ԵՐԿՈՒ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «Նեզավիսիմայա գազետա» թերթում վերջերս հրապարակվել են ՀՀ պաշտպանության նախկին եւ ներկա նախարարներ Վաղարշակ Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցները: Դրանք առավել քան ուշագրավ են հատկապես առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում, մանավանդ որ՝ նրանք երկուսն էլ այդ առնչությամբ հանդես են եկել միանգամայն տարբեր դիրքորոշումներով՝ ամփոփելով երկու բեւեռների՝ իշխանության եւ արմատական ընդդիմության, տեսակետները: ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցի նախաբանն առավել քան ուշագրավ է այն իմաստով, որ հայտարարում է, թե «առաջիկա օրերին Մոսկվա է ժամանելու առաջիկա նախագահական ընտրություններում միասնական եւ առայժմ չհայտարարված թեկնածուն»: Թե ինչու այդ թեկնածուի մասին ավելի վաղ պետք է իմանան Մոսկվայում եւ ոչ Հայաստանում՝ խոսակցության այլ թեմա է: Նախապես ասենք, որ Վ.Հարությունյանի հայտնած տեսակետները, գոնե մեզ համար, որոշակիորեն անընդունելի եւ վիճելի են, բայց դրան կանդրադառնանք առաջիկա օրերին: Իսկ ռուսական թերթին տված իր հարցազրույցում Վ.Հարությունյանը կարծիք է հայտնել, թե Հայաստանը «դարձել է Արեւմուտքի պատանդը»: Պատասխանելով այն հարցին, թե հայաստանյան ընդդիմությունը պատրա՞ստ է արդյոք միասնական գործողությունների, Վ.Հարությունյանը նախ տեղեկացրել է, որ դեռ օգոստոսի վերջերին 16 ընդդիմադիր կուսակցություններ քաղաքական միավորում ձեւավորելու մասին մի փաստաթուղթ են ստորագրել, որի նպատակը Ռ.Քոչարյանի պաշտոնանկությունն է, նախընտրական դաշինքի ձեւավորումը, միասնական թեկնածուի առաջադրումն ու միասնական ծրագրի մշակումը: «Այսօր ընդդիմության մեջ կարելի է թվարկել երկու-երեք ուժեղ առաջնորդների անուններ, բայց ընդդիմությունն առաջիկա ընտրություններում կներկայացնի նրանցից մեկին, ով ընտրություններում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի»: Ձեր եւ նախագահի միջեւ եղած սկզբունքային տարաձայնություններն ինչո՞ւմ են կայանում: «Մենք գտնում ենք, որ նախագահի վարած ներկայիս քաղաքականությունը հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին»,- հայտարարել է Վ.Հարությունյանը՝ ընդգծելով, որ տեղի է ունենում արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն՝ ռուսական կողմնորոշումից անցնելով արեւմտամետ կողմնորոշման: «Ընդդիմությունը կտրականապես դեմ է ղարաբաղյան խնդրի կարգավորման այն՝ տարածքային փոխանակման, ծրագրին, որն արդեն արժանացել է Քոչարյանի հավանությանը: Բացի այդ, կտրուկ դժգոհություն են առաջացնում այն քայլերը, որոնք ներկայիս նախագահը ձեռնարկել է 99-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո»,- թվարկել է Վ.Հարությունյանը՝ մանրամասնելով, թե տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ սպանվել են այն ղեկավարները, ովքեր «ակտիվորեն հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի դեմ»: Բայցի այդ, ըստ նրա՝ ընդդիմության դժգոհությունն է առաջացրել նաեւ այն, որ «27»-ի ահաբեկիչներն արդեն երեք տարի բանտում են, իսկ նրանց նկատմամբ դատավարությունը դեռեւս ավարտված չէ, կամ՝ «Ինչո՞ւ տուժողների փաստաբան ՌԴ քաղաքացի Օլեգ Յունոշեւը իշխանամետ ԶԼՄ-ների կողմից անվանվում է «Ռուսական հատուկ ծառայությունների գործակալ», ինչը, համաձայնեք, տարօրինակ է մի պետության պարագայում, որն իրեն համարում է Ռուսաստանի դաշնակիցը»: Վ.Հարությունյանը նաեւ հայտնել է, թե ընդդիմությունը դժգոհ է, որ իշխանությունները նախընտրում են առանցքային եւ ռազմավարական նշանակության ձեռնարկությունները վաճառել ոչ թե Ռուսաստանին, այլ, ասենք՝ Արգենտինային, ինչպես «Զվարթնոց»-ի դեպքում է, կամ ԲԷՑ-երի պարագայում՝ Անգլիային, եւ այլն: Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը ձգտելու է ՌԴ-ի հետ ինտեգրացման, վերջինս վստահեցրել է, թե միջպետական պայմանագրերով ՀՀ եւ ՌԴ հարաբերությունները փաստացի դաշինքային են: Այդ երկրները սերտորեն համագործակցում են ռազմական ոլորտում. «Մնում է վերականգնել տնտեսական սերտ կապերը: Դա ընդդիմության գլխավոր նպատակներից մեկն է»,- հայտարարել է նա: Անդրադառնալով նախագահական ընտրություններին՝ թղթակիցը հետաքրքրվել է. «Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ ռուսական գործոնը կարեւոր դեր է խաղում ներքաղաքական առումով: Ըստ ձեզ՝ Հայաստանի նախընտրական պայքարում Ռուսաստանն ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ»: «Ես գտնում եմ, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի ընդդիմության թեկնածուին: Ըստ ամենայնի, Ռուսաստանն այդ հարցում կկողմնորոշվի, քանի որ ակնհայտ է, որ ընդդիմության թեկնածուն համապատասխանում է նրա շահերին»,- եղել է պատասխանը: ՀՀ ՊՆ գործող նախարար Սերժ Սարգսյանն էլ նույն թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հիշյալ հարցադրումներին: Վերջինս անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցությանը եւ պատասխանելով լրագրողի հարցին՝ չի հերքել այն հանգամանքը, որ այդ համագործակցությունը նաեւ լուրջ փաստարկ է, եթե Թուրքիան փորձի ուղղակի ռազմական գործողություններով միջամտել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: Այն հարցադրմանը, թե որքանով է Ս.Սարգսյանի այդ տեսակետը համատեղելի Վաշինգթոնում արած այն հայտարարությանը, թե ՀՀ-ում ամերիկյան ռազմական ներկայության համար խոչընդոտներ չի տեսնում, Ս.Սարգսյանը պատասխանել է. «Ես երբեք այդ համատեքստում նման հայտարարություն չեմ արել: Ես ասել եմ, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը չի խանգարում հայ-ռուսական ռազմական համագործակցությանը: Միաժամանակ ընդգծել եմ, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը ոչ մի դեպքում հայ-ռուսական համագործակցության հաշվին չի զարգանում»: «Բայց արդյո՞ք Ռուսաստանին չպետք է անհանգստացնի այն, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումն ընթանում է եթե ոչ առաջընթաց, ապա՝ զգալի տեմպերով: Չէ՞ որ դուք համաձայնության եք եկել 2003-ին հանրապետությունում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին»: Նախարարի պատասխանել է՝ «Այստեղ ես անհանգստանալու հիմք չեմ տեսնում: Ռուս զինծառայողները եւս կարող են անմիջականորեն մասնակցել այդ զորավարժություններին: Համենայն դեպս ռուսական զինվորական ղեկավարությանը մենք նման հրավեր անպայման կանենք»: Անդրադարձ է եղել նաեւ նրան, որ ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է ռուսամետ կողմնորոշումն ամերիկյանով փոխարինելու մեջ: «Անկեղծ ասած, ես ինձ չեմ համարում ո՛չ ռուսամետ, ո՛չ, առավել եւս, ամերիկամետ քաղաքական գործիչ: Ես ինձ համարում եմ, եթե կարելի է այդպես ասել, հայամետ պետական գործիչ»,- հայտարարել է Ս.Սարգսյանը՝ նկատելով, թե ընդդիմությունը կարող է իրեն ցանկացած մեղադրանք ներկայացնել, բայց «դժվար թե նա ինքը հավատում է նրան, ինչ ասում է»: Ըստ ռուս լրագրողի՝ ՌԴ-ին անհանգստանալու առիթ է տալիս նաեւ այն, որ ՀՀ առանցքային ձեռնարկությունները տրվում են արեւմտյան պետությունների վերահսկողությանը, որի համար մեղադրվողներից մեկը նաեւ Ս.Սարգսյանն է: Մեկնաբանելով այդ հանգամանքը՝ Ս. Սարգսյանը նկատել է, թե այդ համատեքստում հնչող մեղադրանքը հիմնականում վերաբերում է նաեւ ԲԷՑ-երի մասնավորեցմանը: «Իսկ դուք գիտե՞ք, որ այդ նույն ԲԷՑ-երը Ռուսաստանին մեկ կամ երկու անգամ չէ, որ առաջարկվել է: Բայց եթե ռուս գործարարները եւ ռուսական էներգահամակարգի ղեկավարները դրանք ձեռք բերելու ցանկություն չունեն, մենք հո չե՞նք կարող նրանց ուժով ստիպել այդ անել: Մյուս կողմից՝ մենք շահագրգիռ ենք մեր ԲԷՑ-երի զարգացմամբ, ներդրումներով եւ կոնկրետ սեփականատիրոջ առկայությամբ, որը կարող է վերացնել կորուստներն այդ համակարգում եւ այլն: Ուրեմն, ի՞նչ էր մնում մեզ անել»,- հայտարարել է Ս.Սարգսյանը եւ վստահեցրել, որ իրականում ՀՀ-ում գործում են հայ-ռուսական համատեղ բազմաթիվ ձեռնարկություններ: Ըստ նրա, ընդդիմության այդ մեղադրանքներն անհիմն են, անլուրջ, նույնիսկ՝ ծիծաղելի: Առաջիկա նախագահական ընտրություններ մասին Ս.Սարգսյանը կարծիք է հայտնել, թե դրանց քիչ ժամանակ է մնացել, մինչդեռ Ռ.Քոչարյանն իր նախընտրական արշավը չի էլ սկսել. «Նշանակում է՝ նա վստահ է իր հաջողությանը»: Պաշտպանության նախարարը նաեւ ասել է, թե առաջիկա նախագահական ընտրությունները հանգիստ կանցնեն: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ