Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՎԱՐԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 15,2002 00:00

ԻՆՔՆԱՎԱՐԱԿՈՒՄ Բժշկության մեջ կա այդպիսի հասկացություն: Ասենք, երբ դու ամեն օր ժամերով նստած ես փակ պատուհաններով սենյակում, հիվանդության բացիլները պարբերաբար մտնում են օրգանիզմիդ մեջ՝ թույլ չտալով նրան առողջանալ: Նույնը՝ քաղաքականության մեջ: Երբ մարդիկ օրերով նստած են, ասենք, նախագահի նստավայրում, նրանք սկսում են անկեղծորեն հավատալ, որ Պողոս Պողոսյանը զոհվել է «անզգույշ քաշքշուկի» հետեւանքով, կամ որ «Ա1+»-ը փակվել է ինչ-որ «մրցույթի» արդյունքում: Իսկ երբ մարդիկ իրենց ամբողջ օրն անց են կացնում ընդդիմադիր կուսակցության գրասենյակում, նույն անկեղծությամբ համոզվում են, որ, ասենք, Գեղամյանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Ժամերով միեւնույն խոսակցությունները լսելով, միեւնույն օդը շնչելով, այլ կերպ չես էլ կարող մտածել: Նման ինքնավարակման արդյունքում մարդկանց մեջ վստահություն է առաջանում, որ քաղաքական պայքարը Բարու եւ Չարի հակամարտություն է, եւ իրենց թիմը մարմնավորում է աշխարհի Բարությունը, իսկ հակառակորդի թիմը՝ տիեզերական Չարիքը: Այդ ինքնավարակումից ձերբազատվելու ճանապարհը, բնականաբար, պատուհանը բացելն է, մեկ-մեկ փողոց դուրս գալը եւ համոզվելը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խորապես անտարբեր է թե՛ իրենց եւ թե՛ հակառակորդների թիմերի նկատմամբ: Զանգում են իշխանության կողմնակիցները եւ հարցնում՝ ինչո՞ւ ես գրել, որ, ըստ X գործչի, Քոչարյանը լեգիտիմ նախագահ չէ: Զանգում են ընդդիմության ներկայացուցիչները՝ ինչո՞ւ ես գրել, որ, ըստ «Լոգոսի» հարցումների, Քոչարյանի վարկանիշը 39 տոկոս է: Երկու կողմի փաստարկները նույնն են եւ նման են Կենտկոմի հրահանգիչների ձեւակերպումների՝ «քաղաքական կարճատեսություն», «բարոյական ռելյատիվիզմ» եւ այլն: Փառք Աստծո, Կենտկոմի ժամանակներն անցել են, եւ մենք հնարավորություն ունենք, մեղմ ասած, արհամարհելու այդ բոլոր փաստարկները: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել