ԱԱՆ-ն ու ՆԳՆ-ն սկսել են «աշխատել» ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանի «աչքալուսանքին»՝ թե Կենտրոն համայնքում 41 քվեատուփ չկա, հետամուտ, «Առավոտը» իր հերթին պատասխան «աչքալուսանք» է տալիս. 41 ընտրատեղամաս եղել է 1999թ. ընտրությունների ժամանակ, այժմ այդ համայնքում 51 ընտրատեղամաս է՝ հետեւաբար 51 քվեատուփ է անհրաժեշտ։ Որպես ամենաշահագրգիռ անձ, թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոհար Քյալյանից փորձեցինք պարզել անքվեատուփ ընտրատեղամասերի հետագա ճակատագիրը։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ) այդ առիթով դիմել է ԿԸՀ-ին (օրենսդրությամբ գումարներ տրամադրողն այդ ատյանն է) եւ «այսօր-վաղը» ԸԸՀ-ն յուրաքանչյուր արկղի համար կստանա 10 հազարական դրամ։ Բացի այդ՝ չկան նաեւ քվեախցիկներ, անհրաժեշտ են ընտրատեղամասերը նշող պաստառներ եւ այլն։ Քվեատուփերի ու քվեախցիկների պատրաստումը պատվիրված է «Հրանտ-պայծառ աստղ» ՍՊԸ-ին, քանզի, ըստ տիկին Քյալյանի, անցկացված մրցույթի արդյունքում պարզվել է, որ միայն այդ ՍՊԸ-ն է «տեղավորվում նման քիչ գումարի մեջ»։ Այդ առիթով Կենտրոնի թաղապետարանի աջակցությունից ԸԸՀ նախագահը հրաժարվել է՝ միայն «ստվեր չգցելու գործող թաղապետ, թաղապետի թեկնածուի վրա», քանզի, առանց այդ էլ «տարբեր թեկնածուներ դեմագոգիկ հայտարարություններ են անում», իբր Ա. Զուրաբյանը «մեքենան իր օգտին է աշխատեցնում»։ Ի դեպ, ԿԸՀ-ն այժմ քվեատուփերի նոր՝ մի կողմը թափանցիկ, տարբերակի մշակման վրա է աշխատում։ Պատրաստվելիք 51 քվեատուփերն այդ օրինակով պատվիրելու առաջարկը մերժվել է, ինչպես Գ. Քյալյանը պատճառաբանեց. «ԿԸՀ-ն նոր շենք է տեղափոխվել, խառը վիճակում են…»։ Ստացվում է, որ ԿԸՀ նախագահի «պետական միջոցները չփոշիացնելու» ցանկությունը նպատակին չի ծառայում։ Իսկ ինչ վերաբերում է մտավախությանը, թե ոչ թափանցիկ քվեատուփերում հնարավոր է նախապես քվեաթերթիկներ լինեն՝ ԸԸՀ նախագահը նկատեց. «Թափանցիկ քվեատուփն էլ կարելի է մանտիրովկայով բացել եւ քվեաթերթիկ լցնել»։ Իսկ ամենազավեշտականն այն է, որ ըստ ԸԸՀ նախագահի, թաղապետի եւ ավագանու շատ թեկնածուներ «օրենքը չգիտեն»՝ որ նախընտրական հիմնադրամ պետք է ունենան, որ վճարովի եւ անվճար գովազդի հավասար իրավունքներ ունեն եւ այլն։ «Մարդիկ դեռ պետք է սովորեն, որ ընտրությունը դա օրենք է»,- ասում է Գ. Քյալյանը, այն պարագայում, երբ երկրի իշխանություններն՝ ի դեմս տարածքային կառավարման նախարարի, «ակնկալում» են, որ տեղական ինքնակառավարման մարմիններում գրագետ մարդիկ «ընտրվեն», որպեսզի իրենց համար խնդիրներ չստեղծեն։ Նման իրավիճակի պարագայում՝ անսպասելի չէ նաեւ ներքին գործերի եւ ԱԱՆ-ի միջամտությունը։ Նախորդ օրը ԱԱՆ-ի ներկայացուցիչները թիվ 15 ԸԸՀ նախագահից պահանջել են տեղամասային ընտրական հանձնաժողովների ցուցակները։ Իսկ Արաբկիրի ՆԳ բաժնի պետ Թովմասյանը եւ Կենտրոնի ՆԳ բաժնի պետ Միրիջանյանը գրավոր դիմել են ԸԸՀ-ին՝ «ծառայական անհրաժեշտությունից ելնելով տրամադրել տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ անդամների տվյալները»։ Ընտրական օրենքով արգելված է նման տեղեկատվություն տրամադրելը։ Իսկ Գ. Քյալյանը գտնում է, որ «ծառայական անհրաժեշտությունից ելնելով նրանց բավարար է տեղամասային հանձնաժողովի հեռախոսահամարը եւ հանձնաժողովի նախագահի անուն-ազգանունը։ Եթե մտադիր ենք դառնալ քաղաքակիրթ ազգ, պետք է այս ընտրություններից սկսենք. թողեք այդ մարդիկ հանգիստ աշխատեն»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ