Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ասել, թե չասել. այս է խնդիրը

Հոկտեմբեր 11,2002 00:00

Ասել, թե չասել. այս է խնդիրը Ամերիկյան ութ ուռուցքաբաններ են հրավիրվել մասնակցելու «Բժշկական էթիկան Հայաստանում- քաղցկեղով հիվանդների իրավունքն իմանալու ճշմարտությունը» գիտագործնական համաժողովին։ «Մենք դեռեւս պատրաստ չենք նման թեմայով գիտաժողովի, քանի որ բժշկական էթիկայի հարցերը դուրս են մնացել մեր ուսուցողական եւ գիտագործնական աշխատանքների ծրագրից, չկա այդ խնդիրը կարգավորող օրենք, ուրեմն մեզ մնում է միայն շնորհակալություն հայտնել այս թեմայի քննարկման համար եւ վերջ»,- հաղորդեց առաջին զեկուցող պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը։ Բայց, այնուամենայնիվ, «վերջ»-ից հետո կարծիք հայտնեց, որ եթե, ասենք, ԱՄՆ-ում ընդունելի է քաղցկեղով հիվանդին տեղեկացնել այդ մասին, ապա Հայաստանում դա ճիշտ չի լինի անել։ «Ինչո՞ւ, որովհետեւ այնտեղ հիվանդների 60-70%-ի մոտ հայտնաբերվում է առաջին կամ երկրորդ փուլում, երբ դեռ կարելի է բուժել հիվանդին, մեզ մոտ՝ ընդհակառակը, 60-70%-ն այդ մասին իմանում է 3-4-րդ փուլերում, երբ կարելի է երկարացնել, բայց ոչ փրկել կյանքը»,- շարունակեց ուռուցքաբանության հանրապետական գիտկենտրոնի տնօրենն ու եզրակացրեց, որ կարելի է մեր հիվանդներին տեղեկացնել միայն սկզբնական փուլերում, հակառակ պարագայում իրազեկել կարելի է միայն հարազատներին։ Անշուշտ, այս դեպքում խախտվում է հիվանդի իրավունքն՝ իմանալու իր հետ կատարվածի մասին ճշմարտությունը, բայց քաղցկեղով դատապարտվածների մեծ մասը պատրաստ չէ դրան, նույնիսկ ինքնասպանությունների փաստեր կան։ Այս առումով մի հետաքրքիր փաստ նշեց ուռուցքաբանության դիսպանսերի տնօրեն Գագիկ Բազիկյանը. վերջին 20 տարիներին հանրապետությունում 13 հազար մարդ է բուժվել քաղցկեղից եւ լիակատար առողջ ապրում է, չիմանալով անգամ, որ ինքը հաղթահարել է այդ սոսկալի հիվանդությունը։ Այդ մասին իմացել են միայն հարազատները եւ թաքցրել։ «Այսօր բարձրաձայն քննարկվում են նախկինում հույժ գաղտնի բոլոր վեներական հիվանդությունները, բայց քաղցկեղի մասին լռում են, կարծես նույնն է, թե՝ մահվան մասին խոսեն»,- նշեց պարոն Բազիկյանը։ «Պետք չէ վախենալ մահից, դա մեր կյանքի մի մասն է,- թեման շարունակեց վաշինգթոնցի ուռուցքաբան Էնն Արչըրը,- մենք պետք է հոգեբանական ուժ տանք հիվանդին՝ արժանապատիվ ընդունել իր հիվանդության մասին տեղեկությունը, դա նրա ե՛ւ իրավունքն է, ե՛ւ պատասխանատվությունը՝ հետագա բուժմանը հետեւելու»։ Տիկինը նաեւ նկատեց, որ մեզ մոտ զարմանալիորեն ցածր է հետազոտման սարքավորումների որակը, քարոզչության մակարդակը, իրավական դաշտը։ Այսպիսով, «գիտաժողովականները» եզրակացրին, որ Հայաստանը պետք է մտնի ուռուցքների «թեքումով» անցումային փուլ. նախ տեղեկատվական բոլոր միջոցներով ժողովրդին պետք է հայտնի դարձնել, թե ինչ բան է քաղցկեղը, հետո ընդունել օրենք, որով կամրագրվի բժիշկ-հիվանդ շփումն ու հարաբերությունը՝ հիվանդության մասին ասել-չասելու հետ կապված։ Ժողովրդի տեղեկացվածությունն օգնել է, օրինակ, որ նույն ԱՄՆ-ում վերջին տասնամյակներում միայն արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների 26 հազար թիվը նվազի եւ հասնի 5 հազարի։ Դա՝ բազմամիլիոնանոց երկրում։ Իսկ Հայաստանում բնակչության թիվը որքան նվազում է, քաղցկեղակիրների թիվը, ընդհակառակը, աճում է։ Այժմ հաշվառված է 5666 (ի՜նչ թիվ է՝ 3 հատ 6) քաղցկեղով հիվանդ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել