Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒԾԵԼԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Հոկտեմբեր 09,2002 00:00

ԼՈՒԾԵԼԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ Հարցազրույց «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ – Օրերս ռուսական «Ռոսիա» հեռուստաընկերությունը ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում անդրադարձավ նաեւ Ջավախքում ռուսական զորքերի դուրսբերման շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, թե ջավախահայերն ինքնավարություն են պահանջում, նաեւ համոզված են, թե ռուսական բազայի դուրսբերումը կհանգեցնի նոր «Ղարաբաղի»: Որ այդ տարածաշրջանում Ռուսաստանը, գոնե այսօր, շահագրգիռ է եւ իրավիճակի հավելյալ լարում է սադրում, թերեւս, պարզ է: Արդյո՞ք Ջավախքում իրավիճակն այնպիսին է, ինչպես ներկայացվում է: – Ջավախքում իրավիճակն այնքան սրված չէ, որ պայթունավտանգ լինի: Բայց մի քանի ամիս առաջ եղած իրավիճակի համեմատ, այնուամենայնիվ, որոշակի լարվածություն կա, որն առաջացավ ռուսական բազան Ջավախքից հանելու դեմ տեղի ունեցած հանրահավաքի ենթատեքստում: Դա ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, ովքեր անմիջապես աշխատում են այդ ռազմաբազաներում, եւ նրանց համար դա սոցիալական՝ աշխատանք կորցնելու խնդիր է: Կա նաեւ հոգեբանական գործոն, որի հետ կարող ենք համաձայնել կամ ոչ, բայց կան մարդիկ, ովքեր Ռուսական բանակի առկայությունը Ջավախքում համարում են ապահովության երաշխիք: Բացի այդ, այնտեղ բազմաթիվ բնույթի կուտակված հարցեր կան, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, ազգային-մշակութային, նաեւ՝ տեղական կառավարմանն ու Հայաստանի հետ կապերին առնչվող, որոնք քննարկեցինք Հայաստան ժամանած վրաց նահանգապետի հետ: Բայց մենք շահագրգիռ ենք տարածաշրջանի կայունությամբ, կարեւորում ենք Վրաստանի ուժեղ լինելու հանգամանքը: – Ուզում եք արդարացնե՞լ բազայի շուրջ ստեղծված վիճակը: – Ես, բնականաբար, չեմ կարծում, որ եթե Ռուսական բանակը չլինի Թուրքիան վաղը մտնելու է Ջավախք, եւ համարում եմ, որ դա ռուս-վրացական հարաբերություններին առնչվող խնդիր է: – Ի վերջո, դա Վրաստանի պետության խնդիրն է: Արդյո՞ք Ջավախքում հնչող հարցադրումները սահմանափակվում են միայն ռուսական բազայի դուրսբերմամբ, թե՞ ինքնավարություն ստանալու պահանջն էլ առանցքային է: – Կան քաղաքական շրջանակներ, որոնք այդ հարցը դնում են: Ընդ որում, նրանց մի մասը՝ որպես Վրաստանի քաղաքացի, դա ճիշտ լուծում է համարում, մյուսները դա պահանջում են իբրեւ սոցիալ-տնտեսական հարցերի լուծված չլինելուն հակակշիռ: Իրականում բարձրացված բոլոր խնդիրները լուծելի են եւ վրաց իշխանություններից առանձնակի ջանքեր ու ֆինանսական ռեսուրսներ չեն պահանջում: Հարցադրումն այնտեղ ավելի շուտ ուղղված է տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացմանը, քան ինքնավարությանը: Մյուս կողմից՝ այն հարցադրումները, որոնք կարող էին նորմալ ընկալվել Քութայիսում բարձրացված լինելու դեպքում, սուր հակազդեցության են արժանանում Ջավախքի պարագայում: Դրանում մեղքի բաժինն ունեն նաեւ վրացական ԶԼՄ-ները, որոնք այդ պահանջները շտապում են սեպարատիզմ որակել: Իհարկե, վրացիների տեսանկյունից դա էլ է հասկանալի, որովհետեւ նրանք համարում են, որ իրենց դժբախտությունները գալիս են հենց ինքնավարություններից: Ինքս էլ համարում եմ, որ Ջավախքում տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացման խնդիր, իրոք, կա, բայց վիճակն այդպիսին է ողջ Վրաստանում. օրենքներն են այդպիսին: – Մտավախություն չկա՞, որ արտաքին ազդեցություններին տուրք տալու դեպքում ջավախահայերը կարող են ընկալվել իբրեւ անվստահելի, ապակայունացնող «տարրեր», ինչպես անցյալ դարասկզբին Թուրքիայում էր՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ: – Համաձայն եմ: Հայաստանի դերն էլ հենց այն պետք է լինի, որ փորձի հավասարակշռել իրավիճակը՝ համագործակցելով վրաց իշխանությունների հետ: Որ Վրաստանի հետ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա՝ միանշանակ է: Ցավոք, այսօր Վրաստան-Հայաստան տնտեսական ինտեգրացիան բավարար մակարդակի վրա չէ, թեեւ կարող էր լինել եւ ավելի դյուրին դարձնել Ջավախքում բարձրացված հարցերի լուծումը՝ դրանց այսպիսի սրություն չհաղորդելու համար: – Իսկ Ռուսաստանին դա ձեռնտո՞ւ է, եթե հաշվի առնենք ներկա իրողությունները: Չէ՞ որ վերջինս Ջավախքում առկա խնդիրներն օգտագործում է Վրաստանի հետ իր հարաբերությունները «պարզելու» համար՝ սպառնալով այդ երկրում նոր ճակատ բացել: Արդյո՞ք նա շահագրգիռ չէ, որ Վրաստանում անկայունության օջախները շատ լինեն: – Ռուսաստանին ձեռնտու չէ Վրաստանը քանդել: Ըստ իս, նա ուզում է ոչ թե անկայունության օջախներ ստեղծել Վրաստանում, այլ՝ այնտեղ ապահովել իր ներկայությունը: – Ջավախահայերի միջոցո՞վ: – Ռուսաստանը կարող էր Վրաստանում ապահովել նաեւ իր տնտեսական ներկայությունը, ինչը նրան կարող է ավելի ձեռնտու լինել, քան Ջավախքում բազայի ներկայությունը: Ի վերջո, ջավախահայությունը հո դուրս չի՞ գալու վրացիների հետ պատերազմի: Դա անհեթեթ է: Բայց ջավախահայերն էլ հո կրակը չե՞ն ընկել. եթե կան հիմնախնդիրներ՝ չբարձրացնեն, որ հանկարծ դա սխալ չընկալվի՞: Ընդ որում, Վրաստանի իշխանությունները շատ դեպքերում դրանց նորմալ են վերաբերվում, բայց կան որոշակի ուժեր, ԶԼՄ-ներ, որոնք արհեստականորեն շիկացնում են վիճակը: Մենք Վրաստանի իշխանությունների հետ վատ ենք աշխատում, բայց նույնիսկ այդ մակարդակներում շատ քիչ հարցեր կարող են լուծվել, եթե դրանում շահագրգիռ չլինեն նաեւ քաղաքական ուժերն ու ԶԼՄ-ները: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել