Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒԿՈՒՆԵՐԻ ԸՆԿԵՐԸ

Հոկտեմբեր 08,2002 00:00

ԿՈՒԿՈՒՆԵՐԻ ԸՆԿԵՐԸ «Ազգային միաբանության» համագումարին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանն այլ հրավիրյալների հետ միասին տեղ էին գրավել կառավարության նիստերի դահլիճի օթյակում: Այդ երկուսը նստած էին օթյակի ամենահեռավոր անկյունում, ուստի լրագրողները որեւէ կերպ չէին կարողանում որսալ, թե ինչպես էին նրանք արձագանքում Գեղամյանի ելույթում պարունակվող այս կամ այն պնդմանը: Ելույթից անմիջապես հետո, մինչ կհայտարարվեր նախագահական ընտրություններում Գեղամյանի թեկնածությունն առաջադրելու մասին, նրանք հեռացան եւ ինքնաբերաբար լուծվեց խնդիրը՝ մյուսների պես հոտնկայս կծափահարե՞ն, թե՞ չեն ծափահարի: Ի տարբերություն նրանց, ԳիԱրՔՄի-ի գործիչները՝ Ալեքսանդր Աղամալյանն ու Աղասի Արշակյանը, նստած էին նախագահությունում: Վերջինս անգամ ելույթ ունեցավ եւ պատասխանեց մի մեղադրանքի: «Ասում են, որ Քոչարյանի երբեմնի պաշտպանների զգալի մասն այսօրվա 16-ի կազմի մեջ է,- նշեց Աղասի Արշակյանը:- Այո՛, այդպես է: Բայց հարց տանք՝ ինչո՞ւ: Մեկից ուզում եմ պատասխանել. Է պարզ չի՞, որ դա Քոչարյանի խորամանկությունների, զանազան խարդավանքների եւ վարած կադրային քաղաքականության արդյունք է: Այո՛, բոլոր կարգին մարդիկ նրա կողքից վաղուց փախել են, որովհետեւ փոշմանել են, որովհետեւ տեսան, ասենք, օրինակ, Վաղարշակ Հարությունյանին հեռացնելուց հետո ինչպես մեկեն նա փչացրեց մի ամբողջ խումբ բարձրաստիճան սպաների՝ ստիպելով նրանց ստորագրել բամբասանքի եւ ստոր մատնության տակ: Ահա նրա աշխատանքի ձեւերից մեկը: Բյուր են նման օրինակները: Նրա կողքից փախան մարդիկ, որովհետեւ տեսան, որ սա ոչ թե ժողովրդի, այլ՝ միայն եւ միայն կլանի ընտրյալն է: Եկեք նայենք՝ արդյունքում ովքե՞ր են մնացել նրա կողքին եւ ովքե՞ր են նրա իրական պաշտպաններն այսօր: Առանձին էկրանների գունավոր ղեկավարներ, մի զույգ հակահիգիենիկ թերթեր, որ խորհուրդ չի տրվում նույնիսկ զուգարան վերցնել, մեկ հատ փաստաթղթով փսիխոպատ եւ մի քանի մկներ ու կռիսներ: Դրանք էլ, պարզ է, հարմար պահին կփախչեն նրա կողքից, ու դրանով կվերջանա: Նույնիսկ ՀՅԴ-ն, որ նրա քաղաքական հենարաններից էր, հիմա, կարծում եմ, այդպիսին չէ, որովհետեւ տեսավ, որ այս ընկերը ոչ թե իրենց, այլ կուկուների ընկերն է, որ Հայաստանի սեփականության հետ վարվում է այնպես, ինչպես… մոնղոլ-թաթարները չէին վարվել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել