Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԵԴ նախագահի ճեպազրույցը

Հոկտեմբեր 08,2002 00:00

ԵԴ նախագահի ճեպազրույցը «Մարդու իրավունքների պաշտպանությունը սահմանադրական դատարանում» թեմայով երեւանյան միջազգային 7-րդ սեմինարի առիթով Հայաստանում գտնվող Եվրոդատարանի նախագահ Լյուսիոս Վայլդհաբերը հոկտեմբերի 5-ին ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Քանի որ հոկտեմբերի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանում նա արդեն առիթ ունեցել էր հանդիպելու լրագրողների հետ, հետեւաբար ձեռնպահ մնաց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մասին մանրամասներ հաղորդելուց: Միայն շեշտեց, որ ազգային դատական մարմինների նկատմամբ Եվրոպական դատարանը օժանդակ մարմին է եւ նրա վճիռները կախված են ներպետական իրավական չափանիշներից: Եվրոդատարան դիմում են միայն որպես վերջին ատյանի: Միայն 2001 թվականին ստացվել է 32000 գործ, որոնցից ընդդատյա են համարվել միայն 14000-ը: Եվրոպական դատարանն ամենամեծն է, որին անդամագրված է 44 երկիր: Յուրաքանչյուր երկիր դատարանում ունի իր դատավոր ներկայացուցիչը: Առայժմ ներկայացուցիչներ չեն ուղարկել Հայաստանը, Ադրբեջանը եւ Բոսնիա-Հերցեգովինան: Լրագրողներից մեկի այն հարցին, թե տվյալ երկիրն ի՞նչ սկզբունքներով է ներկայացնում իր թեկնածուներին, պարոն Վայլդհաբերը հակադարձեց. – Դա ես պիտի ձեզ հարցնեմ. ձեր կառավարությունը պետք է հնարավորինս շուտ ներկայացնի առաջադրված երեք թեկնածուներին: Կարեւոր է, որ առաջադրվեն լավագույնները: Թեկնածուների ցուցակը նախ ներկայացվում է Եվրախորհրդարան, ապա Խորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովը հարցազրույցի միջոցով կատարում է իր ընտրությունը, որից հետո լիագումար նիստում, որը կայանում է տարեկան 4 անգամ, ներկայացված թեկնածուներից կատարվում է ընտրություն: – Հայաստանում Դուք հասցրի՞ք հանդիպել իրավապաշտպան մարմիններին: Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը Հայաստանում: – Մեր դատարանն արտաքին հարաբերությունների բաժին չունի, ուստի իրավապաշտպան մարմինների հետ հանդիպումներ տեղի չեն ունենում: Յուրաքանչյուր երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի մասին պատկերացում ենք կազմում մեզ մոտ եկող գործերի միջոցով միայն: Բայց այս այցին զուտ ճանաչողական առումով ես առիթ ունեցա այցելել վճռաբեկ դատարան, համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, ու մեկժամյա դասախոսություն կարդացի ուսանողների համար: ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել