Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈԳՍԵՐ՝ ՇՈՈՒԻՑ ՀԵՏՈ

Հոկտեմբեր 12,2002 00:00

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՈԳՍԵՐ՝ ՇՈՈՒԻՑ ՀԵՏՈ Պարզվում է, որ գյումրեցու համար բնակարանամուտը հանդիսավորությամբ ժապավեն կտրելու արարողություն է։ Կտրվում է ժապավենը, ցրվում են շոուի մասնակիցները, իսկ նոր բնակարանատերը ստացած բանալին կախում է վագոն-տնակի պատին եւ շարունակում առաջվա պես ապրել իր ժամանակավոր կացարանում։ Այսպես, Գյումրիի պոլիկլինիկայի գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանի ընտանիքը 6 տարի առաջ է բնակարան ստացել քաղաքի Մուշ թաղամասում, սակայն մինչեւ օրս չեն տեղափոխվել։ Տիկին Անահիտի խոսքերով, ստացած բնակարանի պատերը պարզապես գաջով սվաղել են եւ թողել առանց ներկելու։ Հատակը թաղիքապատ է, իսկ սանհանգույցներում բացակայում են առաջին անհրաժեշտության պարագաները, ինչպիսիք են լվացարանը, «ունիտազը», «վաննան»։ Այնպես որ, բնակարանում ամենատարրական պայմաններն ապահովելու համար մոտ 1000-1500 դոլար է անհրաժեշտ։ Մինչդեռ ամուսիններին ուշացումով տրվող աշխատավարձը հազիվ հերիքում է լուծելու 3 երեխաների օրվա հացի խնդիրը։ Ըստ տիկին Անահիտի, Մուշ թաղամասում շահագործման հանձնված 9 շենքերից յուրաքանչյուրում այսօր բնակվում են 3-4 ընտանիք, մյուսները նույնպես իրենց նման սպասողի կարգավիճակում են կամ էլ արդեն արտագաղթել են։ Փաստորեն, ստացվում է, որ տնակում բնակվելն էլ իր առավելություններն ունի, նախ որ ավելի բարեկարգ է, քան ստացած բնակարանը եւ գտնվում է քաղաքի համեմատաբար կենտրոնական թաղամասում։ Մինչդեռ Մուշը կտրված է քաղաքի հիմնական մասից, տրանսպորտ չկա, բացակայում են առեւտրի կետերը։ Ինչպես փաստում է տիկինը, ընդհանրապես շատ վատ է քաղաքային տրանսպորտի վիճակը։ Միակ՝ թիվ 8 երթուղային ավտոբուսը ժամը 16-ից հետո առհասարակ չի երթեւեկում եւ սոցիալական ծանր պայմաններում ապրող բնակչին մնում է կամ օգտվել 100 դրամանոց երթուղային տաքսուց, կամ էլ տուն հասնել սեփական «11 համարով»։ Ի դեպ, ցածր կենսամակարդակը բերել է նաեւ ծնելիության կտրուկ նվազման։ Ըստ գինեկոլոգի, եթե նախկինում մեկ տեղամասում ունենում էին միջին հաշվով 50-70 հղի, հիմա նման ցուցանիշ ապահովվում է երեք-չորս տեղամասից։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել