«ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՄԱՐԴԸ ՊԱՌԿԻ ՈՒ ՄԵՌՆԻ» Վաշինգթոնում կայացած «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներում առողջապահության բարեփոխումների 10 ամյակը» թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցում էր ԽՍՀՄ նախկին առողջապահության նախարար, 4-րդ բուժմիավորման ղեկավար Եվգենի Իվանովիչ Չազովը: Գիտաժողովի ընթացքում ակնհայտ էր մասնակիցների հարգանքն ու ակնածանքը այս փոքրամարմին, բարի մարդու նկատմամբ: «Դուք՝ ջահելներդ, նրան չեք հիշի, հիրավի լեգենդար մարդ է»,- նկատեց հայկական պատվիրակության անդամներից մեկը: «Ի՞նչպես չեմ հիշում,- ասացի,- երբ ՍՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղարները կամ քաղբյուրոյի անդամները մեռնում էին, յուրաքանչյուրի մահվան մասին եզրակացության տակ Չազովի ստորագրությունն էր»: Եվգենի Չազովը 73 տարեկան է, մոտավորապես այնքան, ինչքան իր բարձրաստիճան հիվանդները՝ ՍՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամները, որոնց տարիներ շարունակ բազմաթիվ հիվանդություններից բուժում էր նա: Ակադեմիկոսը շատ առույգ եւ ակտիվ կյանք է վարում: Նա ղեկավարում է սրտաբանության գիտահետազոտական կենտրոնը, ՌԴ նախագահին կից գործող խորհրդի անդամ է: Երբեք արձակուրդ չի գնացել, զբաղվում է սպորտով, նույնիսկ բարձրացել է Էլբրուսի գագաթը: Իրեն ոչ մի բանում չի սահմանափակում, սնվում է համեստ, ամեն առավոտ սառը ցնցուղ է ընդունում, գրիպով երբեք չի հիվանդացել, օրական 50 գրամ սպիտն էլ առողջության համար օգտակար է համարում: Եվգենի Իվանովիչը 15 անգամ ավտովթարի եւ բազմաթիվ վիրահատություններ է ենթարկվել: Նա բուժել է 16 երկրների 22 ղեկավարների: Այսօր էլ, նրանց մահից շատ տարիներ անց, Չազովը հավատարիմ է մնում մասնագիտական էթիկայի կանոններին եւ չի մանրամասնում գերտերության ղեկավարների առողջական լուրջ խնդիրները: Ասում են, թե տարիների ընթացքում բժիշկները նմանվում են իրենց մասնագիտացմանը: Եվ չնայած Եվգենի Չազովն ամբողջ կյանքում զբաղվել է սրտաբանությամբ, մինչ օրս նա նման է մանկաբույժի, նկատել էր Ամերիկյան առողջապահական միջազգային միության նախագահ Ջիմ Սմիթը: Վաշինգթոնյան գիտաժողովի ընթացքում Եվգենի Չազովը ստիպված էր որոշ տհաճ ելույթներ լսել խորհրդային առողջապահական համակարգի մասին: Գիտաժողովի մասնակիցներից մեկը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց. «Հիշեք, թե որտեղ էիք 10 տարի առաջ, հիշեք՝ ինչ վիճակում էիք, հիշեք ձեր հերթերը զուգարանների մոտ: Իսկ հիմա՞: Առաջընթացն ակնհայտ է, դուք մենակ չեք, մենք կօգնենք, մենք ձեր կողքին ենք»: Եվգենի Չազով. – Դա ինձ համար նորություն չէ, ես շատ եմ լսել նման բաներ, եւ նրանք, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, պարզապես անտեղյակ են մեր երկրներում առողջապահության համակարգից: Այդ դեպքում ես էլ ուրիշ բան կասեմ, այ, 10 տարի է՝ ռեֆորմներ են ընթանում, իսկ ինչո՞ւ է այդ 10 տարվա ընթացքում մահացությունը մեր երկրներում աճել: Ռուսաստանում 10 տարվա ընթացքում գրանցվել են սարսափելի թվեր: 1990-2000 թվականներին 20-25 տարեկանների շրջանում մահացությունն աճել է 82 %-ով, 25-30 տարեկանների շրջանում՝ 76 %-ով, 30-35 տարեկանների՝ 62 %-ով: Այնպես որ, իրականում կարեւորը ոչ թե ռեֆորմներն են, այլ այն իրավիճակը, որ ստեղծվեց ԽՍՀՄ փլուզումից հետո: Ավելի շատ պետք է մտածել՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Երիտասարդները մահանում են հիմնականում սրտանոթային հիվանդություններից: Բայց չէ՞ որ նախկինում այդպիսի ցուցանիշներ չկային: Մենք ստուգել ենք նաեւ ռիսկի գործոնները՝ ծխելը, ալկոհոլի գործածումը եւ այլն: Դրանք համարյա նույն մակարդակի վրա են թե՛ 10 տարի առաջ, թե՛ հիմա: Սակայն կտրուկ փոխվել է հասարակության մեջ տիրող սոցիալ-հոգեբանական մթնոլորտը: Շեշտակի աճել է ագրեսիվությունը, բազմաթիվ են ստրեսները: Դե եթե երիտասարդ տղամարդը չգիտի, թե ինչ անի, եւ նրան սպասում է գործազրկություն: Հենց իրենք, ամերիկացի գիտնականներն են ապացուցել, որ գործազրկությանը ուղիղ համեմատական աճում է մահացությունը: Զուր են փնովում մեր համակարգը կամ էլ հիմա պնդում են, որ անհրաժեշտ է զարգացնել կանխարգելիչ (պրոֆիլակտիկ) ոլորտը: Մենք ունեինք շատ լավ կանխարգելիչ համակարգ, մեծ գումարներ էին հատկացվում, ֆիլմեր էին նկարվում, ելույթներ լինում, ամսագրեր տպագրվում, հեռուստատեսային հաղորդումներ կային: Բացի դրանից, բոլոր ձեռնարկություններում կային բուժսանմասեր, գործում էին առողջարաններ, ճամբարներ: Ինչո՞վ էին զբաղվում դրանք: Իհարկե՝ պրոֆիլակտիկայով, դիսպանսերիզացիայով: Օրինակները շատ են, ես կարող եմ շատ օրինակներ բերել, ինչ կար եւ ինչ ավերվեց: Եվ հետո, նույն ԱՄՆ-ում բժիշկները տարեկան տասնյակ հազարավոր սխալներ են պաշտոնապես ընդունում, ուրեմն ի՞նչ, ես էլ ասեմ, որ ամերիկյան բժշկությունը վա՞տն է: Ես այդպիսի բան չեմ ասի: Տարիներ առաջ, երբ ես եկա Չիկագո, ինձ ցույց տվեցին մի շատ շքեղ հիվանդանոց, իսկ դրանից մի թաղամաս այն կողմ գտնվում էր մունիցիպալ հիվանդանոցը: Այ, եթե ես այն լուսանկարեի ու ցույց տայի, շատերը կասեին, չի կարող պատահել, որ Ամերիկայում նման բան լինի: Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումից հետո մեր առողջապահությունը հայտնվեց շատ ծանր վիճակում, դա հիմնականում ֆինանսների հետ էր կապված: Դուք գիտե՞ք, թե ինչ գումարներ են ծախսվում ԱՄՆ-ում առողջապահության վրա, հարյուրավոր միլիարդներ: Եթե մեր երկրներն ունենային դրա թեկուզ մի մասը, ապա մեր առողջապահությունն էլ կլիներ ավելի լավը: Ստեղծված իրավիճակում այսպիսի գիտաժողովներն ունեն իրենց կարեւորությունը, պետք է ելքեր փնտրել: – Այս գիտաժողովը նվիրված է առողջապահության բարեփոխումներին: Ի՞նչպես եք գնահատում բարեփոխումների ընթացքը: – Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, մենթալիտետը, սեփական ֆինանսական միջոցները, տարբեր են նաեւ բժիշկների մոտեցումները՝ թե պրոբլեմին, թե հիվանդությանը, թե հիվանդին: Այս բարեփոխումների ընթացքում հաշվի չեն առնվել այդ յուրահատկությունները: Այն, ինչ կատարվեց Ռուսաստանում 90-ականների սկզբին, բարեփոխումներ չէին: Մեր վերաբերմունքն էլ հոռետեսական էր: Բարեփոխումները պետք է այլ ուղղությամբ ընթանային: Դա բոլորն են գիտակցում: Ի՞նչ ունեցանք արդյունքում: Այս տարիների ընթացքում Ռուսաստանի բնակչությունը պակասեց 7 մլն-ով: Արդեն 92 թվականին կտրուկ աճեց մահացությունը: Մենք ահազանգում էինք, որ բարեփոխումները հեղափոխական ճանապարհով են գնում: Ինձ էլ ասացին, ինչպես հեղափոխության ժամանակ են լինում կորուստներ, այնպես էլ բարեփոխումների: Սակայն, ներեցեք, մի՞թե տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը կարելի է համարել բարեփոխումների բնականոն արդյունք: – Որպես նախկինում համակարգը գլխավորած, այսօր էլ գործող մասնագետ, 5 բալանոց համակարգով գնահատեք, խնդրում եմ, ԽՍՀՄ առողջապահության համակարգը եւ նախկին ԽՍՀՄ երկրներում, մասնավորապես Ռուսաստանում այսօր գոյություն ունեցող համակարգը: – Ես կարող եմ կանխակալ լինել: Դրա համար էլ դժվարանում եմ ասել: Ես գիտնական եմ եւ սովոր եմ հիմնվել թվերի վրա, իսկ թվեր ես արդեն ասացի, մահացության ցուցանիշների կտրուկ աճը: Իհարկե հասկանալի է, որ ժողովրդի առողջության պահպանման հարցը միայն առողջապահության համակարգի խնդիրը չէ: Այն առողջության վրա ազդող գործոնների մի ողջ համալիր է, եւ բնականաբար համալիր լուծում է պահանջում: Ամենամեծ սխալն այն է, երբ առողջապահությանը հատկացվում է ՀՆԱ-ի չափազանց փոքր մասը: Հիշում եմ, որ մի անգամ 1988-ին, իշխանությունը (Գորբաչովն ու Ռիժկովը) մեզ աջակցեց: Այդ տարի ԽՍՀՄ ռազմական բյուջեն կրճատվեց, եւ մոտ 6 մլրդ ռուբլի ուղղվեց առողջապահությանը: – Առողջապահության ամերիկյան միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների տարածքում իրականացվում են համագործակցության ծրագրեր: Հնարավո՞ր է, որ այդպիսով մեր վզին փաթաթվի առողջապահական օտար քաղաքականություն: – Համագործակցությունն իհարկե կարեւոր է: Սակայն նայած ում հետ ես համագործակցում: Ինչքան շատ լինեն նման ծրագրեր, այնքան ավելի լավ ամերիկացիները կհասկանան մեր խնդիրները, իսկ մենք էլ հնարավորություն կունենանք ծանոթանալ ժամանակակից բժշկության ձեռքբերումներին: – Այսօր մեր երկրներում շատ են խոսում ապահովագրական բժշկության եւ սեփականաշնորհման անհրաժեշտության ու անխուսափելիության մասին: Ինչ եք կարծում, արդյոք ապահովագրությունն ու մասնավորեցումը «կփրկե՞ն» մեր համակարգը: – Գիտեք, իրականում առողջապահության բարեփոխումները սկսվեցին 1987 թվականին: Սովետական բուժհիմնարկները անցան տնտհաշվարկի, ավելի ինքնուրույն դարձան: Հենց այն ժամանակ էլ մենք մտածեցինք ապահովագրության մասին: Մեր մասնագետները մեկնեցին Շվեդիա ու Գերմանիա, այդ ոլորտում նրանց փորձն ուսումնասիրելու համար: Ես էլ պատվիրակության հետ մեկնեցի Մեծ Բրիտանիա, հանդիպեցի վարչապետ Մարգարետ Թետչերի հետ: Ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ Մեծ Բրիտանիան, որն ընտրել է սեփականաշնորհման ուղին, չի շտապում սեփականաշնորհել բուժհիմնարկները: Տիկին Թետչերն ասաց, «Եթե ես այդ բանն անեմ, ապա որպես վարչապետ չեմ հասնի իմ պաշտոնավարման ժամկետի ավարտին: Իմ հայրենակիցները ինձ չեն հասկանա»: Այն ժամանակ մեզ ավելի շատ դուր եկավ Շվեդիայում գործող համակարգը, պետական եւ ապահովագրական բժշկության համադրումը: Ես համոզված եմ, որ մեր երկրների առողջապահության համակարգում պետությունը պիտի առաջնային դեր ունենա: Քանի որ մեր բնակչության մեծ մասն աղքատ է եւ չի կարող վճարել ժամանակակից բուժման համար: Ի դեպ, այսօր Ռուսաստանում դրական միտումներ կան, նախագահ Վ. Պուտինի իշխանության գալու հետ ճիշտ դիրքորոշում է որդեգրվել: Ժամանակ կար, երբ բժիշկները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, հիմա վիճակն ավելի բարվոք է, աշխատավարձ ժամանակին ստանում են, նախարարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք են բերում նոր սարքավորումներ, բժիշկներին վճարվում են հավելավճարներ՝ տեղական բյուջեներից: Այնպես որ, շատ բան կախված է տարածաշրջանից: Կար ժամանակ, երբ արագ- արագ ուզում էին ամեն ինչ սեփականաշնորհել: Դա շատ վտանգավոր է: Կարող է սոցիալական պայթյուն տեղի ունենալ, մարդիկ չեն հասկանա եւ չեն ընդունի: Գիտեք, մարդը կարող է, ասենք, վատ սնվել, բայց եթե նա պառկի ու մեռնի, քանի որ չի կարողացել բուժօգնություն ստանալ, դա, ներեցեք, անթույլատրելի է: ՌՈՒԶԱՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ «Այբ-Ֆե» Վաշինգթոն-Երեւան