Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ահա նրանք՝ արեք ինչ ուզում եք

Հոկտեմբեր 12,2002 00:00

Ահա նրանք՝ արեք ինչ ուզում եք «Այս անձինք խախտել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ Հետաքննող լրագրողների ընկերակցության՝ տեղեկություն ստանալու իրավունքը հունիս-հուլիս ամիսներին»,- հայտնում է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի 6-րդ համարը եւ հրապարակում հիթ-շքերթ սեւ ցուցակը: Նրանք են. Երվանդ Զախարյան՝ ՀՀ ՊԵ նախարար, Հովհաննես Մանուկյան՝ ՀՀ տնտեսական դատարանի նախագահ, Էդիկ Բեզոյան՝ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ ՊՀ տնօրեն, Արտաշես Թումանյան (երկու անգամ)՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Վալերի Մեջլումյան՝ «Էյ-Սի-Փի» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Ռոբերտ Քոչարյան՝ ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ, Ռուբեն Սինոյան՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետ, Արծրուն Խաչատրյան՝ Աջափնյակի թաղապետ, Աղվան Գրիգորյան՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ, Մկրտիչ Մինասյան՝ Նոր Նորքի թաղապետ, Վարազդատ Մկրտչյան՝ Նորք-Մարաշի թաղապետ։ Հասարակությունից «գաղտնիքներ» պահելու իմաստով հայ պաշտոնյաները միայնակ չեն, ինչպես միայնակ չեն այդ պաշտոնյաների «գաղտնապահությունից» տուժող հայ լրագրողները։ Վերջերս հենց այս մտահոգություններով են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հավաքվել 25 երկրների ներկայացուցիչները՝ քննարկելու իրենց երկրներում տեղեկատվության ազատության խնդիրները։ «Տեղեկատվության ազատության դատական պրակտիկան» թեմայով սեմինարին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է Հետաքննող լրագրողների ընկերակցության հայցն ընդդեմ մաքսային կոմիտեի։ Եթե հիշում եք, այս դատական գործի արդյունքում ընկերակցությունն ի վերջո ստացավ այն տեղեկությունները, որոնք կոմիտեն փորձում էր թաքցնել հասարակությունից։ Սեմինարի նպատակներից է եղել միավորել մասնակից երկրների լրագրողների եւ լրագրողական կազմակերպությունների առանձին ջանքերը այս ոլորտում՝ ավելի մեծ ազդեցության եւ արդյունավետության հասնելու համար։ Սրան մեծապես կնպաստի հավաքին ստեղծված «Տեղեկատվության ազատության միջազգային ասոցիացիան» եւ ընդունված արձանագրությունը, որը կոչ է անում մասնակից երկրներում աջակցել համապատասխան օրենսդրության զարգացմանը, կիրառմանը, մոնիտորինգին, խրախուսել դատական նախադեպերի ստեղծումը եւ այլն։ Հավաքի վերջին օրը՝ սեպտեմբերի 28-ը հռչակվել է իբրեւ Տեղեկատվության ազատության միջազգային օր, սահմանվել են մրցանակներ ոչ միայն տեղեկատվության ազատության թշնամիների, այլեւ պաշտպանների համար։ Ասոցիացիան ամեն տարի պետք է հավաքվի մի երկրում եւ նախորդ արձանագրության կետերով լսի մասնակիցների հաշվետվությունները՝ կատարած աշխատանքների մասին։ Ի դեպ, մասնակից երկրներից Տեղեկատվության ազատության օրենք չունեն միայն Հայաստանը եւ Մակեդոնիան։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի դիտարկմամբ, նախկին կոմունիստական ճամբարի երկրների համար ընդհանուր մի ավանդույթ է նկատվում։ Պայմանականորեն կոչենք այն գաղտնիության։ Այսինքն, այդ երկրներում ինֆորմացիան թաքցնելու «հին եւ բարի» սովորույթ կա, ի տարբերություն արեւմտյան երկրների։ Թեեւ վերջիններն այսօր արդեն որոշակի հետընթաց են ապրում այս առումով։ Օրինակ, քաղաքացիների ազատ տեղեկացվածության ամերիկյան կենտրոնի տնօրեն Բոննի Ռոբին-Վերգերը պատմել է, որ 35 տարի ինֆորմացիայի ազատության մասին օրենք ունեցող նահանգները, որ այն կիրառում էին ի ցուցադրություն ողջ աշխարհի, սեպտեմբերի 11-ից հետո «մի 10 քայլ» հետ են շպրտվել։ ԱՄՆ նախագահի մի ուղերձը, որում նա կոչ է անում ցանկացած պարագայում միշտ նկատի ունենալ ազգային անվտանգության խնդիրը, ավելի բարձր է այժմ դասվում, քան օրենքը։ Տիկին Ռոբին-Վերգերն ասում է, որ ԱՄՆ-ում այսօր վտանգված է ինֆորմացիայի ազատությունը։ Շուշան Դոյդոյանն ասում է, որ վերջինի խնդիրները շատ երկրներում լուծում են ինտերնետային էջերի հաշվին։ Զանազան գերատեսչություններ եւ ձեռնարկություններ 100 հազարավոր նամակներից կարող են խուսափել ինֆորմացիան վեբսայթերում տեղադրելով։ Ի դեպ, հավաքի մասնակիցները զարմացել են՝ իրենց հայ կոլեգաներից իմանալով, որ օրենքները ձեռք բերելու համար հայերս պետք է վճարենք։ Այնինչ օրենքն ընդունվում է քաղաքացիների համար եւ չի կարող կոմերցիայի օբյեկտ դառնալ։ Այս հավաքից մեր պաշտոնյաները զգուշանալու բան հաստատ ունեն. չէ՞ որ այսուհետեւ կարող են ինֆորմացիայի ազատության թշնամու իրենց տիտղոսը ստանալ միջազգային մասշտաբներով։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել