ՈՉ ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՆ, ՈՉ ԷԼ ՇԱՀԱՐԿՈՒՄ Ինչո՞վ է պայմանավորված, որ քաղաքական ուժերը գրեթե անտարբերությամբ ընդունեցին այս իրողությունը՝ Եվրախորհրդի ընդունած բանաձեւերում օգտագործվեց «օկուպացված տարածքներ» ձեւակերպումը, եւ ղարաբաղյան հակամարտությունը բնորոշվեց որպես տարածքային վեճ: Մինչդեռ միայն պատկերացնել կարելի է, թե բողոքի եւ ընդվզումի ինչ ալիք կհետեւեր սրան անցած տարիներին: Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽ ԽՎ ընդունած բանաձեւերին առնչվող հարցը երեկ ուղղում էինք խորհրդարանական ճեպազրույցների մասնակիցներին: Առավել ուշագրավ էին երկու տրամագծորեն հակադիր բացատրություններ, թե ինչի արդյունք է, որ կուսակցություններն ըմբռնումով մոտեցան Հայաստանին փաստացի օկուպանտ ճանաչելու փաստին: Արտաշես Գեղամյան. «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար. «Սա հետեւանք է այն պարզ ճշմարտության, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը ամբողջությամբ տապալել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը: Հերթական անգամ կրկնեմ, թե ինչու է տապալել: Եթե հիշում եք՝ մինչեւ 1998-ի իշխանափոխությունը, նախկին իշխանությունների օրոք (սա կարող եմ համարձակորեն ասել, քանի որ եւ ոչ ոք չի կասկածի, որ իմ դիրքորոշումը փոխվել է նախկին իշխանությունների նկատմամբ) արձանագրվել էր այն պարզ փաստը, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում հանդիսանում է լիարժեք բանակցող սուբյեկտ: Եվ բանակցություններն ու վիճաբանությունը հիմնականում ընթանում էր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմերի միջեւ: Ավելին ասեմ. Հայաստանը հանդես էր գալիս որպես բանակցային գործընթացի յուրովի երաշխավոր, ճիշտ այնպիսին՝ ինչպիսին է Թուրքիան Ադրբեջանի համար: (…) Իշխանափոխությունից մի քանի ամիս անց ականատես դարձանք, որ կամաց-կամաց փոխվում են երանգները: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը եւ ինքնին Ղարաբաղն արդեն օբյեկտից վերածվեց սուբյեկտի, որի շուրջ բանակցություններ էին տանում Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների ղեկավարությունները: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացից, ազգի ինքնորոշման հարթությունից կամաց-կամաց արձանագրվեց նահանջ դեպի տարածքային ամբողջականության սկզբունք, որը եւ դարձավ որոշիչը: (…) Ահա արդեն այստեղ է, որ մեր դիվանագիտությունը կրեց լրջագույն պարտություն: Ասեմ ավելին. եթե այն ժամանակ խոսքն ազատագրված տարածքների համապատասխան փոխզիջումային փոխանակման մասին էր՝ Լաչինի միջանցք եւ այլն, ապա հիմա արդեն իսկ Հայաստանի տարածքների, մասնավորապես՝ Մեղրիի մասին է խոսքը: Եվ այս պայմաններում մեզ համար, բնականաբար, ամենեւին անակնկալ չէր, որ Եվրախորհուրդն իր հերթական նստաշրջանի ժամանակ շեշտադրումը տեղափոխեց այս հարթություն: (…) Ոչ մի նոր բան չի արձանագրվել. հերթական անգամ ամրագրվեց այն պարտվողական քաղաքականությունը, որը վարում են ներկայիս իշխանությունները, ի տարբերություն, ինչքան էլ զարմանալի հնչի՝ այս հարցում նախորդ իշխանությունների ձեռք բերած հաջողությունների: Աղվան Վարդանյան. ՀՅԴ խմբակցության ղեկավար. «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վերջին նտաշրջանից հետո արձանագրվեց գնահատականների մի տեսակ տարբերություն: Բայց իրականությունն այն է, որ այս անգամ մեր պատվիրակությունը, մեր գնահատմամբ, կարողացավ բավական ճկուն, լավ աշխատել: Ի վերջո, մենք պետք է նաեւ հասկանանք, թե Եվրախորհրդում ինչ հսկայական լոբբինգային աշխատանք են տանում Ադրբեջանը եւ Թուրքիան միասին: Ակնհայտորեն, այն բոլոր առաջարկությունները, որոնք Ադրբեջանն արեց՝ չընդունվեցին, մերժվեցին: Մեր առաջարկների բացարձակ մեծ մասն ընդունվեց, եւ սա, որոշ առումով, հաջողություն է: Գլխապտույտ հաջողություններ, հաղթանակներ՝ այդ տերմինաբանության հետ համաձայն չեմ, բայց այս փուլում սա հաջողություն էր: Ինչ վերաբերում է «օկուպացված տարածքներ» արտահայտությանը. անմիջապես սկսեցին գրել՝ «արձանագրվել է, որ Հայաստանն օկուպանտ է» եւ այլն: Նման բան չկա: Նշված չէ, թե «օկուպացված տարածքներն» ում կողմից են օկուպացվել (գուցե Ադրբեջանի՞ն նկատի ուներ Եվրախորհուրդը, հը՞.- Ա. Ի.): Բազմաթիվ խնդիրներ կան այստեղ եւ բոլոր դեպքերում՝ այդ ձեւակերպումը որեւէ կերպ չի վտանգում, մանավանդ՝ ընդհանուր, մյուս առումներով ձեւակերպումները շատ ավելի նպաստավոր են Հայաստանի համար: Հրաշալի կլիներ, իհարկե, որ այդ ձեւակերպումն էլ չմնար: Բայց սա ռեալ իրականություն է, որը պետք է հաշվի առնել: Ոչ ոք դրանից ոչ ուրախանում է, բայց ոչ էլ փորձում է շա՛-հա՛ր-կե՛լ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, ՀԿԿ քարտուղար Խորեն Սարգսյանի կանխատեսմամբ, Եվրախորհրդի «օկուպացված տարածքներ» բնորոշմամբ հարցը չի սպառվելու. «Քանի գնա՝ ճնշումը կավելանա, եւ ոչ միայն դա կասեն, այլ կստիպեն, որ վերադարձնենք այդ տարածքները»: