Քաղաքապետի դղյակը Մոտ կես տարի առաջ Վանաձորի Բաթումի փողոցի սկզբնամասում վեր խոյացավ շքեղաշուք մի հյուրանոց։ Այդ առթիվ, սակայն, համապատասխան մկրատաժապավենային արարողություն տեղի չի ունեցել։ Ենթադրվում է, թե նոր աշխատատեղերի ավելացում արձանագրելու հերթական առիթը բաց թողնվեց այն պատճառով, որ հյուրանոցը կառուցվել է «բռնի ուժով» լուծարված մանկապարտեզի հիմքի վրա։ Ինչի կապակցությամբ մեծ աղմուկ էր բարձրացվել կոլեկտիվի որոշ անդամների կողմից՝ նստացույցերի տեսքով։ Սակայն դա բողոքավորներին ոչ մի արդյունք չտվեց։ Ավելին, բողոքող մի կին որպես «պատիժ» փետրվարի 22-ից մինչեւ մարտի 1-ը գտնվում էր կալանքի տակ (ինչին անդրադարձել ենք «Առավոտի» 11.05. 02թ., 2.06.02թ. եւ 12.06. 02թ. համարներում)։ Ըստ հյուրանոցին մոտ կանգնած աղբյուրների, այդտեղ հյուրընկալվում են ոչ միայն մայրաքաղաքից ու արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրեր (որոնց թվում եղել է նաեւ ՀՀ նախագահը), այլեւ՝ տեղական իշխանություններից «անկախ» որոշ դատավորներ, որոնք, թերեւս, հատուկ վերաբերմունքի են արժանանում այն ժամանակ, երբ իշխանությունների կամ նրանց թիմակիցների օգտին որեւէ վճիռ են կայացնում։ Կարծում ենք, առանձնապես նշանակություն չունի, թե 6 մլն 145 հազ. 805 դրամով սեփականաշնորհված (ավելացրած՝ 111.742 դրամ վճարը՝ աճուրդի մասնակցության համար) հատկապես ո՞ւմ անվամբ է ձեւակերպված. քաղաքապետի՞, թե՞ նրա հարազատի։ Այս համատեքստում տրամաբանական հարց է առաջանում. ո՞ւմ էր ձեռնտու նախկինում պետական կարգավիճակ ունեցող «Կիրովական» հյուրանոցի՝ համապատասխան մարմինների կողմից անուշադրության արդյունքում քայքայվելու, թալանվելու եւ որպես լուրջ մրցակից ասպարեզից հեռանալու հանգամանքը։ Եթե կարելի էր մի քանի ամսում մասնավոր հյուրանոց կառուցել, ինչո՞ւ չէր կարելի միջոցներ ձեռնարկել՝ արդեն գոյություն ունեցող հյուրանոցը քայքայումից փրկելու համար եւ ոչ թե մանկապարտեզի նախկին շենքը վերաձեւել հյուրանոցի (իսկ հետո էլ, միգուցե, սփյուռքի բարերարներից փող «մուրալ»՝ աղետի գոտում մանկապարտեզ կառուցելու համար եւ այն դարձնել… վարժարան. ինչի նախադեպն արդեն եղել է Վանաձորում)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր