Նախանձելու առիթ՝ չիք Ձեր թերթին ս/թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանի տված հարցազրույցի առթիվ ստիպված ենք հայտնել հետեւյալը։ Հակառակ նրա պնդմանը, «Տավուշ» հայրենակցական միության հերթական համագումարն անցավ գործնական ու իրատեսական մթնոլորտում։ Այն սթափ ու հանգամանորեն քննարկեց նախկին Տավուշի շրջանում հատկապես վերջին ժամանակներս ստեղծված սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ու բնապահպանական մտահոգիչ իրավիճակը՝ մատնանշելով դրա բարելավման առաջնահերթ քայլերը եւ միության անելիքները։ Բնութագրական է, որ մի քանի օր անց համահունչ քայլեր մատնանշեց նաեւ շրջան այցելած հանրապետության նախագահը։ Հետեւաբար, համագումարում «որեւէ լուրջ հարց» չառաջադրվելու մասին պատգամավորի պնդումն անհիմն է։ Ըստ Գագիկ Մելիքյանի, միայն ինքը կապ ունի Տավուշի հետ, եւ համագումարում հիմնականում ելույթ ունեցան մարդիկ, որոնք տարին մեկ են իրենց ծնողներին զանգում կամ այցելում եւ ընդհանրապես գաղափար չունեն շրջանի սոցիալ-տնտեսական վիճակից։ Մի կողմ թողնելով այն, որ տարրական բարեկրթությանն անհարիր է հանիրավի ուրիշին որդիական սիրո պակասի մեջ մեղադրելը եւ այն, որ համագումարի քննարկած բուն նյութի շուրջ հանդես եկածներից միայն Վլադիմիր Մովսիսյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Սերգեյ Մելքումյանը չեն շրջանի ծնունդ, բայց, ինչպես երեւաց նրանց ելույթներից, պատգամավորից լավ են պատկերացնում Տավուշի առջեւ ծառացած հիմնախնդիրները, նշենք հետեւյալը։ Եթե շրջանի հետ բազմամյա տարաբնույթ եւ երկկողմանի գործնական ու արդյունաշատ համագործակցությունը նրա հետ կապ չունենալ է, ապա որն է այն։ Արդյո՞ք պատահական է, որ շրջանի բնակչությունն իր հույսերը կապում Է ոչ թե պատգամավոր Գագիկ Մելիքյանի, այլ մեր միության հետ։ Եվ ապա, եթե Գագիկ Մելիքյանին թվում է, թե մենք շրջանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ընդհանրապես գաղափար չունենք, ապա նա կրկին խորապես սխալվում է։ Բանն այն է, որ շրջանի ներկա իրավիճակը վերլուծելիս, մեր ելույթներում ազգային անվտանգության նկատառումներով հնարավորինս խուսափեցինք մեզ իրենից քաջ հայտնի վիճակագրական տվյալներ ու կոնկրետ փաստեր վկայակոչելուց, շեշտը դնելով դրանից դուրս գալու ուղիների վրա։ Ճիշտ կլիներ, եթե մեզ հետեւեր նաեւ ինքը եւ ոչ թե իր ելույթը վերածեր, պատգամավորների միահամուռ բնորոշմամբ, նախընտրական ճառի։ Ի տարբերություն ժողովրդի ընտրյալի, գտնում ենք, որ Տավուշին ծառայելը ոչ թե նրա վիճակի գունազարդումը, միայն իրեն հայտնի իր արած բարի գործերի ինքնագովազդն ու շրջանում կադրային բոլոր հարցերը միանձնյա շահախնդիր տնօրինելն է, այլ Տավուշի ներքին գործերին չխառնվելով, նրա հոգսերով ու հաջողություններով ապրելը եւ հնարավորությունների սահմաններում կամավոր ու անշահախնդիր օգնելը։ Ինչ վերաբերում Է վերջին երեք տարում (այսինքն իր պատգամավորության ընթացքում) շրջանում արվածի մասին համագումարում չհիշատակվելու առթիվ Գագիկ Մելիքյանի դժգոհությանը, ապա այն եւս տեղին չէ։ Պատճառն այն է, որ դրա մեծ մասը հիշատակվեց իր կատարած աշխատանքի մասին համագումարին միության նախագահության տված հաշվետվության մեջ։ Գագիկ Մելիքյանի կողմից «չաշխատող» եւ «դատարկախոս» հորջորջվածներս Տավուշի համար ավելի շատ աշխատող եւ նրա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմամբ խիստ մտահոգ պատգամավորին տալիս ենք հետեւյալ հարցերը. ա) եթե, իրոք, դա այդպես է, ապա ինչո՞վ բացատրել, որ նրան, գոնե իբրեւ պատգամավորի, չի հետաքրքրում Այգեպարի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանի ճակատագիրը, որի չաշխատելու հետեւանքով հարյուրավոր մարդիկ դատապարտվել են կիսաքաղց գոյության, բ) ովքե՞ր են այդ ավերակված գործարանի այժմյան, իր իսկ խոսքերով ասած՝ ներկա տնտեսական պայմաններում աշխատելու անընդունակ տերերը, գ) ինչո՞ւ է նա Մասիսում ծխախոտի հումքի հանձնման դժվարությունների հետ կապված Յուրա Խալաթյանի՝ գործի շահերից ելնող միտքը խեղաթյուրել, իսկ «Գրանտ Տոբակոյի» մենաշնորհի հետեւանքով շրջանում ծխախոտագործության չզարգանալու մասին ավելի քան 200 մարդու ներկայությամբ իր ասածը վերագրել նրան։ Վերջում, ունենալով բոլոր հիմքերը, հարգարժան պատգամավորին հայտնում ենք, որ նրան նախանձելու ոչ միայն պատճառը, այլեւ առիթը չունենք։ ՀԱՅԿ ՄԱԿԱՐՅԱՆ, ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱԶ ՎԱՆԵՍՅԱՆ