ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԽՈՒՄՀԱՐ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման պաշտոնական այցով գտնվում է Երեւանում։ Թերեւս Ռոբերտ Քոչարյանի եւ Լեոնիդ Կուչմայի միջեւ ինչ-որ ընդհանրություն, այնուամենայնիվ, կա, քանի որ Ուկրաինայի նախագահը իր այցի առաջին գիշերը ոչ թե հանգիստ գլուխը դրել է բարձին ու քնել, այլ ցանկություն է հայտնել գնալ «Առագաստ» սրճարան՝ ջազ լսելու։ Ականատեսների վկայությամբ, Ուկրաինայի նախագահը ոչ միայն ջազ է լսել, այլեւ պարել է։ Ըստ ամենայնի, պրն Կուչման որոշել է մի փոքր նաեւ զվարճանալ։ Նա կամ չգիտի, թե ժամանակ առ ժամանակ ինչ է կատարվում Երեւանում, երբ երկրի նախագահը այս կամ այն հյուրին ուղեկցում է ջազ լսելու, կամ էլ գիտի, բայց որոշել էր ռիսկի դիմել։ Ամեն դեպքում, նախորդ գիշերը բարեհաջող է անցել եւ ոչ մեկը ուրախությունից ինֆարկտ չի ստացել կամ չի մահացել «անզգույշ քաշքշուկի» հետեւանքով։ Անցնենք այցի պաշտոնական մասին։ «Առավոտին» եւ մյուս մեկ-երկու ընդդիմադիր լրատվամիջոցներին հրավիրել էին նախագահական՝ նախագահների հանդիպումը եւ ասուլիսը լուսաբանելու համար, նաեւ՝ Ծիծեռնակաբերդ, տեսնելու, թե ինչպես է Լ. Կուչման ծառ տնկում։ Իսկ այ, ԵՊՀ չէին հրավիրել, կարծես թե հրավիրվածներն ընտրվել էին վիճակահանությամբ։ Սակայն երբեւէ նման «վիճակահանությունից» չի շահում «Առավոտը», իսկ իշխանամետներն անընդհատ «շահում» են։ Երեկ երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրվեցին մի քանի կարեւոր համաձայնագրեր։ Հետաքրքիր է, որ համաձայնագրերից երեքի ստորագրմանը հայկական կողմից մասնակցում էին թիվ մեկ դեմքերը, ասենք՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Վարդան Օսկանյանը, իսկ ուկրաինական կողմից՝ համապատասխան նախարարությունների վարչությունների պետերը։ Վերջին՝ «ՀՀ էներգետիկայի նախարարության եւ Ուկրաինայի էներգետիկայի եւ վառելիքի նախարարության միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցության եւ էներգետիկ սարքավորումների մատակարարման մասին» համաձայնագիրը միայն մի փոքր հանգստացրեց հայ լրագրողական «թասիբը», երբ մեր կողմից այն ստորագրվեց փոխնախարարի, ուկրաինացիներից՝ երկու նախարարների կողմից։ Համաձայնագրերը վերաբերում են խիստ կարեւոր ոլորտների։ «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին», «ՀՀ կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պահպանման մասին» եւ «Տեղեկատվության, գրահրատարակչության, գրքերի տարածման եւ պոլիգրաֆիական արտադրության բնագավառում համագործակցության մասին» պայմանագրերից յուրաքանչյուրը կարող է առանձին հետաքրքրություն ներկայացնել, մանավանդ՝ դրանցից վերջին երկուսը ստորագրեցին ոչ թե ՀՀ համապատասխան ոլորտների պատասխանատուները, այլ՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Երկու երկրների նախագահների ասուլիսը տեւեց 15-20 րոպե, լրագրողները հարցեր չունեին, նախագահներն էլ՝ պատասխաններ։ Սովորաբար, հազվադեպ է պատահում, որ նման այցերի եւ ասուլիսների ժամանակ սենսացիոն հայտարարություն արվի։ Երեկվա հանդիպումը եւս բացառություն չէր։ Ամեն ինչ ընթացավ ծրագրված սցենարով։ Պրն Կուչմայի հետ եկած ուկրաինացի լրագրողները եւս հարցասեր չէին։ Ամեն կողմից մեկական հարց տրվեց։ Ուկրաինացի մեր գործընկերուհին հայտարարեց, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ ապրանքափոխանակությունն ավելացել է երկու անգամ, դրա հետ կապված հնարավո՞ր են կոնկրետ ծրագրեր, կոնկրետ պայմանագրեր։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ մինչեւ այժմ Ուկրաինայի հետ ունեինք մոտ 60, այժմ ունենք 60-ից ավելի ստորագրված պայմանագրեր եւ այժմ անցում է կատարվում դեպի կոնկրետ ուղղություններ։ Ստորագրված փաստաթղթերը կարգավորում են տվյալ ոլորտների համագործակցության չափանիշները եւ նրանք չեն ենթադրում կոնկրետություն. «Իսկ ընդհանրապես, դուք ճիշտ նկատեցիք, վերջին երեք տարում ապրանքաշրջանառությունը մեծացել է։ Մենք ունենք կայուն տնտեսական շուկա եւ ապրանքաշրջանառության աճը վկայում է, որ տնտեսությունը մեզ մոտ եւ Ուկրաինայում աճել է»։ Լ. Կուչման ասաց, որ նկատում է, թե ինչ ուշադրություն է դարձվում Հայաստանում ռազմական ուժերի զարգացմանը եւ որ պատրաստ են օգնել միմյանց։ Հայ լրագրողներին հետաքրքրում էր. կարո՞ղ է ԳՈՒԱՄ-ը ազդել տարածաշրջանում տնտեսական զարգացման վրա, մանավանդ՝ Ադրբեջանը փորձեր է կատարում այդ ԳՈՒԱՄ-ը օգտագործել Հայաստանի տնտեսական մեկուսացման, նաեւ՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում։ Լ. Կուչման ասաց, որ ԳՈՒԱՄ-ը քաղաքական կառույց չէ, այլ բացարձակ տնտեսական կառույց է. «Իսկ այն, որ մենք օգնում ենք զարգանալ նաեւ Հայաստանին, ես կասկած չունեմ, մի շատ-շատ պարզ պատճառով՝ ԳՈՒԱՄ-ը ստեղծվեց որպես տրանսպորտային միջանցք, եւ այդ տրանսպորտային միջանցքն այսօր արդեն աշխատում է եւ աշխատում է նաեւ Հայաստանի շահերի օգտին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ըստ երեւույթին, Լեոնիդ Կուչման նախորդ գիշեր մի քիչ չարաշահել էր ոգելիցը, քանի որ խիստ կասկածելի հայտարարություն արեց Ադրբեջանի եւ Հայաստանի մասին. «Ես ուրախ եմ, որ հանդիպում են երկու նախագահները, նրանք լավ, բարի բարեկամներ են, հարեւաններ, եւ որ գնում է անկեղծ, ազնիվ երկխոսություն»։