Փոթորիկ մեկ բաժակ ջրում Ըստ ամենայնի, ԳիԱրՔՄի հայտարարությունը՝ Արտաշես Գեղամյանի «հակաճգնաժամային» ծրագիրը պաշտպանելու վերաբերյալ, «16»-ի միավորման ներսում տարաբնույթ մեկնաբանությունների եւ դժգոհության առիթ է դարձել: Դրանով, թերեւս, կարելի է բացատրել ԳիԱրՔՄի նախագահ Ալեքսանդր Աղամալյանի պարզաբանումները՝ այդ կազմակերպության, նաեւ վերջինիս անդամ Աղասի Արշակյանի՝ «Ազգային միաբանության» համագումարում արած հայտարարությունների առնչությամբ: «Իսկապես ԳիԱրՔՄի-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մենք դրական կարծիք են հայտնել ոչ թե Ա.Գեղամյանի, այլ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացրած ծրագրի մասին: Մենք քաջ գիտակցում ենք, որ դա ոչ թե մեկ մարդու, այլ՝ մասնագետների մեծ խմբի աշխատանքի արդյունք է: Սակայն հատկապես այդ կուսակցության համագումարից հետո, որտեղ ԳիԱրՔՄի անունից հանդես եկավ Ա.Արշակյանը, ընդ որում՝ խոսելով հենց այդ դիրքերից, չգիտես ինչու, գրեթե բոլոր ԶԼՄ-ները միանշանակ կարծիք հայտնեցին, թե մենք պաշտպանում ենք Արտաշես Գեղամյանի ոչ միայն ծրագիրը, այլեւ՝ նախագահի նրա թեկնածությունը: Մինչդեռ ո՛չ կուսակցության, ո՛չ Ա.Արշակյանի ելույթը նման որեւէ միտք չէր պարունակում եւ չէր կարող պարունակել, որովհետեւ նման որոշում կուսակցությունը, նրա խորհուրդը այս պահի դրությամբ չեն ընդունել: Փոխարենը հայտարարել ենք, որ անհրաժեշտ լրացումներից, մշակումից հետո ներկայացված ծրագիրը կարող է հավակնել միասնական փաստաթուղթ դառնալու: Այսինքն, նույնիսկ ծրագրի ընդունման մասին միանշանակ պնդում չկա, ուր մնաց՝ անձի»,- հայտարարեց Ալ.Աղամալյանը: Արդյո՞ք այդ հայտարարության «թյուըմբռնումը» ձեռնտու չէ նաեւ Ա.Գեղամյանին: «Չեմ կիսում այդ կարծիքը: Այսօր թեկուզ դա ձեռնտու է Գեղամյանին, բայց նրան ձեռնտու չէ, որ այդ հարցի շուրջ աղավաղված տեղեկություններ տարածվեն կամ նրա անվան շուրջ խլրտումներ լինեն»: ԳիԱրՔՄի նախագահը նկատեց նաեւ, թե «նույն ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնք ուզում են քաղաքական խաղեր խաղալ, մաքսիմալ դիվիդենտներ շահել եւ այդ տեսանկյունից, նրանց, ինչ-որ տեղ, գուցե նեղում են բլոկային պարտավորությունները»,- խոստովանեց պրն Աղամալյանը: Ըստ նրա, այդ իմաստով շատ հարմար է ասել, թե ԳիԱրՔՄի-ն արդեն խախտել է բլոկային պարտավորությունները՝ ինչպիսին է քաղաքական որոշումները համատեղ ընդունելու պայմանը (իսկ նախագահի որեւէ թեկնածուի սատարելը հենց քաղաքական խնդիր է), «կուսակցությանը դարձնել քավության նոխազ՝ սեփական գործողություններում ավելի ազատ լինելու համար»: «Նորից եմ պնդում, որ ԳիԱրՔՄի-ն բլոկային որեւէ պարտավորություն չի խախտել եւ որոշում չի կայացրել Ա.Գեղամյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում պաշտպանելու մասին»,- հայտարարեց կուսակցության նախագահը: Վերջինիս հիշյալ պարզաբանումն, ի դեպ, կարող է դժգոհություն առաջացնել այս անգամ «Ազգային միաբանությունում»: «ԳիԱրՔՄի-ի լեյտմոտիվը միշտ եղել է սպիտակին՝ սպիտակ, սեւին՝ սեւ ասելը, եւ դրա համար է, որ այսօր մենք ո՛չ պաշտոն ունենք, ո՛չ գրասենյակ: Փոխարենը տարբեր կողմերից միշտ հարվածներ ենք ստացել: Մեր կարծիքն արտահայտելու շարժառիթն այն էր, որ հրապարակ էր իջեցվել քաղաքական փաստաթուղթ, որը մեծամասնությունը չէր ընթերցում: Ընթերցում են նախաբանը, կամ նայում, թե դա որ կուսակցության ներկայացրածն է, տեսնում են, որ դա Գեղամյանի ծրագիրն է՝ միանգամից սկսում են փնովել: Դա անում էին իշխանական եւ ոչ իշխանական ուժերը, բոլոր նրանք, ում դա հարմար չէր: Դա մեզ վրդովեց, որովհետեւ կարդալով այդ ծրագիրը՝ տեսանք, որ այն ընդհանուր առմամբ դրական փաստաթուղթ է, ասպարեզում եղած միակ լուրջ հակաճգնաժամային ծրագիրը, որի հատկապես տնտեսական բլոկը պարունակում է այն հիմնական դրույթները, որոնց շուրջ կարելի է քննարկումներ ծավալել: Եթե մյուս ուժերը եւս ծրագիր ներկայացնեն, մենք պատրաստակամ ենք քննարկել նաեւ դրանք»: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ