Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կողմնակի հայրենակիցը

Հոկտեմբեր 12,2002 00:00

Կողմնակի հայրենակիցը Արեւելահայաստանի անկախացումից հետո օրինաչափ էր, որ սփյուռքահայ բիզնեսմենները, գրողները, քաղաքական գործիչներն աշխուժանան եւ իրենց մասնակցությունն առաջարկեն վերակառույց հանրապետությանը՝ իրենց կարոտաբաղձությունը հագեցնելով հանդերձ։ Քաղաքական գործիչներն ի մասնավորի հայտնվեցին բարդ իրադրության մեջ՝ լիովին չգիտակցելով, որ հայաստանցի հայն ավելի բարդ կատեգորիա է, քան ըստ գավառների Րաֆֆու եւ Նշան Պեշիկթաշլյանի շարադրած հայի առանձնահատուկ ֆենոմենները։ Չվիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքին առնչվող սփյուռքահայ գործիչների ազնվությունն ու ընդունակությունները՝ կասկածից դուրս է, որ նրանք ապակողմնորոշված են իներցիայի ուժով ընթացք տալով իրենց այն մտածելակերպին, որ հասունացել է այն երկրներում, ուր աճել, բարգավաճել են իրենց կարողություններին համապատասխան։ Ցավոք, պետք է նկատել տամ, որ Հայաստանի ներկա տարածքի բնակիչները պատմականորեն ժառանգորդներն են արեւելյան բռնապետության ավանդույթների, ինչպես եւ 70-ամյա սովետական դրվածքի, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ արտակարգ սրում է ցանկացած ազգի ախտափունջը՝ սինդրոմը, այն հասցնելով աբսուրդի մակարդակին։ Ինչքան էլ սովետոլոգները ուսումնասիրած ու քրքրած լինեն, իրենց բնորոշմամբ, այս պատմական թյուրիմացությունը, անտրամաբանականն ու անկանխատեսելին խախտում են բոլոր նախնական հաշվարկները, մանավանդ որ այդ ամենը համեմված է ռուսական միստիցիզմի սոուսով, որի բաղադրատոմսը, չնայած սկեպտիկների ժպիտը հարուցող իմ դիտողությանը, իրոք ուղղորդվում է արտերկրային մութ զորությունների հետ։ Ինչպես ժամանակին նկատել է տվել Շարլ դը Գոլը, «ոչ մի հեղափոխություն ոչինչ չի փոխում, մնում են ավանդույթները»։ Նույն տեսակետն է արտահայտում եւ Ալբեր Կամյուն իր «Ժանտախտը» ստեղծագործության մեջ՝ շնչարգելությամբ տառապող իսպանացու գրական կերպարի միջոցով, մինչ նրա շրջապատում ուրախանում էին, որ ժանտախտը վերացել է։ «Մարդիկ հո մնացել են նույնը»,- ասում է նա։ Այսպիսի իրադրության մեջ սփյուռքահայ քաղաքական գործիչը դառնալու է այնպես, ինչպես դա տեղի էր ունենում ուրբանիստական խմորում ստացած այն մանկավարժների հետ, որոնք գործուղվում էին գյուղ աշխատելու։ Փոխանակ գյուղացիներին բարձրացնելու իրենց կուլտուրական մակարդակին, իրենք էին իջնում գյուղացու մտայնության եւ ապրելակերպի խորխորատները։ Եվ այդ սոցիալ քաղբարոյական ինքնալուծարումը տեղի էր ունենում գիտակցաբար թե բնազդորեն, որպեսզի ապահովեն իրենց ֆիզիկական գոյությունը եւ տարրական կենցաղային պահանջները։ Կարճ կապելու համար ասեմ, որ սփյուռքահայ քաղաքական գործիչը կամ հայաստանցի հայ պիտի դառնա՝ նրա հոգեբանական բոլոր բաղադրիչներով հանդերձ, կամ պիտի հեռանա դեպի արտասահմանները։ Իսկ քաղաքական թե սոցիալական բարեփոխումների մարտահրավերով Հայաստանում մնալը կապված է այնպիսի ռիսկի հետ, որին անձնազոհաբար տրվեցին Լինկոլնը եւ ուրիշ երկրների նրա քաղաքական երկվորյակները։ Այս ռիսկը վերաբերում է նաեւ հայաստանցի ռեֆորմատորներին, որոնք կլինեն Արտաշեսի եւ Խոսրով Կոտակի հետնորդները։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել