Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ

Հոկտեմբեր 11,2002 00:00

ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ Ի՞նչ սրտով ուսուցիչը դառնա կառուցողական Վերջերս ԿԳ նախարարի՝ դպրոցներում պետական խորհրդանիշերի անկյուն ստեղծելու մասին հրամանը մամուլին դրդեց ծայրահեղ մեկնաբանությունների. երեւույթը, սակայն, ավելի շատ բացասական արձագանքներ գտավ՝ խորհրդային ավանդույթների վերադարձ, բոլշեւիկյան դաստիարակություն, կռապաշտություն, անձի պաշտամունք եւ այլն: Ոմանք ասում են, թե Եվրոպայում էլ են եղել, բայց նման երեւույթի չեն հանդիպել, որ դա հատուկ է միայն բիրտ ասիացիներին, սակայն տեսնողներ էլ են եղել, եւ ոչ ավել, ոչ պակաս՝ Ամերիկայում: Չգիտեմ, թե Ամերիկայի փորձը մեր ասիացի եվրոհայրենակիցները որքան ճիշտ կկրկնօրինակեն, որ զավեշտի չհասնի, քաղաքացիական դաստիարակություն ասվածը ով ինչպես կհասկանա, բայց խորհրդանիշերի անկյուն ստեղծելը հաստատ միակ նորամուծությունը չի լինի: 2001 թվականի սեպտեմբերին ԱՄՆ պետքարտուղարության Կրթական եւ մշակութային բաժինը Միջազգային հետազոտությունների եւ փոխանակումների խորհուրդ (Այրեքս) կազմակերպության հետ սկսեց 2001-2003 թվականներին իրականացվելիք ծրագրերը, որոնցից առաջինը Տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստմանն էր առնչվում: Սրանից էլ ծնվեց 2-րդը՝ միջին դպրոցի ուսումնական պլանի մշակման եւ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որի նպատակն է նպաստել հայկական կրթական համակարգի ուժեղացման եւ լիբերալացման գործընթացին, հնարավորություն ընձեռել ուսուցիչներին՝ ծանոթանալ առաջադեմ ուսուցման մեթոդաբանությանը եւ կիրառել իրենց ամենօրյա աշխատանքում: Ծրագրի մշակմանն ի դեպ մասնակցել են ԱՄՆ մեկնած մեր 6 հայ մասնագետները: Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն Վ. Մարտիրոսյանի կարծիքով, համակարգ տեղափոխելու շատ բան կա, եւ այս ծրագրերի առավելությունն այն է, որ չնվազեցնելով ստանդարտները, ազգային մենթալիտետի հաշվառումով՝ մտցվում են նոր կիրառական որակներ, հմտություններ, քաղաքացիական դաստիարակության դետալներ: Չմոռանալով, որ կրթությունն ինքնին շատ պահպանողական է, այնուամենայնիվ, մեր մասնագետները գտնում են, որ մեր ուսուցիչները կարիք ունեն վերափոխվելու, եւ շատ սովորույթներից, մեթոդներից ձերբազատվելու անհրաժեշտություն կա: Բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես մեր ավագ սերնդի ուսուցիչները կհարմարվեն այս նորամուծություններին: Ինչպե՞ս նրանք կվերափոխվեն կառուցողական ուսուցիչների: Իսկ ծրագիրը ընդլայնվելու լուրջ հեռանկարներ ունի: Առաջիկա 5 տարում համաշխարհային բանկի եւ կառավարության աջակցությամբ նախատեսված է մշակել ծրագրեր, որոնք կվերանայեն ուսումնական պլանների չափորոշիչները, գիտելիքը կմատուցվի քաղաքացիական դաստիարակության համատեքստում: Այնուհետեւ պետք է այդ գիտելիքները կարողանալ ճիշտ կիրառել գործնականում, կարեւորել ուսուցչի դերը, նրա՝ վճիռներ կայացնելու իրավունքը եւ ներդնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ: Նորամուծություններից հիմնականը կառուցողական մեթոդաբանությունն է, որտեղ կառուցողական ուսուցիչը հանդես է գալիս իբրեւ միջնորդ՝ սովորողների եւ միջավայրի միջեւ: Օրինակ, կառուցողական մեթոդներով աշխատող ուսուցիչը թույլ է տալիս, որ աշակերտներն իրենց պատասխաններով ուղղորդեն դասը, վերափոխեն դասավանդման ռազմավարությունը, դասի բովանդակությունը: Աշակերտին առաջադրվում են բովանդակային եւ բաց հարցեր (հաճախ հակասական մեկնաբանությունների տեղիք տվող), ինչպես նաեւ դրդում նրանց՝ հարցեր տալ միմյանց: Կառուցողական ուսուցիչը խրախուսում եւ ընդունում է աշակերտների ինքնուրույնությունն ու նախաձեռնությունը եւ այլն: Այս նախաձեռնությանը հավանություն տվեց նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը՝ ողջունելով միջազգային կազմակերպությունների ակտիվությունը նման ծրագրերի իրականացման հարցում, քանզի պետությունն ի զորու չէ դրանք իրագործելու՝ ֆինանսական պատճառներով: Բայց պետությունը պետք է ուսուցչի սոցիալական վիճակը ճիշտ «կառուցի», որ վերջինս գոնե խթան ունենա դառնալու կառուցողական: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել