ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ Լուսանկարիչ Գերման Ավագյանի վերջին տարիների աշխատանքի գլխավոր թեման երեխաներն են, այն էլ՝ մտավոր կամ ֆիզիկական արատներով երեխաները։ «Ինչո՞ւ, որովհետեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել զանազան արատների դրդապատճառներին, որպեսզի դրանք կանխվեն ժամանակին, մե՛ր ապագան է, չէ՞, վտանգվում»,- բացատրեց նա։ Հենց այդ մտահոգությամբ էլ սկսվեց վերջին հավաքածուի աշխատանքը։ «1988-89 թվերին, երբ սկսեցի նկարել շարքը՝ «Կյանքը թույլ տեսնող երեխաների դպրոցում», ծանոթացա երեխաների հետ, որոնք կորցրել են իրենց տեսողությունը մարտական վայրերում թողնված զինամթերքի պայթյունի հետեւանքով»,- պատմում է լուսանկարիչը։ Խոսքը վերաբերում է խաղաղ ժամանակներում, Արցախի կռվի զինադադարից հետո մեր բանակի անփութորեն թողնված ականներին ու փամփուշտներին, որոնք քիչ չէին Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանային գոտում։ Անտերության մատնված զինամթերքը չէր հետաքրքրել մարտի դաշտից հեռացողներին ու աստիճանաբար վերականգնվող գյուղերում ամեն ինչից անտեղյակ երեխաներ են վնասվել ու վնասվում մինչ օրս։ Բացի մեր զինվորների անփութությունից, տեղաբնակ նախկին ֆիդայիներն էլ իրենց նեղություն չեն տվել հանձնել զինամթերքը, չգիտես թե ինչից եւ ումից վախենալով, ու շպրտել են դրանք դաշտերում։ Դե, գյուղի երեխան էլ հայտնի է իր «ազատասիրությամբ», նա կարող է հասնել ուր ասես, մոտիկ դաշտերում, առանց մեծերի զբոսնելն էլ խնդիր չէ։ Եվ ահա՝ ցավալի դեպքերը հաջորդում են միմյանց։ Որքա՞ն է նրանց ստույգ թիվը՝ հայտնի չէ, մոտ 50 երեխայի հասցե մեծ դժվարությամբ հայթայթել է Գերմանը։ «Երբ ես փորձեցի ճշտել այդ երեխաների ցուցակը, պարզվեց, որ նման ցուցակ չկա,- պատմեց նա,- նրանք առանձնացված չեն բնածին կամ ավտովթարների կամ այլ պատճառով հաշմանդամ դարձած երեխաներից։ Բժշկական հանձնաժողովների համար բոլորն էլ նույնն են, անկախ պատճառից, ու հավասարապես ստանում են նույն թոշակը»։ Ասել է թե, մեծերը, որոնք տուժել են արցախյան պատերազմից, թոշակավորվում են հատուկ կարգով, իսկ փոքրերը, որոնք տուժել են նույն այդ պատերազմից, թոշակավորվում են հաշմանդամության իրենց կարգն ունեցող մյուս երեխաների պես։ Երբեմն էլ մեղադրվում են՝ «թող տնից ու ծնողներից հեռու չգնային»… «Ի վերջո, Սամվել անունով մի վիրաբույժից հաջողվեց գտնել այդպիսի երեխաների ցանկ (նրանց անձամբ վիրահատել էր Սամվելը 8-րդ հիվանդանոցում), թվով 24 երեխա, որոշ ժամանակ անց այս նախագիծս շահեց մրցանակ՝ շվեդական ERNA VICTOR HASSELBLAD ֆոնդի կողմից, հատկացվեց ֆինանսավորում եւ ես այժմ աշխատում եմ այդ ծրագրի վրա»,- շարունակեց Գերմանը։ Նշենք, որ եւս 26 երեխայի հասցե տրամադրել է Արցախում գործող HALLO TRUST ընկերության մասնաճյուղը։ Աշխատանքը հեշտ չէ, լուսանկարիչն ամեն մի երեխային ծանոթանալու եւ լուսանկարելու համար առանձին ճանապարհ է հաղթահարում, երբեմն՝ երկար համոզում նրան կամ ծնողին, բայց՝ ոչինչ, գլխավորը նպատակն է։ Իսկ այդ մասին Գերման Ավագյանն ունի իր տեսակետը. «Երբ մեծերը զգուշացնում են, երեխան կարող է չլսել ու անել հակառակը, իսկ երբ այդ մասին տեղեկացնում է հասակակիցը՝ արդեն ազդեցիկ է։ Ես մտադիր եմ լուսանկարների իմ հավաքածուն (վնասվածք ստացած երեխաների պատմությամբ) թողարկել առանձին գրքով եւ օրինակներ բաժանել բոլոր դպրոցներին։ Թող երեխաները պատմեն երեխաներին, թե ինչ է լինում, երբ…»։ Անշուշտ, դա շուտ չի լինի, եւ եթե նույնիսկ փայլուն արդյունք ունենա այս ծրագիրը, դեռ ժամանակ կա այն ամբողջացնելու։ Իսկ մինչ ա՞յդ, էլի՞ պետք է հաշմվեն երեխաներ խաղաղ պայմաններում, խաղաղ ժամանակ։ Չէ՞ որ դեպք է եղել, երբ 2 տղաներ (9 տարեկան) փորձել են սղոցել գտած ականը, որպեսզի առանձին-առանձին հանձնեն որպես գունավոր մետաղ ու ստանան ինչ-որ 70 կամ 100 դրամ։ Արդյունքում ականը պայթել է, մեկը մահացել է, մյուսը փրկվել է անդամահատությամբ։ Գոնե կարելի է փակել գունավոր մետաղների ընդունման կետերը այդ տարածքներում՝ փոքրիկների վտանգավոր շահագրգռությանը վերջ տալու համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ