Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԻ ԱՄԱԼՅԱՆ ԷԼ՝ ԳԻԴԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 11,2002 00:00

ՄԻ ԱՄԱԼՅԱՆ ԷԼ՝ ԳԻԴԵՐԻ ՀԱՄԱՐ Դատելով վերջին որոշումից, կառավարությունը գրաքննության նոր ձեւ ու ոլորտ է գտել։ Քանի որ զբոսաշրջությունը «վերջին տարիներին լուրջ զարգացումներ է ապրում», ուստի «զարգացման այս փուլում խնդիր կար կարգավորել ծառայություններ մատուցողների եւ այդ ծառայությունները սպառողների հարաբերությունները»։ Այս անհրաժեշտությամբ էլ կառավարությունը երեկ ընդունեց «Զբոսաշրջության եւ զբոսաշրջության գործունեության մասին» օրինագիծը։ Թվում է, ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող կապ լինել գրաքննության ու զբոսաշրջության միջեւ, բայց այս օրինագծի որոշ պահանջների ուրիշ որակում չես տա։ Բանն այն է, որ օրինագծով նախատեսվում է նաեւ գիդ-էքսկուրսավարների, թարգմանիչների «որոշակի լիցենզավորում»։ Ըստ կառավարության պարզաբանումները ներկայացնող ՀՀ առեւտրի եւ տնտեսության զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանի, հայաստանյան տուրիզմը սպեցիֆիկ է եւ մարդիկ Հայաստան են գալիս ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը բավարարելու համար։ Այս պատճառով էլ, ըստ կառավարության, կարեւոր է, որ մեր երկրի մշակույթը, պատմությունը ճիշտ մատուցվի օտարներին ու հյուրերին։ «Որովհետեւ մի հատ գիդի ոչ ճիշտ ներկայացնելը կարող է ազդել ողջ երկրի իմիջի վրա»,- ասաց Արա Պետրոսյանը։ Սակայն հայտնի է, որ հայ պատմաբանները մեր պատմության դրվագների ու դեպքերի շուրջ կարծիքներ հայտնելիս մի քանի խմբերի են բաժանվում։ Չնայած հատով է հաշվում պարոն փոխնախարարը, բայց սեփական դատողությունների վրա հիմնված գիդը կարո՞ղ է, չէ՞, դրանցից մեկն ընտրել։ Պարզվում է, տարբեր գերատեսչությունների մասնագետներից հանձնաժողով պիտի կազմվի, որն էլ կորոշի այս «տեխնիկական», այսինքն՝ անհատի, տվյալ դեպքում՝ գիդի, համոզմունքի «հարցը»։ Պետությունը ներկայացնելու հարց կա, բայց թվում է, տնտեսվարողի խնդիրն է իր գիդի որակն ու իր կորցնելիք կամ շահելիք հաճախորդների (զբոսաշրջիկների) քանակը։ Կառավարությունն այդպես չմտածեց, հետեւաբար, «Հայկական ժամանակի» թղթակիցը տրամաբանական հարց ուղղեց. «Գիդը կարո՞ղ է լիցենզիայից զրկվել կամ չստանալ, եթե, ասենք, չի ընդունում, որ Տղմուտ գետի ափին 451 թվականին բարոյական հաղթանակ ենք տարել»։ Պարոն փոխնախարարը չասաց՝ «ոչ», այլ. «Ասում ենք գիդը, թարգմանիչն առանցքային ֆիգուրա է։ Հետագա կարգը՝ կհասնե՞նք Տղմուտ գետ, թե՞ կսահմանափակվենք Հրազդան գետով՝ կորոշենք»։ Այսինքն, ասվածից հասկանա՞նք, որ մի օր էլ գիդերից կպահանջվի Հայաստանի պատմության մասին տրված տեքստն անգիր արտասանելուց հետո հավելել. «Տեսեք, ինչ անհոգ ու երջանիկ են ապրում այս երկրում մարդիկ»։ Կամ, վերջապես, ո՞վ կերաշխավորի, որ այդ տեքստից հետո չի ասի, թե իրականությունն այլ է։ Իհարկե, ընդունելի է կառավարության դիրքորոշումը, որ պետք է կանոնակարգել ոլորտը, բարձրացնել գիդերի ինտելեկտուալ մակարդակն ու էթիկան։ Բայց նրանց ասելիքը «խմբագրելու» փոխարեն գուցե հարկավոր է բազմակողմանի կրթությո՞ւն պահանջել։ Հետաքրքիր է, որ արդարադատության նախարարությունն է, ըստ Ա. Պետրոսյանի, դրական եզրակացություն տվել «Լիցենզավորման մասին» օրենքին հակասող այս օրինագծին։ Խնդիրն այն է, որ «Լիցենզավորման մասին» օրենքը, որը նույնպես վերջերս է ընդունվել, բավականին «թեթեւացված» էր լիցենզավորվելիք ոլորտների առումով եւ բավականին հստակեցված էր դաշտը։ Ըստ Ա. Պետրոսյանի, հետագայում այս օրենքում համապատասխան փոփոխություն կկատարվի։ Հանուն արդարության հարկ է նշել, որ կառավարության բոլոր անդամները չէ, որ համաձայն են եղել գիդերի լիցենզավորման մասին դրույթին, որը եւ մեծ քննարկումների եւ անհամաձայնությունների տեղիք է տվել, բայց, ի վերջո՝ ընդունվել։ Օրինագիծն առայժմ աչքաթող է անում տրանսպորտային սպասարկման հարցերը, որովհետեւ «բավականաչափ մրցակցություն չկա՝ ինչպես հյուրանոցների դեպքում»։ Օրինագծի մնացած դրույթները (ավելի ճիշտ՝ պրն Պետրոսյանի ներկայացրածները) հիմնականում ընդունելի են. հյուրանոցատերն այսուհետ չի կարող ուզած քանակով «աստղեր շարել իր օբյեկտի ճակատին»՝ որպես կլասի նշան։ Դրանք շնորհելու է հատուկ հանձնաժողովը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, չպարտադրելով, որ բոլոր հյուրանոցները հավակնեն աստղեր ստանալու։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել