Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է

Հոկտեմբեր 11,2002 00:00

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Նախ պետք է նշել, որ Աստծո անունը չի կարելի շահարկել. առավել եւս՝ «Աստծո տեղակալ» արտահայտությունը գործածել, ինչպես վարվել է կոմունիստ պատգամավոր Խորեն Սարգսյանն իր՝ «խոսքս ուղղում եմ Աստծո տեղակալին» արտահայտության մեջ։ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ պատգամավորի հղած «Խորհրդային ժամանակներում աղանդները կարո՞ղ էին մուտք գործել Հայաստան եւ թափանցել դպրոց, նվաճել դահլիճներ, գյուղեր ու քաղաքներ, նույնիսկ եկեղեցիներ» դիտարկմանն ի պատասխան՝ հարկ է նկատել, որ Խորհրդային Միության գոյության 70 տարիների ընթացքում ոչ ոք չէր համարձակվում անգամ բարձրաձայն խոսել Հայ եկեղեցու առաքելության, դարավոր արժեքների մասին։ Բնականաբար, այդ 70 տարվա ընթացքում, երբ Հայ եկեղեցին մերժված կարգավիճակում էր գտնվում, աղանդների գործունեությունը բացարձակապես անհնարին էր։ Նշենք նաեւ, որ մեր օրերում Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է խղճի, դավանանքի ազատության սկզբունքով։ Կոմկուսն առաջարկում է առաջնորդվել ինկվիզիցիայի սկզբունքներով, որոնք անհարիր են Հայ Առաքելական եկեղեցուն։ Հայ Առաքելական եկեղեցին միշտ քարոզել է աստվածային սեր եւ ներողամտություն։ Աղանդները, չունենալով պատմական հիմք եւ հայրենիք, չեն կարող իրենց կայուն տեղը հաստատել հայ հասարակության մեջ։ Կոմունիստ Թռչունիչի՝ կաթողիկոսին ուղղված «Եթե Աստված կա, ինչպե՞ս է ներում Ձեզ» հարցին պատասխանում ենք. Հայ Առաքելական եկեղեցին ամենահանդուրժող, ամենաներողամիտ եւ ամենակարողն է։ Աստված կարող է ներել բոլորին, նաեւ՝ անհավատներին, նույնիսկ ամենածանր հանցագործներին, եթե նրանք դարձի գան, ապաշխարեն։ Եթե հավատանք ԶԼՄ-ներին, Թռչունիչը համոզված է, որ Հայոց հայրապետը դժգոհ է այն ժամանակներից, որը ծնել է Վիկտոր Համբարձումյանի նման գիտնականի։ Հայ Առաքելական եկեղեցին միշտ օրհնել եւ օրհնում է հայ ազգի բոլոր զավակներին։ Մեր ժողովուրդը բոլոր դարերում արժանավոր զավակներ է ունեցել. Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Դավիթ Անհաղթ, Կոմիտաս եւ այսպես շարունակ։ Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական կարգը աստվածահաստատ, սուրբ եւ հարատեւող արժեք է։ Նվիրապետության գլուխն Ամենայն Հայոց կաթողիկոսն է։ Մեր դիտարկմամբ, Թռչունիչը նման է մի մարդու, որ մուրճը ձեռքին փորձում է հարվածել հավերժահաստատ Արարատին։ Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ Ռուսաստանի թեմի առաջնորդի հասցեին Թռչունիչի կողմից արված հայտարարություններին, գտնում ենք, որ եթե նման մոտեցումները դիտավորություն չեն, ապա պարզապես թյուրիմացություն են։ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել