Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ

Հոկտեմբեր 09,2002 00:00

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐ Դատավոր Վազգեն Լալայանն ու մենք, թերեւս, ճիշտ ենք հասկացել Մհեր Խաչատրյանին Վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանն անդրադարձել է «Առավոտի» հրապարակումներից մեկին, որում նշված է, թե «ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի հարազատներն օրերս ծանուցվել են դատական ակտերի հարկադիր կատարման Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի կայացրած երկու որոշումների մասին, որոնց համար հիմք է հանդիսացել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանի ներկայացրած «կատարողական թերթիկը»: «Հոդվածում նշված է նաեւ. «Սույն երկու որոշումներից մեկով ծանուցվել է Մ.Սաղաթելյանի նկատմամբ վճռաբեկ դատարանի կայացրած վճռում արձանագրված 50 հազար դրամ տուգանքը բռնագանձելու, մյուսով՝ Մ.Սաղաթելյանի գույքի վրա կալանք դնելու մասին» (ընդգծումն իմն է՝ Մ.Խ.): Հոդվածում նշվում է նաեւ, թե ինչպես է պատահել, որ մի դրվագով նշանակված 90 հազար տուգանքը վերացվել է, իսկ մեկ այլ դրվագով 50 հազար դրամը չի վերացվել: «Ասել է թե, նույն դատավճռում մեղադրանքի մի դրվագով Կոնվենցիան հաշվի է առնվել, մյուսով՝ ոչ»: Նույն հարցը շահարկվել է նաեւ Ձեր թերթի 18.09.02թ. Նաիրա Մամիկոնյանի հարցազրույցում: Փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը նույնպես գտնում է, որ «Քրեական օրենսգրքի 183 հ.1-ին մասով 50 հազար դրամի տուգանքը վճռաբեկ դատարանը թողել է»: Ապա դատավորը շարունակել է. «Վերաքննիչ դատարանը, իրոք, Քր.օր. 183հ. 1-ին մասով նշանակել է մեկ տարի եւ վեց ամիս ժամանակով ազատազրկում եւ տուգանք 50 հազար դրամի չափով, Քր.օր.-ի 183հ. 2-րդ մասով վեց տարի ժամանակով ազատազրկում եւ տուգանք 90 հազար դրամի չափով եւ այլն: Սակայն ինչպես պաշտպան Ռ.Գրիգորյանը, այնպես էլ լրագրող Ն.Մամիկոնյանը որոշել են դրանից հետո դատավճռի մնացած մասը չկարդալ: Ամեն մի իրավաբանի եւ 2-րդ կուրսն ավարտած ուսանողի հայտնի են մի քանի հանցագործություններով պատիժ նշանակելու կանոնները: Վերաքննիչ դատարանի դատավճռի «վճռեց» մասում նաեւ գրված է. «ՀՀ Քր. օր.-ի 37 հոդվածի կիրառմամբ նշանակված նվազ խիստ պատիժներն ավելի խիստ պատժով կլանելու միջոցով Մ.Սաղաթելյանի նկատմամբ վերջնականապես նշանակել կրելու ազատազրկում՝ վեց տարի ժամանակով եւ տուգանք՝ 90 հազար դրամի չափով»: Հարգելի պաշտպան եւ լրագրող, Մ.Սաղաթելյանի գործը վճռաբեկ դատարան է մուտք եղել վեց տարի ազատազրկումով եւ 90 հազար դրամի չափով տուգանքով: Ձեր նշած 50 հազար դրամի տուգանքը եւ մեկ տարի վեց ամիս ազատազրկումը կլանվեց ավելի խիստ պատժի՝ 90 հազար դրամի տուգանքի եւ վեց տարի ազատազրկման մեջ: Որպեսզի դրանում համոզվեք, ուղարկում եմ նաեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանի դատավճռի եւ որոշման եզրափակիչ մասերը»: Նախ, մենք չենք վիճարկում վերաքննիչի վճիռը, որն իրավաբանական տեսանկյունից ճիշտ է ձեւակերպված: Ըստ այդմ,. ՔՕ 183 հոդվածի 1-ին մասով Մ.Սաղաթելյանի նկատմամբ նշանակված է ազատազրկում՝ մեկ տարի վեց ամիս ժամանակով եւ տուգանք՝ 50 հազար դրամի չափով, ՔՕ. 183 հ. 2-րդ մասով՝ ազատազրկում վեց տարի ժամանակով եւ տուգանք՝ 90 հազար դրամի չափով: Միեւնույն ժամանակ վերաքննիչը ընդգծել է. «ՀՀ քր. օր. 37 հոդվածի կիրառմամբ նշանակած նվազ խիստ պատիժներն ավելի խիստ պատժով կլանելու միջոցով Մ.Սաղաթելյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել կրելու ազատազրկում վեց տարի ժամանակով եւ տուգանք 90.000 դրամի չափով»: Իսկ ահա վճռաբեկ դատարանի որոշման 3-րդ կետում այդ առնչությամբ բառացիորեն ասված է հատեւյալը. «Մ.Սաղաթելյանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի 16.07.02 թ. դատավճիռը ՀՀ քր. օր. 183 հոդվածի 1-ին, 183 հոդվածի 2-րդ, 15-195 հոդվածի 2-րդ եւ 213 հոդվածի 3-րդ մասով, բացառությամբ՝ 183 հոդվածի 2-րդ մասով նշանակված 90.000 դրամի չափով տուգանքի, թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի վճռաբեկ բողոքը՝ առանց բավարարման: Մուշեղ Սաղաթելյանի ՀՀ Քր. օր. 183 հ. 2-րդ մասով նշանակված 90.000 դրամի չափով տուգանքի մասով դատավճիռը բեկանել եւ այդ մասով վարույթը կարճել»: Մ.Խաչատրյանի գրության առաջին պարբերությունում արված նրա ընդգծումը վճռաբեկի որոշումից ուղղակի մեջբերում չէ, ինչպես թյուրիմացաբար հասկացել է պրն Խաչատրյանը, այլ՝ որոշման բովանդակությունն է՝ ըստ էության, որը մենք եւ դատավոր Վ.Լալայանը հասկացել ենք նույն կերպ: Փաստացի նա «Կատարողական թերթիկ» է ուղարկել դատական ակտերի հարկադիր կատարման Երեւանի ստորաբաժանմանը, որի հիման վրա վերջինս երկու որոշում է կայացրել եւ կատարողական վարույթ հարուցել: Ինչպես նկատեց Մ.Սաղաթելյանի փաստաբան Ռ.Գրիգորյանը, յուրաքանչյուրի, նույնիսկ՝ իրավաբանական ֆակուլտետի դիմորդի համար հստակ է, որ Մ. Խաչատրյանի կայացրած որոշման 3-րդ կետից միանշանակորեն բխում է, որ նա վերանայել է ոչ թե վերաքննիչ դատարանի՝ ՔՕ 37 հոդվածի համակցությամբ նշանակած վերջնական պատիժը, այլ՝ քննարկել է առաջադրված բոլոր մեղադրանքներով, այդ թվում՝ ՔՕ 183-ի 1-ին մասով վերաքննիչի նշանակած պատիժները, ներառյալ՝ 50 հազար դրամի տուգանքը, դրանք թողնելով անփոփոխ եւ ընդգծելով՝ «բացառությամբ» 183 հ. 2-րդ մասով նշանակված 90 հազ. դրամի տուգանքը, որի մասով դատավճիռը բեկանել եւ վարույթը կարճել է: Որ դա այդպես է՝ փաստում է «հարկադիրի» կողմից հարուցված կատարողական վարույթը: Մ.Խաչատրյանի դիտողությունը ճիշտ կլիներ այն դեպքում, եթե վճռաբեկի որոշման մեջ արձանագրված լիներ վերաքննիչի դատավճռով ՔՕ 37 հոդվածի կիրառմամբ նշանակված վերջնական պատժի՝ 90 հազար դրամի տուգանքը բեկանելու եւ նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժով կլանելու միջոցով այդ մասով վարույթը կարճելու մասին: Բայց Մ.Խաչատրյանի որոշման մեջ ոչ միայն ՔՕ 37 հոդվածի կիրառման մասին որեւէ հիշատակում չկա, այլեւ՝ դատելով դրա բովանդակությունից՝ 183-ի 1-ին մասով սահմանված 1,6 տարին եւ 50 հազար դրամի տուգանքը թողնվել է անփոփոխ: Կարծում ենք՝ Մ.Խաչատրյանն ավելի ազնիվ կլիներ, եթե բողոքեր ոչ թե մեր հրապարակման կամ փաստաբանի կարծիքի դեմ, այլ՝ փորձեր 2-րդ կուրսեցիներ փնտրել դատական համակարգում եւ իր գործընկերների մեջ՝ հասկացնելու, որ դատական ակտերի հարկադիր կատարման համար վարույթ հարուցելն ամենեւին չի բխում իր կայացրած որոշումից: Փաստ է սակայն, որ կան որոշումներ, որոնք հենց պրն Խաչատրյանի հավաստմամբ՝ չեն բխում Մ.Սաղաթելյանի նկատմամբ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումից: Ասել է թե, նաեւ Մ.Խաչատրյանն ինքը պետք է հետամուտ լինի չարաբաստիկ 50 հազար դրամը «հօգուտ պետբյուջեի բռնագանձելու» եւ Մ.Սաղաթելյանի գույքի վրա կալանք դնելու արդեն հարուցված վարույթները կարճելու խնդրին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել