Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»

Հոկտեմբեր 12,2002 00:00

«Ա1+»-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» Ըստ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի՝ այդպես է կոչվում այն դիմումը, որ ախատեսվածից փոքր-ինչ ուշացումով են ներկայացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:-Դուք միայնա՞կ եք Ստրասբուրգի Եվրոդատարանում ներկայացնելու «Ա1+»- ի շահերը: – Սա առաջին դիմումն է, որ Հայաստանից ներկայացվում է Ստրասբուրգի դատարան: Ընդհանուր առմամբ, մեզ մարտավարական առումով աջակցում են մեր գործընկերները՝ Անգլիայի փաստաբանների միությունը եւ Մարդու իրավունքների քրդական կազմակերպությունը, որը բավականին լուրջ փորձ ունի Եվրոպական դատարանում ընդհանուր գործերի առումով: – Ձեր գործընկերներին իրենց փորձառությունն այս դատարանում ի՞նչ է հուշում, «Ա1+»-ը հնարավորություն ունի՞ հաղթելու Ստրասբուրգում: – Նման նախադեպ չկա, որ գործող հեռուստաընկերությունը մրցույթի մասնակցելու արդյունքում զրկվի արտոնագրից: Փաստաթղթերին ծանոթանալուց հետո նրանց մոտեցումն է, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում: Եվ դիմումն ամենաուշը հոկտեմբերի 18-ին ներկայացնելու ենք Եվրոդատարան: – «Ա1+»-ի նախագահը նշել էր, թե դիմումը ներկայացվելու է հոկտեմբերի 5-ին, ինչո՞վ է պայմանավորված հապաղումը: – Միայն մարտավարական մի խնդրով: Մենք որոշում էինք՝ նպատակահարմար է ներկայացնել մե՞կ, թե՞ երկու դիմում (հիշեցնենք, որ«Ա1+»-ի երկու հայց է քննվել Հայաստանում՝ մեկը սեփականության իրավունքի ոտնահարում, մյուսը՝ արտոնագրից, մասնագիտական գործունեությամբ զբաղվելուց զրկելու բողոքարկում): Չէինք ուզում շտապել, առավել եւս, որ դեռ ժամանակ ունենք մինչեւ դեկտեմբեր: – Հայաստան իր այցի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը հայտնեց, որ «Ա1+»-ի դիմումը կքննվի 2 տարում, եթե չներկայացվեն որոշակի փաստարկներ, որոնցով կհիմնավորվի այս գործի հրատապ քննման անհրաժեշտությունը: Հնարավո՞ր է ներկայացնել նման փաստարկներ: – Այո, ընդհանուր առմամբ, տարիներ է տեւում Եվրոդատարանում գործի լսումը: Գտնում եմ, որ երկու տարին էլ բավական կարճ ժամանակահատված է, քանի որ կան գործեր, որոնք քննվում են 4, 5, 6, 7 տարի հետո: Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահն ասել է, թե «Ա1+»-ի դիմումը կքննվի 2 տարում, ուրեմն, տեսնում են այս հարցի կարեւորությունը: «Ա1+»-ն էլ ունի լուրջ հիմնավորումներ, փաստարկներ: Գտնում ենք, թե հնարավորություն կա այդ ժամկետը կրճատելու, արագացնելու, որ գործը լսվի մեկ կամ մեկուկես տարում: Դա պայմանավորված է երկու խնդրով. չեմ թաքցնի՝ մեկն այն է, թե «Ա1+»-ին հոկտեմբերի 15-ին հայտարարվելիք մրցույթում կտա՞ն արտոնագիր, թե՞ ոչ: Մյուսը չեմ բացահայտի: – Եվրոդատարան հայցով ավելի ո՞ր խնդիրն է հետապնդվում, որ վերականգնվեն «Ա1+»-ի խախտված իրավունքները, եւ այն վերսկսի հեռարձակո՞ւմը, թե՞ որ հեռուստաընկերության նկատմամբ ապօրինություններ թույլ տված բոլոր անձինք ենթարկվեն պատասխանատվության: – Մոտեցումն այս է՝ տեղի է ունեցել իրավունքի խախտում, ժամերի ընթացքում կասեցվել է «Ա1+»-ի ամբողջ գործունեությունը: Բնական է, Եվրոդատարանը կապուղիներ չի տրամադրում, որ հեռուստաընկերությունը դուրս գա եթեր. սա, միանշանակ, իրավունքի վերականգնման խնդիր է: Եվ երկրորդ պլանում են արդեն տնտեսվարող սուբյեկտին՝ կոլեկտիվին եւ սեփականատիրոջը հասցված բավական լուրջ նյութական վնասները: Ընդունված կարգ է, որ պիտի կատարվի այս նյութական վնասների հատուցում: – Հայցադիմումի մեջ որոշակի նշվե՞լ է, թե որքան գումար եք պահանջում փոխհատուցել: – Ոչ, այժմ ոչ մի թիվ չենք նշել: Թվարկել ենք միայն օրենքի այն խախտումները, որոնցով անցկացվել է արտոնագրման գործընթացը: – Դիմումի մեջ կա՞ն այնպիսի փաստարկներ, որոնք չեն ներկայացվել Հայաստանի դատական համակարգի քննությանը: – Փաթեթում թվարկված են բոլոր փաստարկները: Կան նաեւ նոր դրվագներ: Սա շատ բարդ գործ է՝ առնչվում է 4-5 օրենքների, Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում նման մրցույթ եւ այլն: Դժվար չէ եզրակացնելը, որ գործն ուսումնասիրելու, ըմբռնելու համար իրոք ժամանակ է պետք լինելու նաեւ դատարանին: – Նախօրեին հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց նոր մրցույթի պայմանները եւ նորից մի կապուղու համար սահմանեց թեմատիկ ուղղվածություն, այս անգամ՝ «երիտասարդական-երաժշտական»: Արդյոք սա օրինախախտո՞ւմ չէ. նման սահմանափակումներ նախատեսելու իրավասություն ունի՞ հանձնաժողովը: – Նախորդ մրցույթում էլի մի կապուղու համար սահմանվել էր թեմատիկ ուղղվածություն, այդ անգամ՝ «մանկապատանեկան»: Մենք հիմնավորեցինք, որ Ազգային հանձնաժողովն իրավասու չէ նման ընդգծվածություն սահմանելու: Օրենսդիրը չի՛ տվել նրանց այդպիսի իրավասություն: Բայց հոկտեմբերի 15-ի համար նրանք էլի որոշեցին ուղղվածություններ, եւ մրցույթն անցկացնում են առանձին-առանձին կապուղիների համար՝ սա նույնպես օրենքի խախտում է: – Մեկ մրցույթ պիտի անցկացվի ազատ հաճախությունների համար, բայց մի՞թե հոկտեմբերի 15-ին հայտարարվելիք մրցույթն այն կապուղիների համար չէ, որոնք շահագործող հեռուստաընկերությունների արտոնագիրը սպառվում է երկու ամսից: – Ոչ, նրանք բոլորն էլ արտոնագիր չունեն, աշխատում են ժամանակավոր թույլտվությամբ, եւ նրանց զբաղեցրած կապուղիները համարվում են ազատ: Եվ մրցույթը պետք է լիներ միասնական, ընդհանուր: Հիմա հարց է առաջանում, թե իմաստ ունի՞, որ հեռուստաընկերությունները մասնակցեն դարձյալ օրինախախտումներով կազմակերպվող այս մրցույթին, պե՞տք է դատարան բողոքարկեն մրցույթի նման պայմանները: Կարող են մասնակցել ու դատի տալ միաժամանակ: Նրանց իրավունքն է որոշելը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել