Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՂՀԱՅՑԻ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՐ

Հոկտեմբեր 10,2002 00:00

ՔԱՂՀԱՅՑԻ ՊԱՀԱՆՋ ՉՈՒՆԵՐ «27»-ի քրգործով երեկ դատարան ներկայացան տուժող պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Լեւոն Սարգսյանը։ Ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները հարց տալու ցանկություն չդրսեւորեցին։ Ի դեպ, վերջին նիստերին իրեն նկատելիորեն պասիվ է պահում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւը։ Նա ընդհանրապես հարցեր չի տալիս։ Ռուբեն Գեւորգյանը գնահատեց «27»-ի ոճրագործությունը որպես ժողովրդի եւ ուղղորդված քաղաքականության դեմ կատարված հանցագործություն (պետական դավաճանություն)։ Նա հայտնեց, որ մինչեւ վերջ գտնվել է ԱԺ նիստերի դահլիճում։ Նա չէր զգացել (պատասխանելով մեղադրող Անահիտ Եղիազարյանի հարցին), որ ամբաստանյալներից որեւէ մեկը զղջար սպանությունների համար։ Նա հայտնեց, որ բոլոր սպանվածների համար ունի վրեժխնդրության զգացում, «որն իր հետ քաշում է ամեն վայրկյան, ամեն օր»։ Ռ. Գեւորգյանը ամբաստանյալներից զրուցել էր Նաիրի Հունանյանի հետ, այն էլ՝ կապված «լուսահոգի Վ. Սարգսյանի դին տեղափոխելու հետ»։ Դատարանին հայտնեց նաեւ, որ ծանոթ է տեսաերիզին եւ ԱԺ-ում տեսածն ու տեսաերիզում պատկերվածը լիովին համապատասխանում են իրար։ Նա չէր տեսել Արմենակ Արմենակյանի եւ Մուշեղ Մովսիսյանի դահլիճից դուրսուներս անելը։ Դատավոր Ս. Ուզունյանի հարցին, թե քաղհայցի պահանջ ունի՞, տուժողը պատասխանեց բացասաբար։ Ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը, վկայակոչելով կալանավորվածների եւ ձերբակալվածների պահպանման կարգի մասին օրենքը, միջնորդեց, որ իր պաշտպանյալի խցում լուծվի ռադիո լսելու հարցը։ Դատավոր Ս. Ուզունյանը հայտնեց, որ ռադիոընդունիչ տեղադրելը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խնդիրն է։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել