերթական քաղաքապետի այն հերթական որոշումներից է, որոնք ընդամենը գրվում են թղթի վրա եւ միայն՝ պատմության համար։ Այս որոշումը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ փետրվարի 16-ին Կոմիտասի պողոտայում, շուկայի անցումի մոտ 12 մ երկարությամբ կրպակների համալիր տեղադրվի։ Հավանաբար Արաբկիրի թաղապետ Ֆ. Յայլոյանի եւ թաղապետարանի աշխատակիցների՝ աչք փակելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այդ կրպակաշարը, ինչպես ընդունված է, օրը ցերեկով եւ բոլորի աչքի առջեւ չի տեղադրվել։ Այլ, ինչպես Կոմիտասի 58 շենքի մի խումբ բնակիչների, «Ֆիլիպս» խանութի եւ «Կ. Խաչիկյան» դեղատան տնօրենի՝ «Առավոտին» ուղղած բողոքում է գրված՝ «շաբաթ օրը երեկոյան»։ Շաբաթ օրը, այն էլ երեկոյան, հարգարժան թաղապետը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր հանգիստն էր վայելում, երկուշաբթին, ինչպես գիտեք՝ ծանր օր է, իսկ շաբաթվա մնացած օրերը՝ ցայսօր, մարդիկ այնքան զբաղված են, որ նման մանր բաների ժամանակ չունեն։ Ուստի վերոհիշյալ անձանց՝ թաղապետին հղած բոլոր դիմումներն անպատասխան են մնացել։ Ի դեպ, պետք է նկատի ունենալ նաեւ թաղապետ Ֆ. Յայլոյանի վերաբերմունքը բնակիչների եւ նրանց բողոքների նկատմամբ։ «Առավոտը» մեկ անգամ պատիվ ունեցել է այն հրապարակելու։ Այս անհեթեթությունների շարանը եզրափակում է ինքը՝ քաղաքապետ Ռ. Նազարյանը, 2002թ. մայիսի 7-ի իր թիվ 742 որոշմամբ, որով փոփոխություն կատարելով քաղաքապետարանի 2000թ. մայիսի 12-ի որոշման մեջ, «Արաբկիր-Սերվիս» ՓԲԸ-ին՝ Կոմիտասի պողոտայի թիվ 58 շենքի դիմաց ժամանակավոր կոնստրուկցիաների տեսքով առեւտրի տաղավար-կրպակներ տեղադրելու նպատակով հողամաս է տրամադրվում»։ Մինչդեռ կրպակաշարն արդեն իսկ մոտավորապես երեք ամիս անօրինական տեղադրված է եղել նշյալ տարածքում։ Ստացվում է, տույժի փոխարեն քաղաքապետը մի բան էլ պարգեւատրում է վերոնշյալ ընկերությանը։ Հարաբերությունների կարգավորման նման պարագայում բնավ էլ զարմանալի չէ բնակիչների, խանութի եւ դեղատան տնօրենների բողոքների հետագա ճակատագիրը։ Վեց ամիս տարբեր դռներ ծեծելուց եւ անպատասխան մնալուց հետո, 2002թ. օգոստոսի 21-ին քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ս. Կոտոլիկյանը ի պատասխան բնակիչների եւ տնօրենների՝ ՀՀ նախագահին ուղղված դիմում-բողոքի, ի վերջո «հիմնավորում» է, որ «Երեւանի քաղաքապետի որոշումը վերանայելու իրավական հիմքեր չկան, քանզի «կրպակները տեղադրվում են շենքից բավարար հեռավորության վրա, պահպանելով սանիտարական եւ քաղաքաշինական նորմերը»։ Մինչդեռ, ըստ «Առավոտին» ուղղված դիմումի, դրանք «այլանդակում են Կոմիտասի մայրուղու տեսքը, խոչընդոտում անցումից օգտվող քաղաքացիների շարժմանը, փակում «Ֆիլիպս» խանութի եւ հարակից դեղատան տեսադաշտը եւ 58 շենքի առաջին հարկի բնակիչների լույսը»։ Այս ամենի համատեքստում անսպասելի չէր նաեւ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բորիս Քոչարյանի՝ «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» տարբերակով ելույթը. «Բազմաքայլ կոմբինացիաներում սխալնե՞ր եք փնտրում. բոլորն են թերանում։ Բայց հարցին ընդհանուր պետք է նայել։ Բողոքողներն ունեն միայն ցանկություններ, ուրիշի շահը չեն գիտակցում, իսկի իրենք իրենց շահը չգիտեն»։ Այս միտքն արտահայտելիս, կարծում ենք, պարոն Քոչարյանը բոլորի, այդ թվում նաեւ իր շահն էր գիտակցում։ Բողոքարկողների շահը, ենթադրում ենք՝ լռելն է։ Այլապես, զրույցն այսուհետեւ այլ կերպ կընթանա։ «Մի՞թե սա է իրավական պետությունը»,- հարցնում են բողոքարկողները, որոնք մտադիր են, այնուամենայնիվ, իրենց «բախտը» դատարանում էլ փորձել։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել