Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 15,2002 00:00

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ Կենտրոնի թիվ 15/2 ընտրական տեղամասի հանձնաժողովի անդամները դիմել էին թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նրանք նշել էին, որ թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ Արմեն Բաղդասարյանը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը՝ ասելով, թե դա իր «թաղն» է, որ ունի 17 օրինական զենք, եւ սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով, որ այդ տեղամասում անցնելու է իր թեկնածուն եւ այլն: Հանձնաժողովի անդամները խնդրել էին իրենց անկաշկանդ աշխատանքն ապահովելու համար միջոցառումներ ձեռնարկել՝ սպառնալով հակառակ դեպքում վաղաժամկետ դադարեցնել իրենց լիազորությունները: Որ հիշյալ ՏԸՀ-ում նման միջադեպ է եղել իր մասնակցությամբ, չժխտեց նաեւ Ա.Բաղդասարյանը: Ըստ նրա՝ իր զայրույթի շարժառիթն այն է եղել, որ 15/2 ՏԸՀ-ում փորձել են ընտրությունների կարգ սահմանել եւ բաժանել են մի ուղեցույց, որը հակասում է «Ընտրական օրենսգրքին»՝ մասնավորապես սահմանափակելով վստահված անձանց լիազորությունները: Ա.Բաղդասարյանը վստահեցրեց, թե ինքը պնդել է, որ գործող օրենքը գերակայող է որեւէ ուղեցույցից, եւ ինքը թույլ չի տա հակաօրինական որոշում ընդունել: Ըստ նրա, բանավեճը թեժացել է, երբ ինքը հայտարարել է, թե թույլ չի տա այդ տեղամասում կեղծիքներ անել, որ դա իր թաղամասն է ու ինքը գիտի, որ այնտեղ հակված են ընտրել գործող թաղապետին: Ա.Բաղդասարյանը խոստովանեց, որ ինքը «գլխից կխփեմ» արտահայտություն թույլ է տվել, բայց ի պատասխան հանձնաժողովի անդամ տիկին Գրետայի այն հայտարարության, թե ինքն ու իր եղբայրներն էլ այդ թաղամասից են, ու ինքը եղբայրներին կուղարկի Ա. Բաղդասարյանենց տուն՝ նրան «տեսնելու»: Ինչ վերաբերում է զենք ունենալուն, զենքով սպառնալուն, վստահված անձի պնդմամբ՝ նման բան չի եղել: Երեկ թիվ 15 ԸԸՀ-ն նիստը սկսեց այդ միջադեպի քննարկմամբ: Նիստին ներկա էր նաեւ 15/2 տեղամասային հանձնաժողովի մի քանի անդամ, բացառությամբ գլխավոր «տուժողի»՝ տիկին Գրետայի, ինչը հանձնաժողովի նախագահի ուշադրությունից չվրիպեց: Վերջինս դա անհասկանալի համարեց եւ կասկած հայտնեց նրա բացակայության պատճառների առնչությամբ: Նիստին ներկա էր նաեւ թաղապետի թեկնածու Ա.Զուրաբյանի լիազոր ներկայացուցիչ Հրաչ Հակոբյանը: Հանձնաժողովի անդամները միանշանակ դատապարտեցին վստահված անձի պահվածքը՝ դա որակելով ընդհուպ՝ մինչեւ ահաբեկչություն՝ թերեւս, հուսալով, որ դրան անդրադառնա նաեւ միջազգային հանրությունը: Մասնավորապես Հայկ Չիլինգարյանը հայտարարեց, թե լինելով 15/2 տեղամասի «կուրատրը»՝ ինքը հանձնաժողովի անդամներին անվտանգության երաշխիքներ է տվել եւ թույլ չի տա, որ նրանց ճնշեն: Նա առաջարկեց Ա.Բաղդասարյանին պատժել եւ թույլ չտալ տեղամասում աշխատել: Առաջարկներ եղան ոչ միայն պատժել վստահված անձին, այլեւ՝ այն թեկնածուին, որի վստահված անձն է նա, ընդհուպ՝ մինչեւ ընտրապայքարից դուրս մղելը: Հանձնաժողովի մեկ այլ անդամ էլ հայտարարեց, թե Ա.Բաղդասարյանի արարքի համար մեղավոր է եւ պատասխանատվության պետք է կանչվի ոչ միայն Ա.Զուրաբյանը, այլեւ՝ այն կուսակցությունը, որի անդամն է նա: Տպավորություն ստեղծվեց, թե սույն հանձնաժողովում առաջանում է ՀՀՇ-ն կասեցնելու գաղափար, որի մասին մինչ օրս իշխանությունների մտքով, թերեւս, չի անցել: Մի պահ տպավորություն ստեղծվեց, թե մենք ոչ թե ընտրական հանձնաժողովի, այլ՝ երդվյալ ատենակալների նիստի ենք մասնակցում, որտեղ դատավճիռ պետք է կայացվի, սահմանվի պատժաչափ: Ա.Զուրաբյանի լիազոր ներկայացուցիչը հայտարարեց, թե Ա.Բաղդասարյանը ետ կկանչվի, եւ նրա հարցը քննարկման առարկա, իհարկե, կդառնա: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հանձնաժողովի որեւէ անդամ այդպես էլ չհետաքրքրվեց, թե որն է եղել միջադեպի շարժառիթը: Հ.Հակոբյանը միաժամանակ դատավորի դեր ստանձնածներին հիշեցրեց օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքները՝ շեշտելով, որ թեկնածուին ընտրարշավից դուրս մղելը ոչ թե հանձնաժողովի որոշելիք խնդիրն է, այլ՝ դատարանի, որ նման որոշում ընդունելու համար՝ օրենքով սահմանված կարգով, ծանրակշիռ եւ հստակ պատճառներ են պետք: Խոսեցին նաեւ 15/2 -ի հանձնաժողովականները, որոնց պատմածից պարզ դարձավ, որ միջադեպը տեղի է ունեցել հանձնաժողովի անդամի ակտիվ մասնակցությամբ: Երբ այսպիսի տպավորություն ստացավ, հանձնաժողովի նախագահը՝ առաջարկելով քննարկել տիկին Գրետայի հարցը, ՏԸՀ անդամները փորձեցին մեղմել տպավորությունը: Որ թիվ 15 ԸԸՀ-ի անդամները՝ վստահված անձի պահվածքը դատապարտելով, իրենք էլ դեմ չէին նույն ոճով գործերն առաջ տանելուն, վկայեց հանձնաժողովի անդամ Հ.Չիլինգարյանը, որը ԸԸՀ աշխատասենյակը փողոցի հետ շփոթելով եւ դիմելով Ա.Զուրաբյանի լիազոր ներկայացուցչին՝ պարզապես հայտարարեց. «Տղայավարի եմ ասում, թող իմ հանձնաժողովին չխանգարեն աշխատել»: Ավելի քան մեկ ժամ հարցը վերցնել-դնելուց հետո հանձնաժողովի նախագահ Գ. Քյալյանն առաջարկեց որոշում ընդունել հետեւյալի մասին. դատապարտել տեղի ունեցածը, Ա.Զուրաբյանին առաջարկել ետ կանչել իր վստահված անձին եւ մեկ անգամ եւս վերանայել վստահված անձանց ցուցակը: Ա.Զուրաբյանին, նաեւ՝ մյուս թեկնածուներին զգուշացնել, որ պատասխանատու են իրենց վստահված անձանց գործողությունների համար եւ, եթե նման միջադեպեր առաջիկայում կրկնվեն, հանձնաժողովը ստիպված կլինի դրանք կասեցնել ամենայն խստությամբ: Թիվ 15 ԸԸՀ-ն այդ որոշումն ընդունեց միաձայն: ՀՀՇ նախընտրական շտաբից հայտնեցին, որ իրենք վստահված անձին չեն փոխելու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել