Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՆԵՐԵԼ

Հոկտեմբեր 12,2002 00:00

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՆԵՐԵԼ Ի տարբերություն քաղաքակիրթ այլ երկրների, Ճապոնիայում ցայսօր կիրառվում է կախաղանի միջոցով մահապատիժը։ Ճիշտ է, Ճապոնիայի ամենավտանգավոր ահաբեկիչները՝ «Աում սինրիկե» աղանդի ղեկավարները, 1997թ. դատապարտվեցին մահապատժի, սակայն առայժմ ողջ են։ Հիշեցնենք. 1995թ. նրանք կազմակերպել էին գազային հարձակում Տոկիոյի մետրոյում, որի արդյունքում զոհվեցին 12, վիրավորվեցին հազարավոր մարդիկ։ Ահաբեկչության եւ զանգվածային սպանությունների մեղադրանքով աղանդի 9 պարագլուխները դատապարտվեցին կախաղանի, իսկ նրանցից Սեկո Ասախուրան դեռեւս վճռի է սպասում։ Ինչպես հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները, մահապատժի դատապարտվածներից յուրաքանչյուրը պահվում է մենախցում՝ բացարձակապես կտրված արտաքին աշխարհից։ Ըստ հոգեբույժների, 5 մահապարտներ արդեն հոգեկան խանգարումներ ունեն։ Միջազգային ահաբեկիչ Իլյիչ Ռամիրե Սանչասը, նույն ինքը՝ Կառլոսը, նույն ինքը՝ Բորենին, իր ցմահ բանտարկությունն է անցկացնում հարմարավետ պայմաններում, փարիզյան բանտերից մեկի մենախցում, վայելելով ամենօրյա զբոսանքները թարմ օդում, ամենշաբաթյա հանդիպումները եւ նամակագրության իրավունքը։ Ավելին՝ Բորենին վերջերս սկսել է թղթակցել վենեսուելական «Ռասոն» ամսագրին՝ զբաղեցնելով իր մշտական սյունակը։ Ահաբեկիչն իր վերջին հոդվածը նվիրել է… Կոսովոյի խնդրին։ «Եվրոպական դաշնակիցները առանց իրենց երկրների խորհրդարաններից թույլտվություն ստանալու, պատերազմ են մղում,- վրդովվում է Բորենին,- մինչդեռ նման ագրեսիան ոչ միայն ապօրինի է միջազգային իրավունքի տեսանկյունից, այլեւ հակասահմանադրական է»։ Հիշեցնենք. 1997թ. դեկտեմբերին նորահայտ Իլյիչը դատապարտվել է ցմահ բանտարկության 1975թ. ֆրանսիական հակահետախուզության 3 աշխատակիցների սպանելու համար։ Թիվ 1 ահաբեկիչ համարվող Աբդուլահ Օջալանը (Քրդական բանվորական կուսակցության առաջնորդը) թրքական դատարանի կողմից մահվան է դատապարտվել… 30 հազար մարդ սպանելու մեղադրանքով (թուրքերի հաշվարկներով հենց այդքան թուրք է զոհվել 14 տարվա պատմություն ունեցող թուրք-քրդական բախման արդյունքում)։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների վրա, սակայն, դա հազիվ թե որեւէ ազդեցություն ունենար եւ հենց նրանց ճնշման տակ էլ առայսօր դատավճիռն ի կատար չի ածվել։ Օջալանի դատապաշտպան Դոշան Էրբաշը գտնում է, որ իր պաշտպանյալը բանտում կանցկացնի 10-12 տարի՝ նրան ներում կշնորհվի։ Էրբաշը նաեւ հայտնել է, որ Օջալանը բողոքում է առողջության կտրուկ վատթարացումից՝ ասթմայի, տախիկարդիայի, տեսողության թուլացման ախտանիշներ են ի հայտ եկել։ Քուրդ առաջնորդը զրկված չէ տեղական մամուլից, սակայն թերթերից նախապես խնամքով կտրում-հանում են «դյուրագրգիռ» նյութերը։ Իսկ թույլատրված գրքերից են Շեքսպիրի, Գյոթեի երկերը եւ… Նապոլեոնի հուշագրությունները։ Ինքը՝ Օջալանն իր վիճակն այսպես է նկարագրում. «Ես ունեմ 3 շաբաթը մեկ անգամ միայն 1 ժամով հյուր ընդունելու իրավունք եւ գտնվում եմ 24-ժամյա հսկողության տակ, նույնիսկ երբ քնած եմ։ Ինձ թույլատրվում է լսել թրքական 1 ռադիոալիք։ Հեռուստացույցի մասին, պարզ է, խոսք չկա։ Ես զրկված եմ արտաքին աշխարհի հետ որեւէ կապից։ Թեեւ իմ հանդեպ մարմնական բռնություն չեն կիրառում, սակայն առկա է ահռելի հոգեբանական ճնշումը»։ Իտալիայի երբեմնի հայտնի «Կարմիր բրիգադների»՝ ահաբեկիչների համար բանտային պայմաններն առանձնապես ծանր չեն։ Հիշեցնենք. «բրիգադները» Իտալիայում գործել են 70-ականների սկզբից եւ 10 տարվա ընթացքում սպանել կառավարության ազդեցիկ պաշտոնյաների։ Միայն 1983թ. հաջողվեց վերջ տալ ահաբեկչությունների այս շարանին, եւ ձերբակալվեցին ավելի քան 1000 «կարմիր բրիգադայիններ»։ 1982-96թթ. կայացել է 5 դատավարություն, որի ընթացքում 32 ահաբեկիչ դատապարտվել է ցմահ բանտարկության, մյուսները՝ երկարատեւ ժամկետներ են վաստակել։ Եվ սակայն ոչ մի «բրիգադային» ամբողջությամբ չի կրել իր պատիժը։ Շատերի պատժաչափը կրճատվել է, մի մասին ազատ են արձակել «առողջական վիճակի պատճառով», մի մասին՝ համաներումով, մի մասին էլ պարզապես թույլ են տվել պատիժը կրել տանը։ Նույնիսկ «Կարմիր բրիգադների» 52-ամյա դահիճը՝ Մարիո Մորետին, որը դատապարտված է ցմահ բանտարկության, շաբաթվա կեսն անցկացնում է տանը, իսկ վերջերս էլ բանտում ծրագրավորողի աշխատանք է դասավորել՝ 850 դոլար ամսական աշխատավարձով։ Նրանց գերմանական «գործընկերները»՝ ահաբեկչական ՌԱՖ խմբավորումից, զանգվածային սպանությունների մեղադրանքով դատապարտվել են ցմահ բանտարկության։ ՌԱՖ-ի հիմնադիրներ Անդրեաս Բաադերին եւ Ուլրիկ Մայնհոֆին ձերբակալել են 1972-ին։ Արտոնված նամակների կամ պարզապես «քսիֆների» միջոցով նրանք հաջողացնում էին ակտիվորեն ղեկավարել ՌԱՖ-ը։ Ի պատասխան՝ իշխանությունները հատուկ միջոցներ ձեռնարկեցին՝ դիմելով, այսպես կոչված, «մեռյալ միջանցքների» եղանակին։ ՌԱՖ-ի պարագլուխներին արգելափակեցին ոչ սովորական մենախցերում։ Ավելի ճիշտ՝ մենախցերը սովորական են, բայց դրանց հարեւան բոլոր խցերում, միջանցքում ու հարկում ուրիշ ոչ մի բանտարկյալ չկա։ Մենակյացները օրերի, շաբաթների ընթացքում ոչ ոքի, նույնիսկ հսկիչների երեսը չեն տեսնում։ 4 տարի անց Անդրեաս Բաադերը եւ Ուլրիկ Մայնհոֆը, չդիմանալով «մեռյալ բանտարկությանը»՝ ինքնասպան եղան՝ գլուխները խցերի պատերին խփելով։ 1 տարի անց հացադուլի արդյունքում մահացավ եւս մի ՌԱՖ-ական՝ Խոլգեր Մայնցը։ 1981թ. ՌԱՖ-ի դատապարտված անդամները միահամուռ հացադուլի դիմեցին՝ պահանջելով իրենց միասին պահել եւ չզրկել միմյանց հետ շփվելուց։ Դատախազությունը եւ բանտի ղեկավարությունն ընդառաջեցին՝ պայմանով, որ նրանք մեղայականով հանդես գան եւ իսկապես զղջան իրենց չարագործությունների համար։ Ի դեպ, ՌԱՖ-ի հայտնի ահաբեկիչներից մեկը՝ Պետեր Յուրգեն Բոոկը ցմահ բանտարկությունից փրկվեց՝ «ծախելով» իր նախկին ընկերներին, հրաժարվելով նրանցից եւ ներկայանալով իբրեւ զոհ։ Շուտով նա ազատ կարձակվի։ Այսօր ահաբեկիչների հանդեպ ամենաանողոքը ամերիկյան Գուանտանամո ռազմակայանն է, ուր բերում են թալիբներին։ Երկու հազար բանտարկյալներ պահվում են 2 մետրանոց լայնքով եւ երկարությամբ վանդակների մեջ։ Բանտարկյալներին մատչելի է միայն ծնկաչոք, ձեռքերը մեջքին կապած դիրքը։ Օրվա մեջ կանգնել կարող են միայն 15 րոպե։ Որպեսզի չմեռնեն՝ նրանց տրվում է 1 բաժակ թեյ։ Թույլատրված է օրվա մեջ 5 անգամ աղոթել, 2 անգամ օգտվել զուգարանից (3-ը՝ 2 հազար մարդու համար), որտեղ գնում են հսկիչի ուղեկցությամբ։ Ճիշտ է, վերջերս հայտարարվել է նոր տիպի համակենտրոնացման ճամբարներ ստեղծելու մասին։ Պայմանականորեն՝ «Ալֆա» եւ «Դելտա»։ Հնարավոր է՝ իրաքյան պատերազմին ընդառաջ։ ԿԱՐԻՆԵ ԱՇՈԻՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել