Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ծալկայում վերաբացվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին

Հոկտեմբեր 11,2002 00:00

Ծալկայում վերաբացվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին Վրաստանի Ռուսթավա նահանգի Ծալկայի շրջանի 13 հայաբնակ գյուղերից մեկն է Խաչգյուղը, որ հիմնել են 1837 թվին Էրզրումից գաղթած հայերը եւ կոչել պատմական հայրենիքի իրենց գյուղի անունով։ 1843 թվին գյուղում կառուցել են Սուրբ Գեւորգ եկեղեցին։ Այդ եկեղեցում է ծառայել տեր Խորեն քահանա Բուլուդյանը, որը ժամանակի լուսավորյալ մարդկանցից մեկն է եղել եւ ահագին աշխատանք է կատարել գյուղի բարգավաճման համար։ Այսօր այս նույն գյուղում նրա ծոռը, նույնպես Խորեն Բուլուդյան, 22 տարի գտնվելով հայրենիքից հեռու, վերադարձել է (գյուղի հետ կապը միշտ եղել է) եւ վերանորոգել գյուղի եկեղեցին։ Այն վերաբացելու էր եկել Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հ. Բաբկեն աբեղա Սալբիյանը։ Կոլեկտիվացման տարիներից անուշադրության մատնված ու գրեթե կիսաքանդ եկեղեցին այժմ վերականգնված է։ Գրեթե 150 տարի անց վերստին կատարվեց ժամերգություն եւ ծիսական կարգ։ Արարողությանը մասնակցում էին ողջ գյուղը, հարեւան գյուղերի բնակիչներ, գյուղապետեր, հյուրեր, նաեւ Ռուսթավայի նահանգապետ Լեոն Մամալաձեն։ Ելույթներ եղան՝ այո՛, դժվար է ապրել այդպիսի պայմաններում եւ չկորցնել հավատը։ Միասնությունն է, որ ուժ է տալիս։ Հայրենիքի հանդեպ կարոտ ու նաեւ վիրավորվածություն կար՝ նրանց քիչ են հիշում։ Մի կողմից ծանր կյանքը, մյուս կողմից՝ անընդհատ հնչող սին խոստումները եւ դրան հակառակ տարվող իշխանական քաղաքականությունը ջլատում է մարդկանց տոկալու եւ արարելու կամքը։ Գրեթե ոչինչ չի արվում հավատավոր ու հայրենասեր այդ մարդկանց օգնելու համար։ Ապրում են նրանք դրսից ուղարկված գումարներով։ Գյուղի տղամարդկանց 50%-ը դրսում է աշխատում։ Խորեն Բուլուդյանը նույնպես 22 տարի առաջ հեռացել է հայրենի գյուղից եւ իր եղբայրների հետ (5-ից 4-ը այնտեղ են) հեռավոր Ալթայի երկրամասում զբաղվում է դեղաբույսերի արտադրությամբ։ Եկեղեցին պիտի լինի այն կենտրոնաձիգ ուժը, որի շուրջ համախմբվելու են օտար ափերում դեգերող մեր հայրենակիցները։ Ճանապարհին հանդիպում էին այնպիսի գյուղեր, ուր յուրաքանչյուր տուն ուներ իր աղոթատեղին։ Դարերում կոփված հզոր հավատն է մեզ պահել, իսկ այսօր Ծալկայի շրջանի 13 հայաբնակ գյուղերը ոչ մի հոգեւոր ներկայացուցիչ չունեն։ Մի՞թե Մայր աթոռը չունի հնարավորություն օտար ափերում ապրող մեր հայրենակիցներին սատար կանգնելու։ Կարծում ենք, հոգեւորի եւ հայապահպանության այս խնդիրներն այսօր շատ կարեւոր են եւ պիտի լինեն ուշադրության կենտրոնում։ Շատ չէ նրանց պահանջը. ընդամենը մարդիկ մկրտվել, ամուսնանալ ու մեռնել են ուզում հայեցի։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել