Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՌԴ-Վրաստան-ԱՄՆ եռանկյունում

Հոկտեմբեր 11,2002 00:00

ՌԴ-Վրաստան-ԱՄՆ եռանկյունում Վրաստանի պաշտոնյաները վստահաբար հայտնել են, որ Պանկիսի կիրճում ահաբեկիչներ այլեւս չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովը հայտարարեց, որ իր տվյալներով չեչեն եւ այլազգի ահաբեկիչների խմբերը շարունակում են գտնվել կիրճում: Մինչդեռ Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն ՄԱԿ-ին ուղերձ է ուղղել, որում փորձում էր ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա, ասելով, մասնավորապես, որ ահաբեկիչները գալիս են Ռուսաստանից Վրաստան, այլ ոչ հակառակը, որ Ռուսաստանը հրաժարվում է համագործակցել մի շարք միջադեպերի քննության հարցում։ Վերջին՝ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպը, երբ ահաբեկիչների ջոկատը անցում անելով Պանկիսի կիրճից Դաղստան, հարձակվել է Գալաշկի բնակավայրի վրա, առավել ցայտուն է։ Հարցն այն է, որ ջոկատի տեղաշարժը Վրաստանից Դաղստան մանրամասնորեն արձանագրված է բրիտանական լրագրողի տեսաերիզներում, որոնք ռուսները հայտնաբերեցին Գալաշկիի մոտ սպանված լրագրողի պայուսակում։ Ինչպես ասում են, փաստերն անհերքելի են։ Իսկ ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա Սոչիում Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ վրացիները հրաժարվում են որեւէ համագործակցությունից՝ անգամ չեն ուզում տեղեկատվություն տրամադրել ահաբեկիչների խմբերի տեղափոխումների մասին։ Ավելին, կան բազմաթիվ փաստեր, որ Վրաստանի հատուկ ծառայությունները համագործակցում են ահաբեկիչների հետ եւ անգամ տարաբնույթ օգնություն են ցուցաբերում նրանց։ Երեւում է, որ Ռուսաստանի համբերության բաժակը լցվել է, այդ երկրի արտգործ եւ պաշտպանության նախարարները շտապ մեկնեցին ԱՄՆ՝ ՌԴ-ի դիրքորոշումը պարզաբանելու նպատակով։ Կարելի է ենթադրել, որ Իվանովները անհերքելի փաստեր ներկայացրին ամերիկյան ղեկավարությանը, քանզի այդ հանդիպումներից հետո ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ, ըստ առկա տեղեկատվության, Եմենում եւ Վրաստանում ահաբեկիչների մեծ ճամբարներ են գործում եւ եթե այդ տեղեկությունները ճշտվեն, ապա ԱՄՆ-ն համապատասխան գործողություններ կձեռնարկի։ Փոխնախարարը համոզված է, որ այդ երկրների ղեկավարները ի զորու չեն լուծել ահաբեկիչներին չեզոքացնելու խնդիրը։ Փաստորեն, ամերիկացիները սկզբում «շիրա տվեցին» վրացիներին ռուսների դեմ, իսկ հիմա հետ են քաշվում, ինչպես եւ ենթադրում էինք («Առավոտ», թիվ 171, էջ 6)։ Հասկանալով ԱՄՆ-ի դիրքորոշումը, Ռուսաստանը կոշտացրեց ճնշումը Վրաստանի հանդեպ՝ պաշտպանության նախարար Իվանովը եւս մեկ անգամ շեշտեց, որ Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել ահաբեկիչներին հենց Վրաստանի տարածքում, իսկ «տնտեսական ճակատում» Ռուսաստանը պահանջում է անհապաղ վերադարձնել էներգակիրների համար կուտակված բազմամիլիոն պարտքերը։ Հակառակ դեպքում, Ռուսաստանը Վրաստանից (ինչպես եւ Հայաստանից) պահանջում է իր տնօրինությանը հանձնել կարեւորագույն էներգետիկ օբյեկտները։ Տվյալ դեպքում էլ «Վրաստանի ընկեր» Բուշը օգնում է միայն խորհրդով՝ նա խորհուրդ է տալիս Շեւարդնաձեին չտրամադրել Ռուսաստանին այդ օբյեկտները։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ անել, եթե փող չկա։ Երկրորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ Բուշը նման «խելոք» խորհուրդներ չի տալիս Հայաստանին։ Կիրակի օրը ռուսական հեռուստատեսությունը ներկայացրեց ապացույցներ, որ Վրաստանի հատուկ ծառայությունները ոչ միայն համագործակցել են չեչեն գրոհայինների հետ, այլեւ «ղեկավար» ցուցումներ են տվել նրանց, տրամադրել զենք եւ զինամթերք։ Վտանգավոր է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հակամարտության մեջ փորձում են ներքաշել Ջավախքի հայերին, որոնք ներկայացվում են որպես ինքնավարության կողմնակիցներ։ Սակայն Քիշնեւում կայացած Պուտինի եւ Շեւարդնաձեի հանդիպումը հույս է ներշնչում, որ առճակատումը դեռ կարող է լուծվել «խաղաղ» ճանապարհով։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել