Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ ներկայացնել փաստարկներս»

Հոկտեմբեր 12,2002 00:00

«Պատրաստ եմ ներկայացնել փաստարկներս» «Առավոտ»254254 թերթի 2000թ. հոկտեմբերի 10-ի թիվ 185-ի 1-ին էջում զետեղված «Ռուբեն Ռշտունուն դատի են տալու» հաղորդագրության կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնել հետեւյալը: Իմ խիղճը Գյուրջինյանների ընտանիքի առաջ հանգիստ է: Սակայն ես գործով ասելու շատ բան ունեմ: Գտնում եմ, որ Վարուժան Գյուրջինյանին 9 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու փաստը պետք է դառնա հատուկ ուսումնասիրության առարկա ընդհուպ մինչեւ քրեական գործի հարուցումը: Պետք է պարզվեն եւ խստագույնս պատժվեն նրան խոշտանգումների ենթարկած եւ նրանից «խոստովանական» ցուցմունքներ կորզած Երեւանի խորհրդային շրջանի ՆԳ բաժնի աշխատակիցները (որոնց Վ.Գյուրջինյանը եւ նրա հայրը գիտեն անուն առ անուն եւ որոնցից մեկին քննիչ Ա.Նադոյանը, առանց ինձ տեղյակ պահելու, այսինքն՝ ինձանից գաղտնի, տարել է մեկուսարան Վ.Գյուրջինյանի հետ առերեսման): Պետք է պատշաճ գնահատական տրվի այն դատավորների եւ դատարանների գործունեությանը, որոնք անտեսելով Վ.Գյուրջինյանի անվիճելի ալիբին, պայթունատեխնիկական, դատաքիմիական, դատահետքաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական, մանրաթելերի եւ միկրոմասնիկների, դատաավտոտեխնիկական, դատաապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը, որով ոչ միայն չի հաստատվել, այլ հակառակը՝ հերքվել է Վ.Գյուրջինյանի որեւէ առնչությունն իրեն մեղսագրված արարքին եւ այլն, եւ որոնց մասին ես աղաղակել եմ բոլոր ատյանների դատարաններին՝ ինձ Քրեական դատավարության օրենսգրքով հասանելիք նյութերի շրջանակներում: Սակայն նրանք կայացրել են անհիմն որոշումներ Գյուրջինյանի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Պատշաճ գնահատական պետք է տրվի, իմ համոզմամբ, Խորհրդային շրջանի ՆԳԲ որոշ աշխատակիցներ- ՀՀ Գլխավոր դատախազության որոշ աշխատակիցներ- Ազգային Ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյան, ես կասեի՝ հանցավոր կապին, առանց որի չէր կարող ծնվել եւ 9 ամիս շարունակվել այս, մեղմ ասած, անհեթեթ «քրեական գործը»: Ընդվորում տնտեսական 1-ին ատյանի դատարանի դատավորներից մեկի հօգուտ Մելիք Գասպարյանի խաբեության զոհ դառել եմ նաեւ ես: Պատշաճ ձեւով պետք է գնահատվի ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի (ինչպես նաեւ ԱԺ մի շարք այլ պատգամավորների) ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրավունքը նրանք, որքան ինձ հայտնի է, չունեն: Մի կողմ թողնելով կայացված դատական որոշումները, անկախ, բարձր մակարդակի փորձաքննություն անցկացնելու միջոցով պետք է մեկընդմիշտ վերջ դրվի Մելիք Գասպարյանի եւ Արթուր Գյուրջինյանի (Վ.Գյուրջինյանի հոր) միջեւ տարիներ շարունակ տեւող տնտեսական հարցերի շուրջ գոյություն ունեցող վեճերին, որը, անկասկած, հիմք է հանդիսացել անմեղ քաղաքացու՝ Վարուժան Գյուրջինյանի նկատմամբ «քրեական գործ» հորինելու եւ նրան 9 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար: Առանձին, խոր ուսումնասիրության եւ համապատասխան գնահատման առարկա պետք է դառնա Հայաստանում դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան, քանի որ այդ հարցը դուրս է մնացել պատշաճ հսկողությունից: Այդ հարցի շուրջ ՀՀ վճռաբեկ դատարանը պարտավոր է անհապաղ կատարել դատական պրակտիկայի ամփոփում, ընդորում հաշվի առնելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի եւ մի շարք այլ միջազգային փաստաթղթերի պահանջները: Ես երախտապարտ կլինեմ Գյուրջինյաններին, եթե նրանք կարողանան դիմել դատարան, որտեղ ես ամբիոն կունենամ լայնացնելու սույն նամակումս շարադրած փաստարկները եւ այն, ինչ ունեմ ասելու՝ հայտնեմ լայն լսարանին (չնայած այսպիսի հարցով դատարանի կողմից դիմում (հայցադիմում) ընդունելն ինձ առեղծվածային է թվում, գործում են այլ ուղիներ): Եթե դատական ամբիոն ունենալու բախտին չարժանանամ, ապա կգտնեմ այլ ամբիոն, ընդհուպ՝ մինչեւ մամլո ասուլիս հրավիրելը: ՌՈՒԲԵՆ ՌՇՏՈՒՆԻ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել