Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ժողովրդական վերահսկողը մեղադրում է

Հոկտեմբեր 08,2002 00:00

Ժողովրդական վերահսկողը մեղադրում է Պարզվում է «դեպուտատ աշխատելը» այնքան էլ հեշտ գործ չէ «Թեժ» աշնան հետ մեկնարկել է Ազգային ժողովի նստաշրջանը, սովորական դարձած իր «ռազբիրատներով», հայհոյախոսությամբ, որոնք նույնիսկ երբեմն վեր են ածվում ձեռնամարտի։ Աշխատելով այսպիսի «ասոբո վրեդնի» պայմաններում, ոչ նիստային օրերին եթե որոշ պատգամավորներ ակտիվ հանգստանում են, ապա ոմանք էլ այցելում են ընտրատարածք՝ իրենց ժողովրդի «քեֆն ու հալը» հարցնելու։ Վերջիններիս թվին է պատկանում ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, որին Տավուշի մարզի Բերդի տարածքի իր աշխատասենյակում հանդիպեցինք՝ օրախնդիր մի հարցի պարզաբանման ակնկալիքով։ Անսպասելի ներս խուժեց տեղի բնակիչ, 77-ամյա Խաչիկ Խաչատրյանը եւ դիմեց պատգամավորին։ Ինչպես պարզվեց, դա այցելուի վերջին դիմում-բողոքն էր։ Առաջինը գրել էր 1998-ի օգոստոսի 8-ին, այն չարաբաստիկ օրը, երբ հարեւան Պավել Ներսիսյանը սղոցով կտրել էր իր այգում հայտնված նրա «խնձորի ծառի ճյուղը՝ 36 սմ երկարությամբ»։ Այդ օրվանից էլ սկսվել է յուրօրինակ «մի կաթիլ մեղրի» պատմությունը։ Խաչատուր պապը պնդում է, որ այդ ճյուղի վրա եղել է չհասունացած, «Դեմիրճյան» տեսակի 400 կգ խնձոր, ուստի պահանջում է, որ Պավել Ներսիսյանը փոխհատուցի վնասը։ Ինչպես տեղեկացրեց դատախազության 40 տարվա աշխատակցուհին, վերջինիս կողմից գրված բողոք-դիմումները երկու թղթապանակ են զբաղեցնում։ Պապը հասել է նրան, որ միայն 4 անգամ դատարանում լսվել է այս հարցը եւ քանի որ վճիռը չի գոհացրել նրան, նորից է սկսել բողոքել վերադաս տարբեր ատյանների։ Տարիներն անցնում են, իսկ ծերունին ոչ միայն չի հոգնել բողոքելուց, այլեւ հերթական գրության մեջ ավելացրել է խնձորի քանակությունը եւս 400 կգ-ով, պատճառաբանելով, որ եթե ճյուղը չկտրվեր, այդքան բերք ավելի կհավաքեր։ Չմոռանանք նշել, որ Խաչիկ Խաչատրյանը «կոմունիստների օրոք» ժողովրդական վերահսկողության արտահաստիքային տեսուչ է աշխատել եւ բարեխիղճ, լավ աշխատանքի համար նույնիսկ պարգեւներ է ստացել։ Ի դեպ, նրա «հանցագործ» հարեւանը վաղուց ընտանիքով արտագաղթել է Մոսկվա, գլուխն ազատել ու ցավի մեջ թողել անմեղ վերադասներին։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել