Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 08,2002 00:00

ԴԱՏԱՐԱՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու հրապարակում գտնվող 30 քմ տարածքով թիվ 20 կրպակը 1983թ.-ից ծառայել է թե՛ Աշտարակի ոստիկաններին եւ թե՛ քաղաքացի Ռաֆիկ Հովսեփյանին: Ցերեկը կրպակը ապակեգործ Ռ. Հովսեփյանի աշխատավայրն էր, իսկ գիշերները՝ ոստիկանների պահակակետը: Տարիներ հետո միլիցիայի աշխատակից Արսենյանը օբյեկտը հանձնել է Ռաֆիկ Հովսեփյանին: Վերջինս անձնական միջոցներով այն վերանորոգելուց հետո, վարձով է տվել տարբեր հիմնարկների։ 1989թ. Ռ. Հովսեփյանին, որպես գեղարվեստական եւ գունավոր ապակիների վարպետ, հրավիրում են Միջին Ասիա՝ Ղրղըզստան: Մեկնելուց առաջ Ռ. Հովսեփյանը օբյեկտը հանձնում է փեսային՝ մինչեւ իր վերադարձը տնօրինելու պայմանով: Օրերից մի օր փեսայի դասընկերներ Հակոբ Ազատյանն ու Համիկ Աղումյանը առաջարկում են նրան կրպակը համատեղ առեւտրի օբյեկտ դարձնել: Այնուհետեւ Համիկ Աղումյանը, որը 1998թ. նշանակվել էր քաղաքապետի հավատարմատար, քաղաքապետ Աշոտ Ղալաչյանի եւ նրա մորաքրոջ տղա Գինիկի Արթուրի (Աղաբաբյան) միջոցով օբյեկտը ձեւակերպվում եւ հանձնվում է երրորդ անձի՝ իր մորեղբորորդի Գագիկ Սիմոնյանի կոոպերատիվին: Ռ. Հովսեփյանի կին Լիա Հովսեփյանի խոսքերով՝ տարիներ առաջ Համիկ Աղումյանը նման ճանապարհով սեփականացրել է եւս մի օբյեկտ՝ սրճարան, որը հետագայում վաճառել է: Վերադառնալով՝ Ռ. Հովսեփյանը մտադրվում է կրկին աշխատեցնել իր օբյեկտը: Սակայն Համիկ Աղումյանն ու Հակոբ Ազատյանը Ռ. Հովսեփյանին ասում են. «Ի՞նչ տարբերություն, մենք ենք աշխատեցնում, քեզ էլ փող տալիս»: Ռ. Հովսեփյանը 300 դոլար գումար է դնում ու նրանց հետ միասին 3-4 ամիս աշխատում: Ապակու կտրման կետը հետագայում դառնում է գրենական պիտույքների խանութ: Հենց այդ ժամանակ էլ Ռ. Հովսեփյանը տեղեկանում է, որ տարածքը 25 տարով վարձակալության է տրվել: 1994172ից Հովսեփյանները բազմաթիվ անգամ խանութը սեփականացնելու խնդրանքով դիմել են քաղաքապետարան, սակայն՝ ապարդյուն: 98թ. քաղաքապետ Ա. Ղալաչյանը նույն Ն. Աշտարակեցու հրապարակում քաղաքացիներից ոմանց երկու օբյեկտի համար տեղ է հատկացրել: Լիա Հովսեփյանը, առանց տեղյակ լինելու, որ իրենց կրպակն արդեն սեփականացված է, դիմում է քաղաքապետարան՝ պահանջելով բացատրել, թե ինչու՞ ուրիշներին թույլատրվում է նոր օբյեկտ կառուցել, իսկ իրենց կրպակը սեփականացնելու խնդրանքը մերժվում է: Բացատրությունը հետեւյալն էր. ճակատային մաս է, կարող է քանդման ենթակա լինել: Ամուսնու՝ քաղաքից դուրս գտնվելու ժամանակ Լիա Հովսեփյանը օբյեկտն աշխատեցնելու համար իր անունով է պատենտ հանել, սակայն դա չի խանգարել դատական գործ հարուցել Ռաֆիկ Հովսեփյանի դեմ: Գագիկ Մկրտչի Սիմոնյանը, որպես հայցվոր, դիմում է Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարան՝ Ռ. Հովսեփյանին իրեն պատկանող առեւտրի կրպակից ազատելու հայցով: Դատարանում Գագիկ Սիմոնյանը հայտարարել է, որ ոչ մի խանութ էլ չի եղել: Այդ տարածքում աղբակույտ էր եւ իբր ճարտարապետ Գագիկ Գուրջյանը կանչել է իրեն եւ առաջարկել անձնական միջոցներով աղբը հավաքել ու տարածքը օգտագործել: Այնուհետեւ ինքը պատվիրել է նախագիծ եւ այն քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ համաձայնեցնելուց հետո կառուցել առեւտրի կրպակ: Կոոպերատիվը շուրջ վեց տարի օգտագործելուց հետո փակել է՝ շահութաբեր չլինելու պատճառով: Հետո Ռ. Հովսեփյանը խնդրել է իրեն թույլատրել օգտագործել կրպակը: Շուրջ երկու տարի Ռ. Հովսեփյանը անվճար օգտագործել է իր կրպակը եւ այժմ հրաժարվում է ազատել: 2002թ. մայիսի 30-ին Արագածոտնի մարզի 1-ին ատյանի դատարանը բավարարում է Գագիկ Սիմոնյանի հայցը: Ռ. Հովսեփյանը չի կարողանում 15 օրվա ընթացքում վերաքննիչ բողոք ներկայացնել դատարան: Դատարանի վճիռը նա ստացել է 16 օր ուշացումով, հունիսի 15-ին՝ շաբաթ օրը: Հուլիսին Դատական ակտերի հարկադիր կատարման աշխատողները տասնյակ մարդկանց ներկայությամբ բռնի կերպով 69-ամյա Ռ. Հովսեփյանին եւ նրա 65-ամյա կնոջը դուրս են հանում կրպակից՝ պահանջելով ստորագրել կրպակից հրաժարվելու փաստաթուղթը: Այս ընթացքում նրանց նկատմամբ գործադրվել է բռնություններ, սակայն Ռ. Հովսեփյանը հրաժարվել է այդ փաստաթուղթը ստորագրել: ՎԱՐԴՈՒՀԻ ԶԱՔԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել