Ճառերն ավարտվեցին Հոկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահությամբ Իսկուհի Վարդանյանի) կլսվեն ամբաստանյալներ Արմեն Բեջանյանի, Կարեն Զաքարյանի, Արամ Աղաբաբյանի, Մանվել Ասատրյանի եւ Արթուր Յազչյանի վերջին խոսքերը։ Նրանք մեղադրվում են Արթուր Սուրենի Պարսամյանի սպանության մեջ։ Հոկտեմբերի 4-ին, ինչպես եւ սպասվում էր, իրենց պաշտպանական ճառերն ավարտեցին ամբաստանյալներ Մանվել Ասատրյանի, Կարեն Զաքարյանի եւ Արթուր Յազչյանի պաշտպաններ Սամվել Միրզոյանը, Հոկտեմբեր Քարամյանն ու Սերգեյ Մկրտչյանը։ Ս. Միրզոյանն ըստ էության «քարուքանդ արեց» մեղադրականը, իր խոսքը կառուցելով մեղադրող Ա. Երիցյանի մեղադրական ճառից ձայնագրությունները ի ցույց դնելով եւ մեկնաբանելով։ Նա միջնորդեց անպարտ եւ արդարացված ճանաչել իր պաշտպանյալին, քանի որ, ըստ «գործով ձեռք բերված ապացույցների», գտնում էր, որ Մ. Ասատրյանը չի խփել Ա. Պարսամյանին։ Մեջբերելով փորձագիտական եզրակացության հետեւյալ հատվածը. «Ա. Պարսամյանի ծակած, կտրած, թափանցող վնասվածքը չէր կարող պատճառվել փորձաքննության ներկայացված եւ ոչ մի դանակով», նա հանգեց հետեւյալ հետեւությանը. «Եթե չկա իմ պաշտպանյալի կատարածի մեջ հետեւանքը, նաեւ պատճառահետեւանքային կապը, մնում է ինձ ասել. արդարացման դատավճիռ կայացրեք»։ Ավելին, իր զարմանքը հայտնեց, որ իր պաշտպանյալը «չընկավ» «մեղմացուցիչ հանգամանք» հասկացության տակ։ «Առաջին անգամ դատապարտվելը մեղմացուցի՞չ է։ Այո։ Երիտասարդ հասա՞կը։ Այո։ Դրական բնութագի՞րը։ Մեղմացուցի՞չ է։ Այո։ Կամավոր եկել եւ ներկայացել է ինքը, ազնվորեն զղջալով ցուցմունքներ է տվել։ Ամբողջը ինչ-որ տեղ ինչ-որ ձեւով մեղմացուցիչ հանգամա՞նք է։ Այո»։ Տեղեկացնեմ, որ մեղադրողը միջնորդել էր 8 տարի ազատազրկում… Ամբաստանյալ Կ. Զաքարյանի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի ճառը գերազանցեց թերեւս Ս. Միրզոյանի եւ Ռ. Բալաբանյանի 1 ժամանոց ճառին։ Նա դրվագ- դրվագ փորձեց հիմնավորել, որ Կ. Զաքարյանը Տիչինայի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մասնակցություն չի ունեցել, ավելին, հանգուցյալ Արթուր Պարսամյանի հետ խոսելու ընթացքում «եկել են ընդհանուր եզրահանգման»։ Նա մեջբերեց մի շարք վկաների՝ Է. Գրիգորյանի, Ա. Սանթուրյանի ցուցմունքներից, որոնք ասել են, որ «վեճը, քաշքշոցը կանխել է Կ.Զաքարյանը»։ Պաշտպանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Զաքարյանն հարցաքննվել է նախ որպես վկա (7.06.2001թ.), ապա որպես կասկածյալ։ Նրան հասցրել են տալ նաեւ վարչական կալանք ծիծաղելի պատճառաբանությամբ. «միլիցիայի հետ վիճելու համար», այն դեպքում, որ նա… գտնվել է օրեր շարունակ միլիցիայում եւ հաստատապես «առյուծի կաթ» չէր հասցրել խմել։ Ամբաստանյալ Ա. Յազչյանի (Կ. Զաքարյանի քրոջ ամուսինն է- Ռ. Մ.) պաշտպան Ս. Մկրտչյանը իր ցավակցությունը հայտնեց Ա. Պարսամյանի մահման կապակցությամբ, իր ցավը հայտնեց «ակամա ամբաստանյալի կարգավիճակում հայտնվածների եւ ամբաստանյալների ձախորդ օրերի համար»։ Նա իր զարմանքը հայտնեց, որ 6,5 ամսվա ընթացքում Ա. Պարսամյանի հարազատները չցանկացան գտնվել դատարանում։ Իրենց պաշտպանական ճառին ներկա չգտնվեց եւ տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը, մինչդեռ պաշտպանական կողմը լսեց նրա ճառը։ «Ի պատիվ դատարանի, դատաքննությունն անցավ մրցակցային հավասար պայմաններում», նկատեց պաշտպանը եւ սակայն նրա սրտով չէր, որ մեղադրող կողմը չկարողացավ «իր վկաներին» կանչել։ Ս. Մկրտչյանը ասաց, որ, պաշտպանական կողմի կարծիքով, կդադարեցվեր Ա. Յազչյանի նկատմամբ քրեական հետապնդումը, «ինչը կլիներ կոմպրոմիսային տարբերակ»։ Նա ուշադրություն հրավիրեց հանգուցյալի վրա առկա այլ մարմնական վնասվածքներին, որը նախաքննական մարմինն «առանց առանձնացնելու» դասել է ծանր մարմնական վնասվածքների շարքին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ