Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ԱՄԲԻՈՆԸ ԴԱՐՁՅԱ՞Լ ԿԳՐԱՎՎԻ

Հոկտեմբեր 09,2002 00:00

ԱԺ ԱՄԲԻՈՆԸ ԴԱՐՁՅԱ՞Լ ԿԳՐԱՎՎԻ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը զբաղվում է հիմնականում ներկուսակցական հարցերով՝ համակարգում է սկզբնական կազմակերպությունների, նախընտրական շտաբների, վստահված անձանց հետ աշխատանքը: Այնուամենայնիվ, նրա հետ զրույցն ընթացավ ոչ միայն այդ հարցերի շուրջ: -Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւերում մեր երկիրը փաստացի ճանաչվեց օկուպանտ՝ օգտագործվեց «օկուպացված տարածքներ» բնորոշումը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունը: – Գնահատականն ակնհայտորեն միակն է՝ սա, դժբախտաբար, մեր արտաքին քաղաքականության պարտությունն է: Սրա հիմքերը դրվեցին այն ժամանակ, երբ Հայաստանը դարձավ ղարաբաղյան հակամարտության կողմ, եւ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Այս պարտության արմատը նաեւ մեր վարած կոմպլեմենտար քաղաքականությունն է: Առնվազն մեծամտություն են մեր փորձերը՝ կոմպլեմենտարություն անել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Կարող ենք կոպլեմենտարություն անել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Արտաքին քաղաքականության մեջ պիտի լինենք իրատես ու մի քիչ համեստ: – Խոսենք ընդդիմության պարտություններից. ամեն հանրահավաքում հայտարարում էիք, թե հասնելու եք Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին եւ արտահերթ նախագահական ընտրությունների: Փետրվարին կլինեն հերթական ընտրությունները: Սա ապացո՞ւյց չէ, որ ընդդիմությունն իր առջեւ ակնհայտ անիրագործելի նպատակներ է դնում՝ անխուսափելի ձախողմամբ վհատեցնելով իր կողմնակիցներին: – Քաղաքականության մեջ չկան խնդիրներ, որոնց մասին կարող ես լիակատար վստահությամբ ասել, թե անլուծելի եւ անիրագործելի են: Այդ առումով՝ ես էլի հետ չեմ կանգնում մեր հռչակած նպատակներից: Եվ պիտի հիշեցնեմ, որ ընդդիմությունն ընդհանրապես ներկայացնում է ժողովրդի պահանջները: Ժողովուրդն այսօր էլ ցանկություն ունի օր առաջ ազատվել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից: Այդ պահանջը պիտի արտահայտվի քաղաքական կուսակցությունների կողմից, եւ խնդիրը մնա ուժի մեջ՝ մինչեւ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ էլ: Բացարձա՛կ միանշանակ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ընտրություններին: Բացարձա՛կ միանշանակ չէ, որ նա կհասնի այդ օրվան՝ ինչեր ասես կարող են լինել, սկսած Ազգային ժողովում զարգացումներից: Ո՞վ է ասում, որ պաշտոնանկության նախաձեռնությունը դուրս է եկել օրակարգից, ո՞վ է ասում, որ ամբիոնը նորից չի գրավվելու, ո՞վ է ասում, որ երբ վերանա արձակման վտանգը, ընտրությունների շեմին պատգամավորները չեն դիմի ժողովրդահաճո քայլերի, ո՞վ է ասում, որ մենք չենք աջակցելու նրանց: – Երբ խոսում եք Քոչարյանի հեռացման վերաբերյալ ժողովրդի պահանջի մասին, անտեսո՞ւմ եք Ձեր իսկ կուսակցության պատվիրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահի այլ թեկնածուների համեմատությամբ ամենաբարձր վարկանիշն ունի Ռոբերտ Քոչարյանը: – Բացարձակապե՛ս չեմ անտեսում: Բայց եթե գործող նախագահն իր իշխանության օրոք 30%-ից պակաս ձայներ ունի, ըստ քաղաքագիտական հստակ սահմանումների՝ սա վստահության ճգնաժամ է, այսինքն ՝ երկրում լեգիտիմության պակաս կա: Նաեւ նշեմ, որ հակված եմ նրան, թե Ռոբերտ Քոչարյանի ձայներն ավելի քիչ են, քան ներկայացվում է: Այնքան էլ այդպես չէ, թե սոցիոլոգիական հետազոտությունները ներկայացնում են իրական վիճակը: Ասենք. 1998-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ սոցիոլոգիական հարցումներ էին կատարվել, Վազգեն Սարգսյանը զբաղեցրել էր 11-րդ տեղը (որքան մեզ հայտնի է՝ այդ հետազոտությունը եւս իրականացրել էր Նաիրի Բադալյանն իր «Լոգոս» կենտրոնով.- Ա. Ի.): Իսկ այդ շրջանում, բոլորդ հիշում եք, թե որքան մեծ էր Վազգեն Սարգսյանի ե՛ւ ազդեցությունը, ե՛ւ վարկանիշը: Բայց ըստ այդ հարցման, նա հետ էր անգամ Պարույր Հայրիկյանից, էլ չեմ խոսում Ռոբերտ Քոչարյանի մասին: – Ձեր կանխատեսմամբ, եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակցի նախագահական ընտրություններին, չի՞ վերընտրվի: Եվ եթե ոչ՝ ի՞նչը պիտի խանգարի նրան, ի՞նչ չունի՝ ուժային մարմինների աջակցությո՞ւն, փո՞ղ, վարչական ներո՞ւժ: – Ինձ համար ակնհայտ է եւ կասկած չունեմ, որ եթե Քոչարյանը հասնի ընտրություններին՝ չի վերընտրվելու: Համոզվածությանս հիմքը հանդիպումներն են. նա չունի ժողովրդի աջակցությունը, խորին հակակրանք կա այս իշխանության նկատմամբ: Ներկուսակցական հարցերով ես եմ շփվում սկզբնական կազմակերպությունների հետ: 4-5 օր առաջ եմ այցելել Գորիս, Կապան, Սիսիան, Վայք: Հստա՛կ երեւում է, որ ակնհայտ վախեցած են տեղական իշխանություններից: Ցանկացած հանդիպման մասնակցում են նաեւ ոստիկանները, որոնք հաշվառում են, թե ովքեր եկան լսելու Արամ Սարգսյանին եւ այլն: Եվ այդ վախեցածությունը մարդկանց մեջ՝ իշխանությունների հանդեպ կուտակում է լրացուցիչ չարություն: Պիտի ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էլ են սոսկալի լարել իրավիճակը: Իշխանական «դաբրոները», նրանց դրածոների լկտի կեցվածքը տեղերում ակնհայտորեն շրջվում է իրենց դեմ: Ինձ համար միանշանակ է. արդար ընտրությունների դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի չունի վերընտրվելու հնարավորություն: Թեեւ հեռուստաընկերությունները՝ «Ընտրական օրենսգիրքը» մի կողմ դրած, արդեն այժմ են սկսել նրա քարոզչությունը, բայց նա կարող է փորձել ընտրվել միայն խախտումների միջոցով, թվերը փոփոխելով: Սակայն կան բոլոր մեխանիզմները՝ թույլ չտալու, որ տեղի ունենա նման բան: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Արամ Սարգսյանը որոշակի մանրամասներ բացահայտեց, թե ընտրակեղծիքների դեմ հակազդման ինչ միջոցներ են նախատեսել: Այդ մասին՝ մեր առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել