ՍԱՆՁԱՐՁԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Մասնագիտությանս բերումով առնչվում եմ հանրապետությունում լույս տեսնող գրքերին, հատկապես՝ բանաստեղծությունների ժողովածուներին։ Ողջ էությամբ դառնացած էի այն պատճառով, որ հայ բանաստեղծներից շատերը՝ խոսքի ազատությունը նենգափոխելով, հասկացել են խոսքի սանձարձակություն, բարոյազրկություն, հայհոյախոսություն, մարդկային սրբություններ պղծելու աստվածուրացություն, նույնիսկ՝ Աստծուն հայհոյելու ազատություն։ Լույս են տեսել եւ շարունակում են լույս տեսնել այսպիսի գրքեր, որոնց մասին ժամանակին հանճարեղ Պարոնյանն ասել է՝ բարով-խերով լույս չտեսնեին։ Բեթարից բեթարն էլ կա, ասում է խոսքաշեն հայ ժողովուրդը։ Այն, ինչ կարդացի 2001թ. Արփի Ոսկանյանի «Ծիկ» գրքույկում, այնքան բարոյազուրկ, այնքան սրբապիղծ էր, որ երեւակայելն անգամ անհնար է։ Ոչինչ զերծ չի մնում Ոսկանյանի անարգման, պղծման սամումից։ «Մի բառը մի աշխարհ արժե»,- ասել է հանճարեղ լոռեցին։ «Բանաստեղծուհու» «Բառը» վերնագրված արձակ բանաստեղծության մեջ կարդում ենք. «Ծամծմված, չմարսված, դռան շեմին փսխուքի տեսքով բառը հավաքեցի, լցրեցի զուգարանակոնքի մեջ ու ջուրը քաշեցի, բառը գնաց խցանում առաջացրեց կոյուղու խողովակներում» (էջ 110) կամ՝ «Բառը կանգնեցրի Բաղրամյան պողոտայի վրա։ Մեքենաները եկան, տարան-տարան նրան, չարչարեցին, ստորացրեցին, հղիացրեցին, վարակեցին» (էջ 109)։ Իրեն հայ կոչող Արփին տեղյակ է պահում ընթերցողին, որ իր տանը ինը բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել եւ փրկարարները փլատակների տակից հանել են «քառասուն պահունակ առնանդամ եւ աղոթք տեսակի թմրանյութ» (էջ 114)։ Մեկնաբանություններն ու գնահատականները թողնելով ընթերցողին, անցնենք առաջ։ Քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք աշխարհում, 1700-ամյակը տոնեցինք, տեսեք Արփիի խոսքը. «Իմ տանը հայտնաբերվել է Քրիստոսի ոտնահետք, «տրակտոր» տիպի ներբաններով, գլխից հոտած ձուկ, նետված ձեռնոց եւ կասկածելի բաղադրությամբ սերմնահեղուկ զուգարանակոնքի շրջակայքում» (էջ 114)։ Քրիստոսից հետո Արփին խոսքն ուղղում է մի այլ սրբության՝ Տեր հորը։ «Հայր մեր» վերնագրված «արձակ ոտանավորում» կարդում ենք. «Արի, տես ոնց են դեւերը կղկղել մեզ վրա։ Քեզ փրկեցինք, որպեսզի կենակցենք հետդ», «շունչ փչիր մեր նեխահոտ արձակող մարմինների մեջ, քերիր մեր փլվող մարմիններից դեւերի կղկղանքը» (էջ 98)։ Նորաթուխ այս «ստեղծագործողից» չեն փրկվում անգամ մեռելները։ Նա ջանում է ապացուցել, թե «Մեռելները դուրս են գալիս շիրիմներից, երկնքում կղկղելու համար» (էջ 70)։ «Ամեն ինչ չափ ու սահման ունի, բացի անպատկառությունից ու ստորությունից»,- ասել է Դոստոեւսկին։ Այդ հայ «բանաստեղծուհու» անպատկառությունն ու ստորությունը հասել է այնտեղ, որ նա հանիբալիզմ՝ մարդակերություն է քարոզում եւ «Ներիր, իմ սեր, ինչ գեղեցիկն ես» բանաստեղծության մեջ, դիմելով իր մտերմին, գրում է. «Դու կարող ես ուտեստներ պատրաստել իմ օրգաններից… կարծում եմ, որ լյարդս տապակած վիճակում պետք է որ համեղ լինի, չմոռանաս սոխառածը»։ Խելակորույս եմ լինում, շնչահեղձ վիճակի մեջ եմ, դժվարանում եմ շարունակել, հո չե՞մ կարող ողջ «Ծիկը» մեջբերել։ Խոսքս ուզում եմ ուղղել «Զանգակ-97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին եւ խմբագիր Մաշա Մնացականյանին։ Ինչո՞ւ եք խիղճ ու Աստված ուրացել, ինչո՞ւ եք կանաչ ճանապարհ տվել մի «ստեղծագործողի», որն իր գործի ու իր մասին ասել է. «Գիտեմ, բացարձակապես անպետք է իմ այս բանաստեղծական կղկղանքը։ Մի խոսքով, դասական բոզի վաստակ եմ» (էջ 80)։ Ընթերցողին հրամցվում է «Ծիկը», հետն էլ անթիվ, անհամար «այսպիսի ու ավելի բեթար արտահայտություններ»՝ «քնքուշ, քնքուշ մեռելներ, ծծերի կոմպոզիցիա, մեռելային գեղեցկություն, մահամերձ բառ, արնածոր, կռացած, քաշքշված նորություններ, կրքակարոտ թումբաններ, մի գրող աստված, աժդահա հետույքներ» եւ այլն, եւ այլն։ Այսքանից հետո Արփի Ոսկանյանը հոխորտում է. «Ես քայլող պոեզիա եմ, քայլող արձակ եւ նույնիսկ՝ քայլող էպոս»։ Կարդում ենք հեղինակի սարսափազդու հոխորտանքը. «Հիմա էլ պրծում չունեք ինձանից, հավիտյանս հավիտենից»։ Դժբախտաբար, մենք էլ ենք համոզվում, որ քանի դեռ շատ այլ բնագավառներում կշարունակի տիրակայել անտերությունը, ազգն ու ժողովուրդը փրկություն չի ունենա «ծիկերից»։ ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ-ԹԱՓԱԼՑՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու