Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՆ ԱՆՈՒՄ ԳՆՉՈՒՆԵՐԸ

Հոկտեմբեր 12,2002 00:00

ԵՐԲ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՆ ԱՆՈՒՄ ԳՆՉՈՒՆԵՐԸ Հին պատմություններ կան այն մասին, թե ինչպես են գնչուները որեւէ շուկա մտնում։ Նրանք կոշկավաճառի էքսպոզիցիայից գողանում են կոշիկի մի թայը (նայած՝ ա՞ջն է ցուցադրվում, թե՞ ձախը), ապա աջ կամ ձախ ոտքի նույն այդ գողացված կոշիկը վաճառում են կոշկավաճառին։ Հայաստանում բոլոր տեսակի ընտրարշավներն այս ոգով ու ձեւով են ընթանում։ Բացարձակ առեւտուր է՝ թե՛ ֆինանսական միջոցներով, թե՛ ֆիզիկական ուժի կիրառմամբ, թե՛ կեղծիքով-խաբեությամբ եւ թե՛ հետագայում պաշտոններ տալու խոստումներով։ Թերեւս երբեւէ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այսքան չեն ուռճացվել, երեւույթ դարձել, որքան այսօր։ Աղմուկի պատճառն այն է, որ առջեւում նախագահական ընտրություններն են։ Գաղտնիք չէ, թե հայ հասարակության յուրաքանչյուր անդամ (չափահաս, թե անչափահաս) որքան է քաղաքականացված։ Թաղապետերի ընտրարշավը որոշակիորեն ուրվագծում է առաջիկա մյուս ընտրությունների դիմանկարը՝ նախագահական, ԱԺ պատգամավորների։ Յուրաքանչյուր ընտրարշավ դիտվում է իբրեւ հաջորդ ընտրության համար հողի նախապատրաստում։ Արաբկիր համայնքում բուն մրցակցությունը երեք թեկնածուների միջեւ է՝ Լեւոն Հարությունյանի, Հովիկ Շահինյանի եւ Ֆելիքս Յայլոյանի։ Ֆ. Յայլոյանը կրկին իր թեկնածությունն է առաջադրում նույն պաշտոնում։ Եթե, օրինակ, նախորդ ընտրություններին Ֆ. Յայլոյանին առաջ էր քաշում եւ «մեջք կանգնում» ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը (ալրաղացի Լեւոնը), ապա այսօր Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրություններում նույն պատգամավորը Հովիկ Շահինյանի թեկնածությունն է պաշտպանում։ Պատգամավորը դրանով հետագա իր ԱԺ պատգամավորի ընտրությունն է նաեւ նախապատրաստում եւ բնականաբար նաեւ ՀՀ նախագահի ընտրությունները։ Զարմանալի է՝ ինչի վրա է Ֆ. Յայլոյանի հույսը, երբ, օրինակ, Արաբկիրի համայնքի տարեկան 800 մլն դրամ կազմող բյուջեից 60 մլն դրամ եւ ավելին ծախսել է իր եւ իր մի քանի աշխատակիցների ավտոմեքենաների բենզինի վրա, սակայն ողջ համայնքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կազմել է 14 մլն դրամ։ Ֆ. Յայլոյանն այժմ ամեն գնով փորձում է իր պաշտոնը պահել, ասելով, թե ինքն ունի վարչապետի կուսակցության հովանավորությունը։ Այսպես «վերեւների դաբրոներով» եւ իշխանական լծակներով թաղապետերի թեկնածուները գրոհում են բնակչության վրա՝ տարբեր խոստումներով, սկսած մի քանի ասֆալտապատումից, մինչեւ հոտավետ հեղուկ օճառներով այդ ասֆալտը լվանալը։ Այս ընտրարշավներում ֆինանսները ջրի պես հոսում են, մեկը՝ ուսուցիչներին է Պռոշյան փողոցի սննդի օբյեկտներում ծաղկեփնջեր նվիրում ու մի երեկո կուշտ կերակրում, մյուսը՝ մանկապարտեզների աշխատակիցներին, մեկ ուրիշը շենք առ շենք գումարներ է բաժանում։ Ազգային գաղափարախոսությունը, ասում են, ծնվում է այն ժամանակ, երբ փող չկա։ Հայաստանի մասին, սակայն, դժվար է ասել՝ փող կա՞, թե՞ չկա։ Կամ այդ պատճառո՞վ չի ծնվում մեր ազգային գաղափարախոսությունը։ Եթե փող չկա, ինչո՞վ են մեր պետական պաշտոնյաները խրախճանքներ կազմակերպում եւ կամ ընտրարշավներում որտեղի՞ց են այդքան գումարները գետի պես հոսում։ Այս ԱԺ պատգամավորներից մեկը իր ընտրարշավում իբրեւ ընտրակաշառք իր ընտրողներին բաժանեց կոշիկի մի թայը եւ մյուսը խոստացավ տալ քվեարկությունից եւ ընտրություններից հետո։ Նման պատգամավորներ մեր ԱԺ-ում շատ ունենք եւ դեռ կլինեն, քանի դեռ կգտնվեն մարդիկ, որոնք հերթ կկանգնեն՝ ստանալու կոշիկի մի թայը՝ մյուսն էլ հետո ստանալու ակնկալիքով։ Այս իրական դեպքը հումորով լղոզվեց մեր օրերին, սակայն երեւույթը չմաքրվեց, էլ ավելի կատարելագործվեց։ Բավական չէ, որ այդ պատգամավորն ինքն իրեն կոշիկի մի թայով (կամ մեկ զույգ կոշիկով) գնահատեց, ավելին, նրան ընտրողներն էլ իրենք իրենց այդքան վաճառեցին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել