Մեկնաբանության մեկնաբանություն Օրերս ԿԳՆ կոլեգիայի նիստում քննարկվել են նախագահի վերահսկողության ծառայության կողմից 8 ոչ պետական բուհերում անցկացված ստուգումների արդյունքները: Մեկնաբանելով նիստում արված հայտարարությունները եւ դրանց շուրջ ծավալված զրույցները՝ ԿԳՆ լիցենզավորման եւ հավատարմագրման վարչության պետ Ռ. Փոլադյանը նկատեց, որ ստուգումների արդյունքում գրանցվել են որոշակի խախտումներ, թերություններ, վրիպումներ, սակայն այդ հաստատությունները լրացուցիչ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կարիք ունեն, որոնց արդյունքում էլ հարցը կլուծվի վերջնականապես, իսկ այդ կապակցությամբ ընդունված ծավալուն որոշման մեջ արված «հանձնարարականների, մոտեցումների կատարումը դրական քայլ կլինի լիցենզավորման բնագավառի բարելավման ուղղությամբ»: Խնդրի լուծումից անմիջապես հետո, վարչության պետի համոզմամբ, նախարարը կստորագրի որոշ բուհերի հավատարմագրման փաստաթղթի տակ: Ինչ վերաբերում է ասվածին, թե 5 ոչ պետական բուհերի ռեկտորներ դատի կտան ԿԳ նախարարին՝ իրենց պետական կարգավիճակ չտալու համար, պրն Փոլադյանը հավաստիացրեց, որ դա եղել է կենցաղային խոսքի մակարդակի, կեսկատակ արված խոսք, եւ դատարան դիմելու որեւէ չնչին պատճառ չի կարող լինել: Նշենք նաեւ, որ մասնավոր բուհերից 2-ը՝ Արտաքին տնտեսական կապերի համալսարանը եւ «Ազպաթ վետերան» դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտը, դատական կարգով են հավատարմագիր ստացել: Ընդհանուր առմամբ, հանրապետության ոչ պետական բուհերից 13-ը իր հավատարմագրված մասնագիտությունների 75 տոկոսն ապահովելով, համարվում է հավատարմագրված, իսկ 4 հաստատություն էլ չնայած 75 տոկոս չի ապահովել, բայց պետական նմուշի դիպլոմ, այնուամենայնիվ, տալիս է, իհարկե միայն հավատարմագրված մասնագիտությունների համար: Հիշեցնենք նաեւ, որ շուրջ 2 տասնյակ մասնագիտություններ արդեն հավատարմագրված են, այսինքն իրավական առումով ապահովել են կառավարության կողմից հաստատված հավատարմագրման կարգին ներկայացված բոլոր պահանջները: Այդ կարգով մերժելու համար 2 հիմք կա. կամ 1 տարվա շրջանավարտների 60 տոկոսից ցածր դրական գնահատականներ ապահովելը, կամ վարչության տված բացասական եզրակացությունը: Մինչ այժմ վարչությունը, սակայն, ոչ մի բուհի ոչ մի մասնագիտության գծով բացասական եզրակացություն զարմանալիորեն չի տվել: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ