Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քաղաքական եւ հասարակական գործընթացները Հարավային Կովկասի երկրներում

Հոկտեմբեր 12,2002 00:00

Քաղաքական եւ հասարակական գործընթացները Հարավային Կովկասի երկրներում Աղասի Ենոքյան- Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (Հայաստան) Հայաստանում 1998 թվականի հեղաշրջումը, որի հետեւանքով նախագահ դարձավ Ռ. Քոչարյանը, իրականացվեց «Ոչ մի ետընթաց քայլ Ղարաբաղի հարցում» նշանաբանով: Սա, ըստ էության, նշանակում էր հրաժարվել խնդիրը լուծելուց: Քոչարյանի իշխանության լեգիտիմացման խնդիրը հիմնվում է հենց այդ հրաժարման վրա: Հետագա իր գործունեությամբ Քոչարյանը ջանասիրաբար ստեղծում էր ղարաբաղյան կարգավորման ճանապարհները փնտրելու պատրանքը, դրանով իսկ հետաձգում էր կարգավորումը: Ցանկացած առաջարկվող կամ ենթադրվող լուծում պետք է խարսխվեր փոխադարձ զիջումների վրա, իսկ ցանկացած զիջում սասանելու էր նրա լեգիտիմությունը: Ըստ էության, միակ բանը, որ ստեղծված իրավիճակում մնում էր Քոչարյանին, խնդրի լուծումը հետաձգելն էր: Դա նա կարողացավ անել նախագահության մեկ ժամկետի ընթացքում: 2003-ին կայանալիք ընտրությունների շեմին նման ռազմավարությունն ընդունում է հատուկ վտանգավոր բնույթ: Առաջվա նման էլ նրա հիմնական խաղաթուղթը պետք է լինի «Ոչ մի ետընթաց քայլ Ղարաբաղի հարցում» նշանաբանը: Հենց այսպես, գործադրելով իշխանական բոլոր լծակները, նա կարող է մնալ եւս հինգ տարի: Ակնհայտ է, որ Հարավային Կովկասի քաղաքացիների եւ քաղաքական գործիչների համար «եվրոպական արժեքներն» առայժմ հեռավոր, բավական աբստրակտ հասկացություններ են: Քաղաքական գործիչներն, օրինակ, հիշատակում կամ պարզապես հիշում են այդ արժեքների մասին իրենց ընդդիմախոսների վրա դեմագոգիկ հարձակումներ գործելիս: Սակայն բավական իրական է հույսը, որ հասարակական-քաղաքական ու տնտեսական զարգացման եվրոպական արժեքներն իսկապես կդառնան մեր երկրների կայացման հիմքը: Նախ, մեր ժողովուրդները դուրս էին «մղվել» այդ համակարգից իրենց կամքին հակառակ, գտնվում էին կոմունիստական ռեժիմի ճնշման տակ, երկաթյա վարագույրի ետեւում: Վարագույրն արդեն չկա: Երկրորդ՝ հույս է ներշնչում Եվրոպայի ներկայիս զարգացման, եվրոպական ինտեգրման գործընթացը. բոլորովին տարբեր անցյալ, ճակատագիր եւ մենթալիտետ ունեցող ժողովուրդներն այսօր ձգտում են կազմել ընդհանուր ընտանիք: Եվ երրորդ, այսպես կոչված եվրոպական արժեքները վերացական, տեսական հասկացություններ չեն, այլ մարդու բնական իրավունքների վրա հիմնված բաներ: Այս իմաստով բավական արդյունավետ է մեր երկրներին ցուցաբերվող Եվրոպայի օգնությունը, ինչը, ի դեպ, նաեւ նրա շահերի արտացոլումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել