Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իշխանության լեգիտիմությունը կոնֆլիկտների կարգավորման որոշիչ գործոնը չէ

Հոկտեմբեր 12,2002 00:00

Իշխանության լեգիտիմությունը կոնֆլիկտների կարգավորման որոշիչ գործոնը չէ Ռաուֆ Միրկադիրով- «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան (Ադրբեջան) 1992 թ. հունիսին Հարավային Կովկասի երեք երկրներում իշխանության լեգիտիմության մակարդակը մոտավորապես նույնն էր: Բայց ինչպես ցույց տվեցին հետագայում զարգացած իրադարձություններն ու գործընթացները, դա չնպաստեց ոչ գոյություն ունեցող կոնֆլիկտների լուծմանը, ոչ էլ այդ երկրներում իրապես ժողովրդավարական հասարակությունների ձեւավորմանը: Մեկ տարի էլ չանցած՝ Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցան նոր հեղաշրջումներ, որոնց հետեւանքով երկու երկրներում իշխանության եկան նախկին կուսակցականներ Է.Շեւարդնաձեն եւ Հ. Ալիեւը: Որքան էլ տարօրինակ է, բայց ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս դեպքում էլ հարաբերականորեն լեգիտիմ իշխանությունները հեռացվեցին տարածաշրջանային կոնֆլիկտների սրացման հետեւանքով: Կոնֆլիկտներ, որ արտաքին ուժերի դրդումների արդյունքում վերափոխվեցին ներքաղաքական հակամարտության: Այլ խոսքով, ոչ Ադրբեջանում, ոչ էլ Վրաստանում լեգիտիմ իշխանությունների ձեւավորումը չնպաստեց կոնֆլիկտների կարգավորմանը: Սակայն պետք է ընդունել, որ ինչպես Գամսախուրդիայի, այնպես էլ Էլչիբեյի իշխանությունների տապալմանը նպաստեց նաեւ սուբյեկտիվ գործոնը, որը կապված էր այդ առաջնորդների անհատական հատկանիշների հետ: Նույնիսկ իշխանություն ունեցած ժամանակ էլ նրանք այլախոհ էին: Հարավկովկասյան ժողովրդավարներից իշխանությունն իր ձեռքում բոլորից երկար պահեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց դժվար թե դա կապված էր նրա լեգիտիմության հետ: Տեր-Պետրոսյանի «երկարակեցությանը» մեծապես նպաստեց «հաղթողի» գործոնը, նաեւ, որ նա բավական երկար ժամանակ ձեռնտու էր Կրեմլին: 1996 թվականին Տեր-Պետրոսյանը կեղծեց նախագահական ընտրությունները եւ դրանով լիովին կորցրեց լեգիտիմությունը՝ հասարակության կողմից նրա իշխանությունն այդպիսին ընկալելու առումով: Սա չխանգարեց նրան մնալ նախագահական պաշտոնում: Բայց հենց փորձեց հրաժարվել «հաղթողի» իմիջից, որոշ չափով փոխել արտաքին քաղաքական առաջնահերթությունները եւ կնքել խաղաղության պայմանագիր, որտեղ համեմատաբար հաշվի էին առնվում Ադրբեջանի շահերը, Տեր-Պետրոսյանն արժանացավ առաջին ալիքի ժողովրդավարների՝ Գամսախուրդիայի եւ Էլչիբեյի, ճակատագրին: Ըստ էության, Հայաստանում էլ կատարվեց պետական հեղաշրջում: Դրանից անմիջապես հետո տեղի ունեցած ընտրությունները, որոնց արդյունքում նախագահ դարձավ Քոչարյանը, պարզապես իրավաբանորեն ձեւակերպեցին տեղի ունեցած փաստը: Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ իրականացնել ղարաբաղյան կարգավորման իր ծրագիրը, եթե ավելի ճշգրիտ ձեւակերպենք, չկարողացավ պարտադրել իր ծրագիրը հասարակությանը: Բայց ոչ թե լեգիտիմ ղեկավար չլինելու պատճառով: Լեւոն Տեր-Պետրոսյանի տապալման գլխավոր պատճառը այդ պահի դրությամբ իր միակ խաղաթղթից՝ «հաղթողի» իմիջից, հրաժարվելու փորձն էր: Այս իմաստով պատահական չէ, որ նախագահի պաշտոնում նրան փոխարինեց հենց Քոչարյանը, որը զիջում էր Տեր-Պետրոսյանին բոլոր չափանիշներով, բացի մեկից: Քոչարյանը «պատերազմի հերոս էր», այսինքն՝ ավելի «հաղթող էր», քան իր նախորդը: 1993 թ. հունիսյան պետական հեղաշրջումից հետո իշխանության եկավ Հ. Ալիեւը: 1993-ի աշնանը տեղի ունեցած նախագահական ընտրությունները ժողովրդավարական, ազնիվ եւ արդար չես անվանի: Բայց դրա հետ մեկտեղ, մի շարք պատճառներով Ալիեւն ավելի լեգիտիմ էր հասարակական գիտակցության մեջ, քան նրան նախորդած որեւէ նախագահ: Եվ նույնիսկ այդ պարագայում 1994 թվականի մայիսին Ալիեւը հրադադարի մասին պայմանագիրը կնքելուց ավելին անել չկարողացավ: Այսօր Տեր-Պետրոսյանը նորից փորձում է դառնալ լեգիտիմ նախագահ, հաղթել 2003-ին Հայաստանում կայանալիք ընտրություններում: Ընդ որում, նրա կողմնակիցները բացեիբաց հայտարարում են, որ իշխանությանը վերադառնալու դեպքում համաձայն կլինեն ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակին: Տեր-Պետրոսյանը կարծես թե ուզում է ստանալ ժողովրդի համաձայնությունը ղարաբաղյան կարգավորման այդ տարբերակին: Վատ չէր լինի: Բայց, ցավոք, էքսնախագահը կարող է դաժանաբար սխալվել իր հաշվարկներում: Բանն այն է, որ ընտրողներն ամենայն հավանականությամբ կքվեարկեն ոչ թե ղարաբաղյան կարգավորման այս կամ այն տարբերակի օգտին, այլ Քոչարյանի դեմ: Դատելով Տեր-Պետրոսյանի կողմնակիցների պնդումներից, Քոչարյանն արդեն ձանձրացրել է հայ ժողովրդի մեծ մասին: ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցությանwww.hetq.am էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել