Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հազար-հազար մագիստրոս

Հոկտեմբեր 08,2002 00:00

Հազար-հազար մագիստրոս Հայաստանի Ամերիկյան համալսարանը մինչ օրս «թողարկել» է ոչ ավել, ոչ պակաս՝ քան ուղիղ 1000 մագիստրոս։ Մագիստրոսների վերջին հարյուրյակն իր կոչումն ու դիպլոմը ստացավ անցյալ կիրակի, ավարտական արարողության ժամանակ։ Առաջին անգամ ներկա գտնվողի համար ամեն ինչ անսովոր էր ու հետաքրքիր. քառանկյուն գլխարկներն ու բազմագույն շարֆերը, որոնցով զուգված էր նաեւ դասախոսական կազմը, արարողակարգի հանդիսավորությունն ու լրջությունը, որը խիստ տարբերվում էր բուն հայկական բուհերի անշուք ավարտականներից (շատ հաճախ ոչինչ էլ չի կազմակերպվում)։ Իսկ վերջում, երբ բոլոր նորաթուխ մագիստրոսներն օդ են նետում գլխարկները, ոչնչով չչափվող հրճվանք է եւ ուրախություն։ Այսքանը, որպես տպավորություն։ Հանդիսությունը սկսվեց շքերթով, հետո հնչեցին նախ ՀՀ, ապա ԱՄՆ պետական օրհներգերը։ Ի դեպ, մեր օրհներգի ժամանակ բեմում կանգնած ՀՀ քաղաքացիներից (օրինակ՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից) ոչ մեկի դեմքին ոչինչ չարտահայտվեց (ասենք՝ հպարտություն), իսկ ԱՄՆ-ի «Աստղազարդ դրոշ» օրհներգն ուղղակի «խուճապի» մեջ գցեց դասախոսական կազմի ամերիկահպատակներին. նրանք միանգամից ձգվեցին եւ ձեռքները սրտներին դրած՝ ծայրից ծայր երգեցին հիմնը։ Գուցե եւ ձեւական բան է, բայց եւ՝ հայրենիքի հանդեպ հարգանքի ու սիրո դրսեւորում, որից զուրկ ենք՝ շարքային քաղաքացուց մինչեւ նախագահ։ Իր շնորհավորանքի մեջ Լեւոն Մկրտչյանը, Հայաստանում գործող միջազգային համալսարանների շարքում առանձնահատուկ տեղ տվեց Ամերիկյանին՝ «Հայաստանին ազնիվ, բարձրորակ եւ բարձր քաղաքացիական գիտակցությամբ մասնագետներ պատրաստելու համար»։ Ի՞նչ հնարավորություն ու հեռանկար է բացվում «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով աշխատանքի վերցնելու հին հիվանդությամբ տառապող Հայաստանում այս երիտասարդների համար։ Պատուրյան Եվգենյա (քաղաքագիտության մագիստրոս)- Օ՛յ, բազմաթիվ հեռանկարներ, արդեն մի քանի ծրագրերում շանսեր ունեմ աշխատելու եւ պատրաստվում եմ դիմել, վստահ եմ, որ նույնիսկ դոկտորական կոչումի համար կշարունակեմ ուսումս կամ այստեղ, կամ արտերկրում։ Իսահակյան Վահե (քաղաքագիտության մագիստրոս)- Նախորդ տարիների շրջանավարտների օրինակով մտածում եմ, որ կգտնեմ կարգին աշխատանք, որովհետեւ գիտելիքներ ունեցող եւ ունակ մասնագետները շատ ավելի մեծ հավանականություն ունեն գտնելու, քան ծանոթներով։ Ավետիսյան Լիլիթ (անգլերենի դասավանդող)- Ես արդեն աշխատում եմ համալսարանում, ասեմ միայն, որ մյուս բուհերի համեմատությամբ այստեղ ուղղակի գնահատվում է ամեն րոպեն՝ մի նոր բան սովորելու, յուրացնելու առումով։ Զրուցեցինք նաեւ համալսարանի նախագահ դոկտոր Հարություն Արմենյանի հետ. «Այս տարվա շրջանավարտները մի քիչ ավելի երիտասարդ են, գնալով ավելի լավ պատրաստված (անգլերենից) դիմորդներ ենք ունենում։ Մեր շրջանավարտների մասին վիճակագրություն ունենք, եւ ես հպարտ եմ ասելու, որ նրանց 80 տոկոսը այժմ Հայաստանի մեջ է, մնացածն ուսանում են կամ աշխատում արտերկրում։ Վերջին տարիներին գնացածներից 40 երիտասարդներ վերադարձել եւ աշխատում են։ Դա կնշանակի, որ այս երկրի մեջ արտագաղթը զուտ տնտեսական բնույթ ունի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել